...

Արժի, որ ԱԱԾ-ն զբաղվի նաև նախկին ԱԱԾ-ականով

Արժի, որ ԱԱԾ-ն զբաղվի նաև նախկին ԱԱԾ-ականով

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հեղափոխությունից հետո հակաիշխանական պրոֆիլի մամուլի ակումբների մշտական հյուրը դարձած Գուրգեն Եղիազարյանը որոշել է ապակոդավորել, ավելին` վերծանել Վիտալի Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարությունները «ոչնչացնելու» մասին:

«Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր»-ի հանդիպումը պատահական չէր: Այդ հանդիպմանը ստեղծվեց Սորոսի ռազմական թևը, իսկ որ երկրներում այդպիսի թև է ստեղծվել, այդ երկրները կործանվել են: «Սասնա ծռեր»-ում 3 հոգի կան, որոնք շատ վտանգավոր մարդիկ են:... Գարեգին Չուգասզյանը Հայաստանի Հանրապետության առաջին «սորոսականն» է, որը «Սասնա ծռեր»-ի փաստացի ղեկավարն է»: «Վիտալի Բալասանյանն ընդամենը դա է ակնարկել»,- հերթական ասուլիսում հայտարարել է Եղիազարյանը` ընդգծելով, որ Բալասանյանի հայտարարությունն ավելի քան կարևոր է Հայաստանի համար:

Թեև Եղիազարյանի այս «վերծանումը» աչքի է ընկնում զառանցախտի ընդգծված  ախտանշաններով, բայցևայնպես արժե, որ Բալասանյանից բացի ԱԱԾ-ն զբաղվի նաև իր նախկին աշխատակցով և բացատրություն պահանջի, թե մեր բոլորիս քթի տակ, այն էլ երկրի վարչապետի իմացությամբ այդ ինչ «ռազմական թևեր» կամ «ոտքեր» են են ստեղծվում, որոնք, փաստորեն, պոտենցիալ վտանգ են ներկայացնում ՀՀ-ի համար և որոնց մասին փորձել է զգուշացնել Վիտալի Բալասանյանը, և որը փորձել է վերծանել ինքը` «ծռերին» մի ժամանակ «բալետ անողը»: Տարօրինակ  է, որ Եղիազարյանը «վտանգավոր մարդիկ» է համարում այն կազմակերության անդամներին, որոնց մասին ոչ վաղ անցյալում  գորովալից տոնով,  ակնածանքով էր արտահայտվում, ընդհուպ` հերոսացնում:

Պարոն Եղիազարյանը հավանաբար այս խառնակ ժամանակներում մոռացկոտ է դարձել,  քանի որ իր ողջ մտավոր ռեսուրսը կենտրոնացրել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին իշխանության պաշտպանության ուղղությամբ: Մենք սիրով կհիշեցնենք այդ հայտարարություններից մի քանիսը: Օրինակ, երբ «Սասնա Ծռեր»-ը ՊՊԾ  գնդի գրավումից օրեր անց հանձնվեցին իշխանությանը, կայքերից մեկի հետ զրույցում Եղիազարյանը ահա թե ինչ էր ասել.  «Այդ տղաները հանձնվեցին հայ ժողովրդին, ո´չ գործող իշխանությանը, ո´չ Սերժ Սարգսյանին: Նրանք դասական ձևակերպում տվեցին այս ամենին: Նրանք միտք չունեին պատերազմել 15-20 տարեկան երեխաների հետ, պատանդների հետ: «Միայնակ Գայլը» ի վիճակի էր միայն մի քանի հոգու վերացնելու, բայց նա նախապես ասաց, որ ձեռք չի բարձրացնելու իր ժողովրդի վրա: Հայ ժողովրդին «Միայնակ Գայլի», Պավլիկի, իր որդու, Կյուրեղյան եղբայրների կերպարը ավելի քան  հարկավոր է»:

Ապաև շարունակել էր. «Պարզվեց, որ հայ ազգի արգանդից Պավլիկ է ծնվել, ծնվել է Արայիկ Խանդոյան, և այդպես տղերք են ծնվել. դա վաղը մյուս օրը օրինակ է լինելու»:

Հետո էլ հավելել. «Ես չեմ կարծում, որ նախաքննական մարմինը «Սասնա ծռեր»-ի համար պետք է լինի արդարության օազիս, նրանց արդարության օազիսը հայ ժողովուրդն է»:

Նկատենք, որ հերոսներ ծնող հայ մայրերի «արգանդի» մասին խոսել էր նաև Բալասանյանը, սակայն փոքր ինչ այլ կոնետքստում, իբրև թե «Փաշինյանն ուզում է վիժեցնել այն արգանդները, որոնք պետք է ծնեն ապագա հերոսներ»: Ինչևէ, ծնող ու վիժող «արգանդների» թեման թողնենք մի կողմ և հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Գ. Եղիազարյանը  Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողների  թվում էր, ավելին` նրա կողքից հեռու չէր գնում, փետրվարի 18-ի նախագահական ընտրություների օրն էլ  ընտրատեղամասերից մեկում բռնության էր ենթարկվել բանդիտական խմբի կողմից: Ավելին` նա նախկին քաղբանտարկյալ է,  մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 300 և 225 հոդվածներով` «Իշխանության բռնի զավթում» և «Զանգվածային անկարգություններ»։  «Մարտի 1»-ի գործով 5 ամիս անազատության մեջ պահվելուց հետո նա ազատ արձակվեց և մինչև հեղափոխությունը Քոչարյան-Սարգսյան սիամական երկվորյակների անխոնջ քննադատն էր:

Ըստ լուրերի` նա հեղափոխությունից հետո ընդդիմադիր է դարձել, քանի որ չեն բավարարվել վերջինիս ընտանիքի անդամներից մեկի` կառավարությունում պաշտոն զբաղեցնելու ամբիցիաները:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   4050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ