2021 թվականի հուլիսի 6-ին ԱՄՆ-ում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
Նույն օրը, ընդգծում ենք` նույն օրը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ.
«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:
Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:
Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք:
Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում»:
Հուլիսի 15-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Հուլիսի 24-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Ջիվան Գասպարյանի աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
2021 թվականի օգոստոսի 26-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
1 օր անց՝ օգոստոսի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:
Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված են ժողովրդի կողմից: Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդն ու վաստակը հայ երգարվեստի զարգացման գործում:
Մեր ողջ ժողովուրդը Վլադիլեն Բալյանին որպես մտավորական դասել է հայ երգարվեստի մեծերի շարքում, որի ստեղծագործություններով բոլորս ոգեշնչվել ենք»:
Նույն օրը՝ օգոստոսի 27-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
4 օր անց՝ օգոստոսի 30-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հրապարակվել է հանձնաժողովի կազմը:
2021թ. հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացել է Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Վանո Սիրադեղյանը:
5 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության լրատվության վարչությունը հայտնել է, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։
9 օր անց՝ հոկտեմբերի 24-ին, Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել պետական գործչի և գրողի մահվան կապակցությամբ, իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին:
Ձեզ ներկայացրել ենք այս տարի երեք հայտնի մարդկանց մահվան և դրան հետևած՝ կառավարության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի արձագանքի, օպերատիվության, համապատասխան որոշումների ժամանակագրությունը: Չոր փաստեր են, կարող եք համեմատել, թե որի դեպքում իշխանություններն ինչպես են իրենց դրսևորել: Որ ուրիշ բան այլևս չգրենք, այսքանը բավարար է, որպեսզի հասկանալի լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վարքագիծը Վանո Սիրադեղյանի հանդեպ: Առաջին երկուսի դեպքում՝ ցավակցական հեռագրեր, սրտաճմլիկ տեքստեր, կառավարական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշումներ և այլն: Վանո Սիրադեղյանի դեպքում՝ հանձնաժողով ստեղծելու մասին ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Մեկ էլ, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Վանոյենց տուն:
Ընդ որում՝ գնացել է ուշ գիշերով, գողեգող, որ մարդ չիմանա, մարդ չտեսնի, այն աստիճան, որ լրատվամիջոցների մի մասը Վանո Սիրադեղյանի ընտանիքին այցելելու մասին լուրը հրապարակել է հոկտեմբերի 24-ին՝ ուշ գիշերին, ավելի մեծ մասը՝ կեսգիշերից հետո: Որ հնարավորինս շուխուրը քիչ լինի: Իհարկե, հասկանալի է, որ դա էլ գնացել է զուտ «գալոչկա» դնելու համար, մարդը մահացել է, 9 օր հետո ցավակցելս ո՞րն է:
Դրա համար էլ Վանո Սիրադեղյանի կինն ասաց՝ ես ինքս կհոգամ Վանոյին հայրենիք բերելու հարցերը, ձեր «գալոչկաները» ձեզ պահեք: Դրա փոխարեն ավելի լավ է, Վանո Սիրադեղյանի հասցեին «ֆեյքերի» հարձակումները դադարեցնեիք:
Մենք այս օրերին հետևել ենք, թե մեր հրապարակումների կամ այլ լրատվամիջոցների նյութերի տակ ովքեր և ինչեր են գրում: Վանո Սիրադեղյանի մասին այդ զառանցանքները, նրան վերագրվող տարատեսակ հանցագործությունները, «բա որ Վանոն էս էր արել, էն էր արել» կարգի գրառումները հիմնականում սոցցանցերում տարածում են իշխանությունների և Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերը: Հատուկ մտնում ենք դրանց էջերը, ստուգում. կամ Նիկոլ Փաշինյանի «դուխով» ինչ-որ լուսանկար է տեղադրված՝ իրենց նկարի փոխարեն, կամ՝ Ռոբերտ Քոչարյանի:
Էս, ուղղակի, որ հասկանալի լինի, թե այս երկուսը մինչև հիմա ոնց են խրտնում Վանո Սիրադեղյանից: Բառապաշարը, տեքստերը, ոճը... լրիվ նույնն է: Ոնց որ մեկը մեկից քոփի անեն, տարածեն:
Բա մեկը չլինի՞, ասի՝ արա, մեջներդ մի գրամ նամուս չկա՞, գոնե հիմա ձեր մանրությունը, ճղճիմությունը ձեզ պահեք: Չէ, չկա: Բարով-խերով իրար մեջ են բաժանել քաղաքական դաշտը, հայրենիք-հայրենիք են խաղում: