...

Այս ո՞ւմ ականջներն են երևում

Այս ո՞ւմ ականջներն են երևում

«Լիդիան Արմենիան» ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահնորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այսօր վաղ առավոտյան նոր պահնորդական ընկերության աշխատակիցները զենքով մտել են Ամուլսարի տարածք, որից հետո Ջերմուկի ակտիվիստներն ու բնակիչները նույնպես սկսել են հավաքվել: Նրանք պահանջել են, որ նոր պահնորդական ծառայությունը գործի ճիշտ նույն կանոններով ու պայմաններով, ինչպես իր նախորդը՝ «Պանտեռա» ընկերությունը: Երկար բանակցություններից հետո ջերմուկցիների պահանջը բավարարվել է:

«ՉԻ». «Լիդիան Արմենիան» ընկերությունն իր այս քայլը պատճառաբանել է նրանով, որ արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ «Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ»: 

Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ գողություններ են կատարվել, այլ հիմնավոր կասկածներ ունեն: Հիմնավոր կասկածներ ունեիք, դիմեիք ոստիկանությանը, թող գային, ստուգեին՝ տարածքում գողություն եղե՞լ է, թե՞ ոչ:

Ընդ որում, դա էլ է հետաքրքիր, հայտարարության մեջ «Լիդիան Արմենիանը» չի նշում, թե որ պահնորդական ընկերությունն է փոխարինել «Պանտեռա» ընկերությանը: Ամաչում են ասեն, որ «Սեքյուրիթի դրիմն» է, որի գործունեության հետ կապված հատկապես վերջին մեկ տարում բազմաթիվ աղմկոտ գործեր են բացահայտվել: Այդ գործերից մեկով ձերբակալվել էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը, մեկ այլ գործով մեղադրանք էր ներկայացվել ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին: Խոսքը տասնյակ միլիոնավոր դրամներ յուրացնելու մասին է:

Ու սեփական հեղինակության մասին մտածող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իր գույքը վստահում է ահա այսպիսի կասկածելի համբավ ունեցող պահնորդական ընկերությանը: Զգում ենք, որ այստեղ ինչ-որ «մուխլյոժ» է կատարվում: Բացառված չէ, որ այս ամենի հետևում ինչ-որ փոխվարչապետի ականջներ են երևում: Մենք կհետևենք Ամուլսարի շուրջ նոր զարգացումներին: Հետաքրքիր բաներ են սպասվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3987 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ