...

Արփինեն ավելի լավ կգրեր

Արփինեն ավելի լավ կգրեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իսկ ինչ վերաբերում է «լեգալիզմին» և «իրավական աղանդավորությանը», ապա դրանք իրար արժանի կատեգորիաներ են։ Առաջինը չի գիտակցում հասարակական հարաբերությունների էությունը, իրավունքը վերածում է անհասկանալի ու անտրամաբանական գործիքի ու ցանկացած զարգացում մղում փակուղի, երկրորդի ներկայացուցիչներն էլ, չունենալով իրական կամք բարեփոխումների (ինչը ենթադրում է գիտելիք, կամք, աշխատելու ցանկություն, նախաձեռնողականություն, հետևողականություն) լուրջ դեմքով հասարակությանը պատմում են փրկության կարճաժամկետ ծրագրերի մասին, ասում, որ ամեն ինչ կարելի է անել մեկ ակնթարթում, ընդամենը պետք է վերցնել ու ջնջել: Ով իրեն նույնացնում է նշված կատեգորիաների հետ, իրավունք ունի վիրավորվելու»:

«ՉԻ». Երկու տարի է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը չի սկսվում: Առ այսօր չկա դատապարտված գեթ մեկ նախկին բարձրաստիճան կոռուպցիոներ: Դատական իշխանությունը խժռում է հեղափոխության օրակարգը, իսկ պարոն Բադասյանը պատմում է լուրջ դեմքերից և կարճաժամկետ ակնկալիքներից:

Տպավորություն է, որ պարոն նախարարի համար ժամանակը կանգ է առել և հիմա 2018 թվականի վերջերն են կամ առավելագույնը՝ 2019 թվականի սկզբները: Իրեն թվում է, որ անսահմանափակ ժամանակ է տրված, ռևանշիստները խելոք նստած սպասում են իրենց ճակատագրին, ինքն էլ զբաղվում է գիտական հետազոտություններով: Դե հիմա գիտություն է, հստակ ժամկետներ պետք չէ սահմանել, հնարավոր է այս տարի, հնարավոր է մի հինգ տարուց պարոն նախարարը գիտական ճեղքում անի և բոլորիս զարմացնի:

Տեսնես, պարոն նախարարը վերջապես հասկացա՞վ, որ Սահմանադրական դատարանի դատավորներին միայն պաշտոնական աշխատավարձը չէր հետաքրքրում: Հասկացա՞վ, որ նրանց շատ ավելի լուրջ առաջարկներով էին գայթակղել և վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նրա մտահղացումը պարզապես ժամանակի վատնում էր և կարճաժամկետ խաբկանք, թե ՍԴ ճգնաժամը փորձում ենք լուծել:

Միայն հեղափոխության աղանդավորի ուղեղում կարող էր ծնվել գաղափար, որ Վահրամ Ավետիսյանից կարելի է ստանալ Նոր Հայաստանի ՍԴ նոր դատավոր:

Իսկ ընդհանրապես, նման տեքստեր գրելուց առաջ ճիշտ կլինի խորհրդակցել Արփինե Հովհաննիսյանի հետ: Նա վաղուց է հմտացել քաղաքական նպատակներն իրավական աճպարարության քողի տակ թաքցնելու մեջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ