...

Շարունակում են գաղտնի պահել

Շարունակում են գաղտնի պահել

Երեկ «ՉԻ»-ն անդրադարձել էր Ամուլսարում պահնորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխության թեմային: Փոփոխությունն իրականացրել էր «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Այդպես էլ հայտարարել էր. մենք փոխել ենք պահնորդական ընկերությունը: Փորձել էինք պարզել, թե որ ընկերությունն է փոխարինել Ամուլսարում մինչ այդ պահնորդային ծառայություն իրականացնողին: Սոցիալական ցանցերում այս հարցով քննարկումներում մի քանի տեղ նշվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության անվանումը, ինչն էլ մենք հիմք էինք վերցրել հրապարակման համար: 

Եվ ահա, հրապարակման հետ կապված հերքում են ուղարկել և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, և՝ «Լիդիան Արմենիան» ընկերությունը:

«Սեքյուրիթի Դրիմը» իր հերքման տեքստում նշել է, որ «Ընկերությունը ՀՀ-ում զբաղվում է կոնկրետ մեկ գործառույթով և որևէ եզր չունի պահնորդական ծառայությունների իրականացման հետ»։ «Որ ընկերության հիմնադրի, տնօրենի և վարչության պետի նկատմամբ յուրացման գործ չի քննվում»: Եվ, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության  հիմնադիր Ա. Զաքարյանի, տնօրեն Ա. Պողոսյանի և Ընկերության վարչության պետ Ա. Ղազարյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը անհարկի շահարկվել է: 

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հերքման առումով որևէ խնդիր չկա: Ասում են, որ կապ չունեն Ամուլսարում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների և ընդհանրապես, այդ թեմայի հետ, ուրեմն՝ այն աղբյուրները, որոնք նշել էին այս ընկերության անունը, սխալ են եղել և մեզ էլ թյուրիմացության մեջ են գցել: Մենք ինքներս ստուգեցինք և իսկապես, «Սեքյուրիթի Դրիմը» որևէ առնչություն չունի Ամուլսարի պատմության հետ, ինչի համար հայցում ենք ընկերության, Ալեքսան Զաքարյանի, Արթուր Պողոսյանի ու Արսեն Ղազարյանի ներողամտությունը:

Հերքման տեքստ է ուղարկել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Ավելի ճիշտ, դա հերքում չէ, այլ՝ մուննաթ: Գրել են. «Ձեր լրատվամիջոցի կողմից նշված «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունը և իր ղեկավար անձնակազմը որևէ առնչություն չունեն «Լիդիան Արմենիայի» հետ: Ուստի հորդորում ենք զերծ մնալ նման ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ «Լիդիան Արմենիայի» անունը, ընկերության բարի համբավը արատավորելու փորձերից: Պահանջում ենք անհապաղ հեռացնել նյութը և հերքել ապատեղեկատվությունը: Միաժամանակ ակնկալում ենք, որ հետայսու Ամուլսարի վերաբերյալ կտեղադրեք բացառապես ճշտված տեղեկատվություն»:

Այ, այստեղ՝ հոպ: Երբ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը հայտնում է, որ կապ չունի թեմայի հետ, մենք պարտավոր ենք հավատալ, քանի դեռ հակառակը ապացուցող փաստեր չունենք: Իսկ երբ «Լիդիան Արմենիան» է հայտնում, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կապ չունի, մենք պարտավոր չենք հավատալ, որովհետև չի ասում, թե այդ դեպքում որ ընկերությունը կապ ունի: Երկու օր է, բազմաթիվ քաղաքացիներ, բնապահպաններ փորձում են ճշտել, թե հատկապես որ պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությանն է «Լիդիան Արմենիան» Ամուլսար տարել, չի ստացվում: Մի ուրիշ ձևի գաղտնի են պահում: Եվ երբ հայտարարություն են տարածել՝ պահնորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխության մասին, չեն նշել՝ ով է փոխարինում, և հիմա՝ երբ հերքման տեքստ են ուղարկել: Մի հատ էլ զգուշացնում են, որ Ամուլսարի վերաբերյալ միայն ճշտված տեղեկատվություն հրապարակենք:

Բա որտեղի՞ց ճշտենք, եթե թաքուն եք պահում: Դուք չեք ասում, մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում ենք փորձել ճշտել, ու այդպես «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության անունն է շոշափվել, ինչի համար շատ ենք ցավում: 

Այդ գաղտնապահության իմաստը ո՞րն է: Մեկ է, վաղ թե ուշ՝ իմանալու ենք: Դա հնարավոր չէ թաքցնել: Հիմա, օրինակ, որ տեղեկացանք, որ մինչև վերջերս Ամուլսարում պահնորդական ծառայությունն իրականացնում էր «Պանտեռա» ընկերությունը, ի՞նչ կար դրա մեջ, իմացանք, աշխարհը փո՞ւլ եկավ: «Պանտեռայի» մասին ինչ-որ մեկը բան ասա՞ց: Մեզ մինչև հիմա Ամուլսարն էր հետաքրքրում, իսկ հիմա սրան ավելացավ նաև այդ գաղտնի ընկերությունը: Դրա համար ենք ասում. «Լիդիան Արմենիա» ընկերությունը ոչ թե հերքել է, այլ՝ մեզ վրա մուննաթ է եկել, թե ինչի՞ եք նման բան գրել: Հերքում. նշանակում է՝ սպառիչ տեղեկատվություն ներկայացնել, որ բոլոր հարցերի պատասխանները պարզ լինեն, հարցը փակվի: Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեզ սպառիչ տեղեկատվություն չի ներկայացրել: «Ա»-ն ասել է, «բ»-ն՝ ականջի հետև գցել: 

Հիմա որ գրենք, որ նոր աղբյուրների համաձայն, պահնորդական այդ ընկերությունը ռուսական ԿԳԲ-ի կամ բրիտանական Մ-6 ծառայության մասնաճյուղն է, «Լիդիան Արմենիան» մեզ հերքում է ուղարկելու, թե բա գիտե՞ք ինչ, ԿԳԲ-ն որևէ կապ չունի: Եվ այդպես ամեն օր: Ուրեմն՝ այսպես ենք անում. մենք «Լիդիան Արմենիա» ընկերությանը հարց ենք տալիս. ո՞ր ընկերությունն է այսուհետ պահնորդական ծառայություն իրականացնելու Ամուլսարում: Կպատասխանեն, մենք դա կհրապարակենք, կգրենք, որ սխալ տեղեկություն էինք տարածել, ճիշտը սա է: Չեն պատասխանի, ուրեմն՝ հերքում չի եղել:

Հ.Գ. Համենայնդեպս, թեման ավարտենք բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնելով: Սա էլ հո բաց տեղեկատվություն է, կարող եք մտնել, համոզվել: Բնապահպանը գրել է. 

«Պահնորդական ընկերության անունը հաստատ չէ, քանի որ 2 հատ կա շատ նման անուններով։
Պարզվեց, որ Ամուլսարում իրավիճակը սրած կազմակերպության անունն է «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», որը ստեղծվել է 2020թ-ի փետրվարի 27-ին կամ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն, որ ստեղծվել է 2017թ-ին։ Եթե առաջինն է, ապա կարծում եմ հենց այս նպատակով է ստեղծվել ու որոշակի նպատակներով։

Այս երկու օրվա իրենց քայլերը տպավորություն են ստեղծում, որ կոնկրետ իրավիճակը սրելու նպատակ են ունեցել։ Հիմա բանակցություններ են ընթանում, որ իրենք անեն իրենց պահնորդական ծառայություններն առանց ուրիշներին խանգարելու ու տագնապ առաջացնելու։ Տարածքից պետք է հանվեն իրենց մեքենաներն ու հերթապահություն իրականացնող աշխատակիցներին։ Նաև իրենք չպետք է տեսանելի լինեն Ջերմուկ տանող մայրուղով անցնող մարդկանց համար»:

Հ.Գ.-2. Ներկայացնում ենք նաև Թեհմինե Ենոքյանի ռեպորտաժը՝ Ամուլսարում տեղի ունեցող զարգացումների մասին: Դուք կիմանաք, որ այս նոր պահնորդական ընկերության ներկայացուցիչները որևէ բեյջ չեն կրում, չեն հայտնում, թե որ ընկերությունն են ներկայացնում:

Պարզվում է նաև, որ նոր պահնորդական ընկերության գործունեության արդյունքում երեք շան ձագ է սատկել: Մանրամասները՝ տեսանյութում են, անպայման դիտեք: Սա է «Լիդիան Արմենիան»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2054 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ