ՌԵՏՐՈ խորագրով սկսում ենք ներկայացնել Ամուլսարի կրկին արդիական դարձած խնդրին առնչվող «Չորրորդ իշխանություն» թերթի ուշագրավ նախկին հրապարակումները:
«Չորրորդ իշխանություն», 2 փետրվարի, 2018թ.
Հայ մի բանաստեղծ, մի գրող անցած տասնօրյակում երկրիս սոցցանցը և մասամբ էլ մամուլը «ցնցեց» իր մի բանաստեղծությամբ, ավելի ճիշտ` դրա երկու տողում երկրի հասցեին գործածված հայհոյախոսությամբ՝ քֆուրներով։ Մամուլս ու սոցցանցս ալիք տվեցին ու ալեկոծվեցին, դատապարտեցին ու պաշտպանեցին... մի խոսքով, դրսևորեցին գրեթե բարձրագույն քաղաքացիականություն, և բանաստեղծը երկու օրում «հոգևոր» կապիտալ վաստակեց՝ հանրահայտ դարձավ շատ ավելի լայն շրջանակում, քան հանրահայտ էր պետական ինչ-ինչ մրցանակներ ստանալուց հետո։
Այսինքն, գոնե մի քանի օրով իրապես հանրահռչակվեց։ Համոզված եմ՝ բանաստեղծը այսպիսի բուռն արձագանքի չէր սպասում։ Ակնկալիք թերևս ուներ, բայց ոչ այսպես մասշտաբային...
Բանաստեղծը իր այս քայլն արել էր «երևելի» պետական ու կիսապետական-բիզնես, գիտական (ըստ իս՝ բոլորը չակերտներով) այրերի (սա էլ չակերտներով) տարիներ տևած, հետևողական հայհոյախոսությունից՝ երկիր քրֆելուց հետո։ Քրֆել են խոսքով և գործով։ Նույնն արել են, դարձյալ տարիներով, արել են «ներդրումային» ծրագրերով Հայաստան խուժած ըստ էության բոլոր բիզնես կառույցները, որոնք կապ են ունեցել հանքարդյունահանման, կոմունալ ծառայությունների հետ, որոնց Հայաստան բերելու միջնորդը, կըռիշը կամ փայատերը եղել են նույն այն «երևելիները»։ Հիշեցնեմ՝ երկիր ասելով, երկիր քրֆելով իրենք բոլորը ՀԱՅԱՍՏԱՆԸ նկատի ունեն։
Վերջին հաշվով, խոսքն այն մասին է, որ երկրի զավակները՝ Հայաստանում կամ որևէ տեղ հայ ծնվածները, որոնք իրենց կամ որևէ մոր կուրծքն են կերել, մեծացել այս կամ այն չափով ազգային քաղաքակրթության կամ դրան առնչվող ինչ-ինչ արժեքներով (դե, ենթադրաբար), հայրենասեր են բոլորն անխտիր, հայրենանվեր են մինչև վերջին կաթիլ արյունը, երգեր գիտեն փառավոր, պարելիս... մի խոսքով, մի օր՝ հենց լավ, կարգին, «չաղ» առիթ է ներկայանում՝ ԱՆՊԱՅՄԱՆ քրֆում են երկիրը։ Ցանկալի է հրապարակավ, հանրայնորեն։ Գործով կամ խոսքով։ Երբեմն էլ գործով և խոսքով՝ միաբան։ Ինչպես օրինակ ակադեմիկոս ՌաՁիկը, կամ «ոսկեբերան» հհկական Գալուստը, կամ դարձյալ հհկական Վահրամը՝ Վանաձորից, որ ուզում է Լոռու Արդվին հանքարդյունահանել...
Գործարարները՝ հայ, ինչպես օրինակ Արծվանիկի՝ Հայաստանի ամենամեծ պոչամբարի արարիչները, կամ Քաջարանի, Թեղուտի, Հրազդանի, Ալավերդու, ու եսիմէլորջհանդամի պոչամբարագետ հանքարդյունահանողները այլ կերպ են վարվում՝ «աշխատատեղեր են ստեղծում», երկրի բյուջե փող են մուծում՝ երևելի հարկատուներ են իրենք։ Հաճախ հարկատու են իրենց օրթաղների (թուրքերեն բառ, որ կայուն նստած է երկիր քրֆողների բառապաշարում) հետ միասին, որոնք արտասահմանից են, դրանց հետ միասին են խոսք և գործ միաբանությամբ քրֆում երկիրը։ Դաշնակները, դե անտառի ու փոքր հէկերի գծով են քրֆում և նրանց են միացել մարզպետարանների և քաղաքապետարանների նախկին ու ներկա բոլոր շեֆերն ու ենթաշեֆերը՝ այդ երկրի գրեթե բոլոր գետերը, գետակներն ու առուները խողովակների մեջ քաշելով։ Երբ դաշնակ մի ղեկավարին փոխարինում է մեկ ուրիշը, ասենք՝ Մարտունին փոխարինում է Միքայելը, կամ շրջակա միջավայրը պահպանել է սկսում Արծվիկը (արծվենի հայացքով երկնքից, թերևս), և ասենք վարչապետ Կարեն Կարապետյանը արգելում է, խստիվ արգելում է անտառների խուլիգանական հատումը, նույնիսկ պետական և օրինական պատվերի պատճառաբանմամբ, դաշնակները ստեղծագործաբար փնտրում և գտնում են երկիր քրֆելու ալտերնատ ուղիներ։ Օրինակ՝ անտառների սանիտարական հատման Մարտունի հանճարեղ հնարքին փոխարինում է Հայաստանի անտառները... ճահճացումից փրկելու Միքայելի գյուտը, որը դաշնակները համառորեն փորձում են կիրառել։ Ասում են՝ պետք է ճահճացման մեղավոր ծառերը բնի ամենահիմքից հատել։ Եվ որպես ապացույց բերում են Սևանի բարձրանալու հետ առաջացած ճահճացման խնդիրներն ու փորձը։ Բայց թե դա ինչ կապ ունի մնացած Հայաստանի հետ և էլ որտեղ են Հայաստանում ջրեր բարձրանում, դաշնակները չեն ասում՝ կուսակցական գաղտնիք է։ Նույնիսկ միջազգային բնապահպանական կառույցների են դիմում՝ ճահճացումների դրամաշնորհ ստանալու համար և վիրավորվում են, եթե չեն ստանում և ...քրֆում են, կառույցը, ապաև Հայաստանը։ Ենթադրում եմ, որ նախ՝ կառույցը։
Հիմա, դառնալով ամենաչեղծվածներին, չքաղաքականացվածներին ու Հայաստանի գործարար կոչեցյալ դաշտի հետ առայսօր կապ չունեցածներին...
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, Երևանում այս ու այն կողմ շրջելով և մտածելով՝ դառնա ՀՀ նախագահ (նոր սահմանադրության շրջանակներում), թե ոչ՝ համառորեն պայքարում է երկու նեգատիվի դեմ՝ ապուշ բամբասանքի՝ թե քսան տարի առաջ Վազգեն Սարգսյանի ապտակից հետո է ինքը լքել Հայաստանը, և Ամուլսարի անամոթ գործարքին իր առնչությամբ։ Ընդ որում, միշիկական և սերժի այլազանական մամուլը ամեն ինչ անում է, որ Արմեն Սարգսյանը հիմնականում մնա Վազգենի ապտակի մասին հերյուրանքի շրջանակներում, իսկ Ամուլսարը... իսկ Ամուլսարի մասին Արմենն ասում է, որ (այլևս) կապ չունի դրա հետ։ Էդ մի ժամանակ էր, որ ներդրմամբ (ըստ մեզ՝ քֆուրով) հետաքրքրված՝ ինքը Չարլզ-արքայազնին բերեց, ցուցադրեց, բացատրեց... ու հետո ձեռ քաշեցին։ ԲԱՅՑ... ասում եմ ես՝ Ամուլսարը մնաց, և այն այս պահին այս երկրի գլխին կախված վատթարագույն վտանգն է ըստ բնապահպանների վերլուծության։
Այս ամենին ականջալուր մեր մյուս չեղծված-չպղծվածը՝ Ռուբեն Վարդանյանը, իր Նուբար Աֆեյան գործընկերոջ հետ միասին ասում են, որ Ամուլսարը իրենք դիտարկում են որպես զուտ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՐԱԳԵՏ ԵՎ ԷՖԵԿՏԻՎ գործարք, և իրենք ընդամենը բանկ են և ԼԻԴԻԱՆԸ իրենք չեն։ Իրենք բանկ են, որ հսկայական վարկ է տալիս ԼԻԴԻԱՆԻՆ։ Լիդիանը, այո, իրենք չեն։ Լիդիանը, ասենք այսպես, ԱՄՆ-ն է և իրենց՝ հայորդիներից հետո, իրենց՝ թաթախվելուց հետո, Լիդիանն էլ, ԱՄՆ-ն էլ լիազոր իրավունք ունեն երկիր քրֆելու, Հայաստանը քրֆելու։ Սա, ասեմ, Արմեն Սարգսյանին էլ հստակ վերաբերվում է, որովհետև թե՛ ինքը, թե՛ Ռուբենն ու Նուբարը, հստակ հասկանալով, աչքները բաց տեսնելով, որ Լիդիանը կարող է ռադիոակտիվ աղբով ոչնչացնել երկու գետերի՝ Արփայի ու Որոտանի ավազանները և Հայաստանի քաղցրահամ ջրի մեծագույն ու եզակի ռեսուրս Սևանը, անում են այն, ինչ արել են՝ բիզնես և ոչ մի անձնական խնդիր... Հայաստանի դեմ։ Ընդհակառակը՝ Ավրորա և Տաթև, ընդհակառակը, համոզված եմ՝ ներդրումային հսկա ծրագրեր ԻՏ ոլորտում՝ սա Արմենի դեպքում... բայց այդ ամենը՝ բնապահպանների վատթարագույն տեսլականով՝ ոչնչացած Հայաստանում, որը այսօր արդեն քաղցկեղի գծով առաջատար երկիր է ամբողջ աշխարհում։ Հիմա ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից ի՞նչ պահանջես։ Որ չհայհոյե՞ն։ Է, նրանք երկրի զավակների այսպիսի դրսևորման համեմատ՝ պարկեշտագույն վարք են դրսևորում։
Հուսիկ կոչեցյալ այդ բանաստեղծը, ուրեմն, արել է այն, ինչ արել են վերևում նշվածները։ Իր ներսը նայելու և ինքն իրեն քննելու և փոխելու փոխարեն, դա անելու կարողություն չունենալու դեպքում՝ ինքն իրեն հայհոյելու փոխարեն, դա էլ անելու անկարության դեպքում մնացածներին հայհոյելու փոխարեն նա խոսքով, որ է և իր գործը՝ հայհոյել է երկիրը: ԵՐԿԻՐԸ։ Իրեն ծնողին, իր օրրանը։
Ցավում եմ և կսկիծով եմ ասում, բայց նրանք բոլորը իրենք իրենց ՄԱՅՐ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼ և ամեն օր այդ գործի վրա են։
Եվ որևէ բան այստեղ կփոխվի միայն, երբ իրենք բոլորը, ես ու դուք սա գիտակցենք։ Որովհետև մենք՝ այսպես ասած, անմեղսունակներս, նույն դաշտի ապահովողներն ենք՝ մեր պարապությամբ։