...

Աշխարհի լրատվամիջոցները վախենում են Հայաստանից

Աշխարհի լրատվամիջոցները վախենում են Հայաստանից

ՀՀ ոստիկանությունը «Առավոտ» լրատվամիջոցին զգուշացրել է, որ 500 հազար դրամով կտուգանի, եթե լրատվամիջոցը կայքից չհեռացնի ռուսական Newsru.com կայքի՝ «Валерий Соловей: в России зарегистрировано 1600 подтвержденных анализами смертей от коронавируса» հոդվածը, ինչն էլ «Առավոտը» արել է:

Միանգամից ասենք՝ եթե ոստիկանությունը մեզ զգուշացնի, որ կարող է 500 հազար դրամով մեզ տուգանել, քանի որ մեջբերում ենք արել «Առավոտի» այն մեջբերումից, որտեղ մեջբերում է արված Newsru.com-ից, ինչ արած, պիտի այս նյութը հանենք:

Արտակարգ դրություն է հայտարարված, դա՝ հասկացանք: Կորոնավիրուսի հետ կապված լուրերում հղում անել միայն պաշտոնական տեղեկատվությանը... որոշ վերապահումներով, բայց դա էլ հասկացանք: 

Սակայն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ արտասահմանյան լուրերը, տեսակետները: Ինչո՞ւ մենք պետք է դրսի լուրերը համաձայնեցնենք պարետատան հետ: Կամ՝ թույլատվություն ստանանք: Պարետատունը ո՞նց է որոշում՝ արտասահմանյան լրատվամիջոցից հղումով տեղեկությունը լավն է, թե՞ ոչ: Եթե Հայաստանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ աշխարհում և արտակարգ դրության ռեժիմը տարածվում է աշխարհի բոլոր լրատվամիջոցների վրա, այդ թվում՝ Newsru.com-ի, դա ուրիշ բան: Ասեք, իմանանք: Ու աշխարհի բոլոր լրատվամիջոցները իրենց նյութերը նախ համաձայնեցնում են հայկական պարետատան հետ, նոր՝ հրապարակում: Վախենում են, էլի, մեզանից:

Սա կոչվում է՝ «պերեբոր»: Եթե խաղի այս կանոնը ընդունենք, մի օր կընկնենք Հս. Կորեայի օրը: Մի քանի տարի առաջ այնտեղ պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որ Հյուս. Կորեայի հավաքականը աշխարհի առաջնությունում հաղթել է Բրազիլիային: Վերջ, ոչ ոք դա չէր կարող հերքել կամ այլ տեղեկություն տարածեր: Հիմա եթե վաղը իշխանությունները հայտարարեն, որ կորոնավիրուսը Հայաստանում ամբողջությամբ վերացվել է, փաստորեն, ճար չունենք, պիտի ասենք՝ հա, կորոնավիրուսը վերացել է: Մի հանեք, էլի, ձեր աչքը՝ ունքը դզելու փոխարեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2339 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ