Ըստ հոգեբանների՝ «Աստծո բարդույթը» հիվանդություն է, որի ախտանիշներն ունեցող մարդիկ վստահ են, թե իրենց ընդունակությունները և նվաճումները գերազանցում են մյուսներին։ Նրանք ունեն խիստ բարձր ինքնագնահատական, գլուխ են գովում, չեն ընդունում շրջապատի կարծիքը, նրանց տրամադրությունը փոփոխական է, նրանք չափազանց ուշադիր են արտաքին դրսևորումների նկատմամբ, տառապում են նարցիսիզմով։ Ընդ որում, հոգեբանները նշում են, որ այս երևույթները բնորոշ են նաև անլիարժեքության բարդույթ ունեցողներին։ Այսինքն՝ «Աստծո բարդույթը» կոծկում է անձի անլիարժեքությունը, մխիթարում նրան, թույլ է տալիս իրեն կարևոր, աննախադեպ և անփոխարինելի համարել։
Հիմա տեսնենք, թե ինչպես են իրենց պահում մեր քաղաքական դաշտում իշխողները և հարակից անձինք, որոնք փնովում են Հայաստան պետության անցած երեսուն տարիները։ Ուրեմն՝ ինչպե՞ս և ինչո՞ւ։
Նիկոլ Փաշինյանը, որ նախորդ երեսնամյակում միշտ երկրորդական դերերում է եղել, իշխանության է հասել՝ հակադրվելով Սերժ Սարգսյանին։ Պատերազմից հետո իշխանությունը պահել է, որովհետև հիմնական հակառակորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որովհետև ընտրողների չարաբաստիկ մեծամասնությունն ապացուցեց, որ ներում է սեփական զավակների արյունը և հայրենիքի կորուստը, բայց ոչ մի կերպ չի ուզում իշխանության ղեկին տեսնել նախկին նախագահին։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելը նվեր էր ՔՊ-ականներին, նվեր, որից օգտվեց Ն․ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2-րդ և 3-րդ նախագահներին առաջարկել էր միավորել ջանքերը՝ ազգակործան պատուհասից ազատվելու համար։ Առաջարկի կարևորագույն պայմանը, որ շարադրված է հայտարարության տեսքով, հետևյալն էր․ «Հայտարարում ենք՝
որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»:
Ուշադրությո՛ւն դարձրեք «անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու» արտահայտությանը։ Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը, թեպետ մերժել էր Առաջին նախագահի այս նախաձեռնությունը, անձնապես չէր առաջադրվել, հետո էլ քանիցս պնդել է, որ իշխանության վերադառնալու նպատակ չունի։
Կրկնենք՝ Նիկոլ Փաշինյանը լիուլի օգտվեց իրեն ձայն տվողների անհեռատեսությունից և ատելությունից՝ առ Ռոբերտ Քոչարյան։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է՝ հանրությանը համոզելու համար, թե իր իշխանությունից առաջ Հայաստանում ոչինչ չի եղել՝ ո՛չ պետություն, ո՛չ բանակ, ո՛չ հաղթանակ։
Այսպես, 2020-ի դեկտեմբերին նա հայտարարում է․ «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք, որովհետև ես շատ պարզ հարց եմ տալիս, մեզ ասում են բա ինչի՞ էս 2,5 տարվա ընթացքում էս հարցը չի լուծվել և թվարկում են 30 տարվա օրակարգ: Այո, իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, բայց դա չի նշանակում, որ 30 տարվա, 25 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն»: («Ազատություն» ռադիոկայան)
Ն․ Փաշինյանը համեստություն է անում, որովհետև 2,5 տարում նա կարողացավ ոչնչացնել հայկական պետականության կարևորագույն ինստիտուտները՝ դիվանագիտությունը և բանակը։ Դիվանագիտությունը դադարեց գոյություն ունենալ, երբ ՀՀ վարչապետը փորձեց սեփական կետից թելադրել աշխարհիս հզորներին։ Ոչնչացվեց բանակցային ամբողջ գործընթացը, և Հայաստանն ու Արցախը նետվեցին պատերազմի ճիրանների մեջ։ Ընդգծենք՝ թեպետ դավաճանությունը հենց պատերազմն էր, այնուամենայնիվ ողբերգության մի մասն էլ անհամարժեք գերագույն գլխավոր հրամանատարն էր, նրա նարցիսիզմը։ Հիշենք, որ պատերազմի թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստները կարող էին պակաս լինել, եթե Ն․ Փաշինյանը համաձայներ այն կանգնեցնել գոնե 2020-ի հոկտեմբերի 19-ին։ Դե հիմա ինքնե՛րդ դատեք, թե ինչ պարգև էր սա թշնամու համար։ Անհամարժեք իշխանությունը, դիվանագիտության բացակայությունը, ջախջախված, նվաստացված բանակը բնականաբար մեծ հնարավորություններ են տալիս Թուրքիային և Ադրբեջանին՝ ստանալու այն, ինչի մասին նախորդ երեսուն տարիներին նույնիսկ չէին երազում։
Ստիպված ենք կրկնել բազմիցս ասվածը․ Ն․ Փաշինյանը պայքարում է ոչ թե արտաքին թշնամու, այլ իր նախորդների դեմ, հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։
Սակայն Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ։ Նախկին նախագահներից, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանից բարդույթավորված 40 անց գործիչները Հայաստանում շատ են։ Ահա նրանցից մեկը․ Ժիրայր Սեֆիլյան, որը 2021-ի նոյեմբերի վերջին դիմում է նախկին 3 նախագահներին. «Այո՛, պիտի գտնենք եզրեր գործակցելու, սակայն կան խոչընդոտներ: Այդ խոչընդոտները պիտի վերացնենք, որ հեշտանա մեր գործակցությունը: Կարծում եմ, կարևորագույն խոչընդոտներից մեկը հետևյալն է՝ նախկին նախագահ կոչեցյալների շարունակելը մնալ քաղաքականության մեջ: Այդ երեքին ես հորդորում եմ, լինի Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, լինի Սերժ Սարգսյան, հեռացե՛ք քաղաքականությունից, դո՛ւրս եկեք, ձեր պատճառով խոչընդոտվում է մեր ժողովրդի միաբանությունը: Դուք շատ լավ գիտեք ինչ ավերներ եք գործել մեր ժողովրդի նկատմամբ, վերջապես հասկացեք և փորձեք գոնե մի լավություն անել այս 30 տարիների ընթացքում, հեռացե՛ք արենայից, թողեք այս ժողովուրդը միավորվի»: («Առավոտ»)
Ինչո՞ւ, պրն Սեֆիլյան։ Ինչո՞ւ պետք է նախագահները հեռանան ասպարեզից։ Պատասխանենք Ձեր և ձեզ նմանների փոխարեն։ Որպեսզի դուք միավոր դառնաք, որպեսզի չբարդույթավորվեք։ Եվ հետո, եթե դուք իսկապես որևէ բան նշանակեիք, միավոր լինեիք, իրական լուծում առաջարկեիք, ոչ մի նախկին կամ ներկա նախագահ ձեզ չէր կարողանա խանգարել։ Ուրեմն ձեր անլիարժեքության պատճառը ձե՛ր մեջ փնտրեք։
Դարձյալ հիշեցնենք անողոք փաստերը․
1․ 1991-94թթ․ պատերազմում հայկական կողմը հաղթեց, որովհետև երկիրը ղեկավարում էին ինտելեկտ, դիվանագիտական և ռազմական գիտելիքներ և հմտություններ ունեցող մարդիկ։
2․ 2020- պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, որովհետև երկիրը ղեկավարում էր անձնական մեծ հավակնություններ ունեցողը, որի դիվանագիտական և ռազմական հմտություններն ամեն օր նոր վտանգներ են ստեղծում։
Ուրեմն եթե անգամ ՀՀ նախկին նախագահները հեռանան «արենայից», մնալու են փաստերը։
Վերջում ավելացնենք Սյունիքի համայնքապետերից մեկի ասածը Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո։ Նա պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ասում էր ճշմարտությունը և լուծում էր առաջարկում։ Իսկ ձեր «լուծումները» ըմբռնելու համար կարդացե՛ք հոգեբաններին։
Զարուհի Գաբրիելյան