Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Ամուլգառ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ձգձգվող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Երևանի տարածքում դիմակ կրելը պարտադիր է, Երևանից դուրս 25 կմ շառավղով կարելի է դիմակը քթից ներքև իջեցնել, իսկ սահմանամերձ գոտիներում՝ պարզապես ականջներից կախել:
Երեքշաբթի կհայտարարեք, որ հասարակությունը պետք է 2 կիլոմետր սոցիալական տարածություն պահի Ամուլսարից:
Չորեքշաբթի օրը քայլարշավ կկազմակերպեք դեպի Սևան՝ «Նիկո´լ, Փարթի´, Դուխո´վ» վանկարկումներով:
Հինգշաբթի հանդիպում կունենաք Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ. երեկոյան կապտուկները կմեղմանան, մի աչքը կբացվի:
Ուրբաթ օրը Արտակարգ դրությունը կերկարաձգեք անորոշ ժամանակով, մինչև տենաք ՍԴ դատավորների հարցը ոնց է լուծվում:
Շաբաթ և կիրակի օրերը կանցկացնեք տնային, աշխատանքային և հանրային ինքնամեկուսացման մեջ: Եվ հիշեք. աստղերը ոչ միայն հուշում են, այլև ամեն ինչ տեսնում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020