...

Այլանդակությունը վախենում է մաքուր հայելուց

Այլանդակությունը վախենում է մաքուր հայելուց

ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՄ ՊԱՏԿԵՐԸ ՔՈ

Ի բաց գնա, ո՛վ ճշմարտություն... 
ի՞նչ գործ ունիս մեր մեջ...

Հակոբ Պարոնյան

Դժվար չէր կանխատեսել, որ նախընտրական տարում ՀՀ իշխանավորներն աշխատելու են 0-ի հասցնել իրենց «գործունեության» մասին քննադատական խոսք ասելու հնարավորությունները: Դժվար չէր կանխատեսել, որ այս նպատակն իրագործելու համար թխվելու են օրենքներ, ստեղծվելու են հանձնաժողովներ, ու քիչ թե շատ ընդդիմադիր, քիչ թե շատ օբյեկտիվ լրատվության միջոցները փակվելու են «օրենքով»: «Ճշտով» աշխատում են: Արդյունքն ակնհայտ է: Այն, ինչ կատարվում է «Ա1+» հեռուստաընկերության «շուրջ», անմեղ պետական մրցույթ չէ: Գոնե մենք՝ հայաստանցիներս, գիտենք՝ ինչ է թաքնված սրա հետևում: Սակայն ոչ լեգիտիմ Քոչարյանի օրոք գրված իշխանամետ օրենքները անձնական օգտագործման համար են և մեկ էլ եվրոպացիների աչքին թոզ փչելու: 
Չնայած մեր խիստ դեմոկրատ քաղաքական գործիչները մեծ հույսեր էին կապում զանազան եվրոպական կառույցների ու կոնվենցիաների հետ, կյանքն ապացուցում է, որ դրանք դատարկ բաներ են, եթե սովորական հայաստանցին չի ուզում պաշտպանել իր սովորական մարդկային, քաղաքացիական իրավունքները: Այո՛, չի ուզում, ոչ թե չի կարող: Անկարողության, անմեղսունակության ինքնախոստովանանքը լավ արդարացում է փախուստի առիթ գտնելու համար: 

Հայաստանում տիրող վիճակը հնարավոր չէ բացատրել՝ նորմալ տրամաբանությանն ապավինելով: Դժվար է նույնիսկ այսօրվա պատմական զուգահեռները գտնել: Մեկ-երկուսն, այնուամենայնիվ, կան: 

XX դարի սկզբին մենք՝ հայերս, հայացքներս դարձրած դեպի Եվրոպա և Ռուսաստան, սպասում էինք, որ աշխարհիս հզորներն ապահովեն ապրելու մեր իրավունքը: Սպասում էինք անմռունչ, առանց լուրջ ինքնապաշտպանություն ձեռնարկելու փորձի անգամ: Եվ, ինչպես սիրում են գրել մեր պատմաբանները, Եվրոպան խուլ էր, չէր լսում Ցեղասպանության զոհերի սահմռկեցնող աղաղակը: Իսկ Ռուսաստանը, իհարկե, հետապնդում էր սեփական շահերը: Քաղաքակիրթ աշխարհը նույնքան խուլ էր, նույնքան անկարող էր որևէ բան փոխել Խորհրդային Միությունում, երբ 1930-ական թվականներին կոմունիստների ստեղծած համակենտրոնացման ճամբարներում տառապում էին միլիոնավոր քաղբանտարկյալներ, ոչնչացվում էին ռեժիմին անհաճո բազմաթիվ մարդիկ: Իսկ սովետական ժողովուրդը ծափահարում էր ժողովրդի թշնամիների դահիճներին: Պատժիչ մեքենան աշխատում էր անխնա: «Լես ռուբյատ- շչեպկի լետյատ»: Մեկ հիշեցում էլ. աշխարհի բոլոր բռնապետներն ու բռնապետիկները իրենց զավթած իշխանությունն ամրապնդելու համար սպանել են խոսքի ազատությունը: Եվ հակառակը. այն երկրներում, ուր խոսքի ազատությունն անձեռնմխելի արժեք է, անհնար է բռնապետության մասին երազելն անգամ: 

Ուրեմն՝ հաշվարկը «ճշտով» են արել: Մերօրյա հայաստանյան գավառացի պսևդոբռնապետիկները հաստատ գիտեն՝ ինչ է հարկավոր լիակատար հաղթանակի համար: Հարկավոր է զրկել մեր երկրի առանց այն էլ բավական իներտ քաղաքացիներին տեղեկություններ ստանալու իրավունքից: Փակեն «Ա1+»-ը, «Նոյյան Տապանը», «Հայկական ժամանակ» օրաթերթը (հերթը «Առավոտին» ու «ՉԻ»-ին էլ կհասնի), իրենց բլեֆները հալած յուղի տեղ կանցնեն, որևէ մեկը չի կարողանա պարզել՝ Քոչարյանի կտրած բանտիկով գործարանն իրականում աշխատո՞ւմ է, թե՞ բանվորները նրա այցելության տոնական օրով ստատիստի դեր էին ստանձնել: Որևէ մեկը հավաստի աղբյուրից չի լսի Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակի մասին, և բոլորը, անշուշտ, կհավատան 30%-անոց աճին՝ կասկածանքով ստուգելով սեփական գրպանների պարունակությունը: Որևէ մեկը չի համարձակվի մեր բանակում սպանված ասպիրանտի ինքնասպանության վարկածին չվստահել, որքան էլ զոհի հարազատները այստեղ-այնտեղ դրա մասին արտահայտվեն: Էլ չենք խոսում ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր քաղաքական գործիչների մասին, որոնց հարցերը անմիջապես կլուծեն: Իսկ իշխանական քարոզչամեքենան կապացուցի նախկինների արյան ծարավ ամբոխին, որ ժողովրդի իսկական թշնամիներն ահա՛, վերջապե՛ս ստացան արժանի պատիժը: Ու շատերը կծափահարեն, ոմանք՝ կսսկվեն՝ մտածելով, որ իրենց պարագային «բացառություն պիտի ըլլա»: Բացառություն չի լինելու: Քանի որ քաղաքական բռնազավթման բուն պատճառը տնտեսական բռնազավթումն է: Տնտեսության բոլոր ոլորտներն այսօր էլ փորձում են վերահսկել Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դրածոները: Հետո ավելի վատ է լինելու: Համընդհանուր երջանկությունն է թմբկահարվելու համընդհանուր թշվառության աչքի առջև: Ի՞նչ եք անելու: Գիտեմ՝ հիմա ոչ մեկդ չի ուզում սեփական «փառավոր» անձին նեղություն տալ: Գիտեմ՝ բոլորդ անտարբեր եք դարձել և փայփայում եք ձեր նյարդերը հետևյալ ինքնախաբեությամբ. «Ի՞նչ կարող եմ անել, իմ ձեռքին ոչինչ չկա, ինձ նմանները շատ քիչ են, որպեսզի որևէ բան փոխեն»: Իսկ ուղեղի մի անկյունում թաքցրել եք. «Թողնել-գնալու երկիր է, բախտս բերի՝ ես էլ կգնամ ու երեխեքիս էլ կտանեմ»: Ու ոչ մեկս չի մտածում, որ էս թողնել-գնալու երկիրը մենք ենք էսպիսին դարձրել: Որովհետև չենք մտածել, որ մեր անտարբերությունն ու ծուլությունն են դառնալու այս երկրում մեր սեփական զավակների անպաշտպանության գրավականը: Վերամբարձ, ճռճռան բաներ չեմ ասում, դասական գրականության ու փիլիսոփայության ծանր մտքեր չեմ մեջբերում: Պատկերը շատ ավելի պարզ է: Այսօր ոչ թե պետք է պաշտպանել «Ա1+»-ը կամ «Նոյյան տապանը», ոչ թե օբյեկտիվ կամ ընդդիմադիր լրագրողներին, այլ մեր՝ մեր իսկ հայրենիքում մարդավարի ապրելու իրավունքը: Որովհետև ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի լրագրող չի կարողանալու արտահայտվել մեզ հուզող հարցերի մասին, եթե մենք այդ չուզենանք, եթե մենք չտանք նրանց այդ հնարավորությունը: Համոզված եմ՝ այսօր Հայաստանի քաղաքացու ճակատագրով մտահոգվածներս քիչ ենք, բայց կանք: Չգիտեմ 2, 5 թե 10 %, բայց կանք: Եվ այդ փոքր տոկոսի ընդվզումն էլ կարող է պատնեշ լինել այս ագրեսիվ իշխանավորների համար: Պատնեշ, որ կկասեցնի սրանց գործունեությունը: Թույլ չի տա հասարակությանը զրկել տեղեկատվությունից, ուրեմն և թաքցնել նույն հասարակությունից իրականությունը: Իսկ հասարակության յուրաքանչյուր անհատ մի օր կհասկանա, որ ընտրությունները խաղուպար չեն օրենքը ոտնահարողների համար, որ իր մի հատիկ ձայնն էլ կարող է որոշիչ լինել: Իսկ եթե չկարողանանք այսօր մենք տեր կանգնել մեր իրավունքին, խոսելու, արտահայտվելու իրավունքին, բանակում, ոստիկանությունում, դատախազությունում, դատարաններում, ամենուրեք կստեղծենք անտանելի, արյունոտ վիճակ մեր իսկ զավակների ու հարազատների համար: Որովհետև «քաղաքական» հաշիվները մաքրելուց հետո կսկսի աշխատել «ռազբոռկա»-ի վաղուց ծանոթ մեխանիզմը: Եվ այն էլ այնպիսի թափով, որ չենք հասցնի ծպտուն հանել: Եվ որտեղ պիտի լսվի այդ ծպտունը, եթե թույլ տանք փակել միակ անկախ հեռուստաընկերությունը: Ուրեմն «ռազբոռկա»-ն բարձր ոլորտներում 1998-ից սկսողները բացարձակ ազատություն կտան իրենց ծառայող մեծ ու փոքր չինովնիկներին, գողականներին, ու երկրից փախչել չհասցրած «անմեղներս» (մեղավորներս էլ՝ վրայից) մորթվող ոչխարի նման կնայենք ազգային յաթաղանին ու կգնանք բանտ կամ կառափնարան, մեր ձեռքից կառնեն մեր խղճուկ ունեցվածքը՝ հանուն պետականամետ բյուջեի, իսկ մեր զավակներին լավագույն դեպքում կդարձնեն սվինակիր կամ զուգարան մաքրող: Հետո երկիրը կդառնա համատարած մարտադաշտ, հերթական անգամ կկորցնենք պետականությունը (այդ ճամփան ենք բռնել) ու բարեհաջող կերպով կթողնենք պատմության թատերաբեմը: Չէ, նորից շեղվեցի՝ պետականությո՜ւն, թատերաբե՜մ: Ճռճռան բաներ չեմ ասելու: 

Դիմում եմ նրանց, ովքեր իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացի են համարում, նրանց, ովքեր դեռ չեն կորցրել այս հողի վրա մարդավարի ապրելու հույսը, նրանց, ովքեր չեն ուզում կամ չեն կարող թողնել գնալ: 

Քաղաքական գործիչները թող մտածեն իրենց անելիքի մասին: Բայց մենք հստակ պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրիս ճակատագիրը մեր ձեռքում է: Եվ յուրաքանչյուրիս իրավունքն է խոսքի ազատությունը, յուրաքանչյուրս ունի և՛ խոսելու, սեփական կարծիքն արտահայտելու, և՛ ուրիշի կարծիքը լսելու հնարավորություն: Ընդ որում, էական չէ, համամի՞տ ենք բազմաթիվ այդ կարծիքներին, թե՞ ոչ: Էականն այն է, որ դրանք թաքուն չեն, դրանք բաց են, և լսողն ու տեսնողը ինքնուրույն կարող է դատել դրանց մասին: Ինքնուրույն կարող է մտածել ու որոշել՝ իրեն ինչ է պետք: Էականն այն է, որ այլանդակությունը վախենում է մաքուր հայելուց, այլանդակությունը չի ծավալվում, երբ տեսնում են նրա իրական պատկերը: Էականն այն է, որ այդ նույն այլանդակությունը չզրկենք վախենալուց, իսկ մեզ՝ մեր սովորական մարդկային իրավունքից: Առաջարկում եմ՝ հիմա՝ հենց այս պահից, չլռել, ձևեր գտնել դժգոհությունն ու ընդվզումն արտահայտելու համար: Համոզված եմ՝ այդ հնարավորությունն առայժմ մեզ կընձեռի թե՛ «Ա1+»-ը, թե՛ ընդդիմադիր օբյեկտիվ մամուլը: 

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», No 346, 26 մարտի, 2002թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   7487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ