«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներից մեկը հայտարարել է, թե Երևանի ապագա ավագանիում չի բացառում իրենց կուսակցության կոալիցիան ոչ ՔՊ-ի, ոչ ընդդիմադիր ուժերի հետ։ Իսկ կոնկրետ ՔՊ-ի հետ կոալիցիայի վերաբերյալ էլ ասել է․ «այդ վարկածը շրջանառվում էր նաև ընտրություններից շատ առաջ, դա անում էին այն մարդիկ, ովքեր միշտ փորձում են «Հանրապետությունից» ձայներ կամ վարկանիշ խլել»։
Փաստորեն «Հանրապետության» քաղխորհրդի անդամը Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մտադրության վերաբերյալ լուրերը համարում է սև PR, համարյա հայհոյանքի նման բան, և որևէ ուժ, որը նախընտրական փուլում կհայտարարեր, որ մտադիր է համագործակցել Նիկոլի հետ, հաստատ վարկանիշ կկորցներ։ Մինչդեռ կային ժամանակներ, երբ Նիկոլի հետ լուսանկար ունենալը կարգին ձայներ էր ապահովում․․․
Ինչ վերաբերում է նաև ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիան չբացառելուն, ապա սա հիշեցնում է հայտնի անեկդոտը։ Բոցմանը մտնում է նավապետի սենյակ ու հևալով ասում․ «երկու լուր ունեմ, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ»։ Նավապետն ասում է «սկզբում լավը ասա», նա էլ զեկուցում է․ «պարզվեց՝ մեր նավում առնետներ չկան»։ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Պարզապես ՔՊ-ին հորդորում ենք՝ «արագի մեջ զանգեք ու էդ մարդկանց գի՛ն ասեք, թե չէ ուրիշները կզանգեն»։