«Այն ժամանակ, երբ 100 հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Բամբասելն ու նվնվալը, որպես կանոն, ցանկացած լսարանի մոտ միայն արհամարհանք ու խղճահարություն են առաջացնում, բայց Նիկոլին հասկանալ կարելի է․ «այ էդ մի բանը չպիտի անեին»։ Չէ՞ որ իշխանությունը տապալելու կոչերով ռուսները դիպել են Նիկոլի սրտի ամենանուրբ լարերին ու ամենանվիրական արժեքին, և նրա վրդովմունքը հիշեցնում է «Операция Ы» ֆիլմի հարբեցող հերոսի անկեղծ զայրույթը, երբ պահեստապետը նրան առաջարկում է ջարդել օղու շիշը։
Ուշադրություն դարձրեք՝ ռուսներն իսկապես էլ Արցախի հարցում մեզ չօգնեցին, բայց Արևմուտքը նույնպես չօգնեց, այսինքն՝ այդ առումով նրանց միջև մեծ տարբերություն չկա։ Միակ տարբերությունն այն է, որ Արևմուտքը Նիկոլի իշխանությունը տապալելու կոչեր չհնչեցրեց։ Այստեղից էլ Նիկոլի՝ լացելու համար «արևմտյան ժիլետը» նախընտրելու որոշումը։ Բայց ռուսները մտահոգվելու պատճառ չունեն։ Արևմուտքը փողը քիչ տա՝ Նիկոլը կշտապի Մոսկվա ու մի քիչ էլ այնտեղ կբամբասի ժլատ եվրոպացիներից։