Օրերս գրել էինք այն մասին, որ իշխանություններին կոչ էր արվել Վանո Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորել կամ գոնե նրա աճյունը հայրենիք վերադարձնելու խնդիրը լուծել, ու իշխանություններից ձեն-ձուն չկա: 6 օր հետո վերջապես հայտարարվեց, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով: Դե, գոնե այդպես:
Բայց այդ հոդվածի ֆեյսբուքյան էջի տակ էն ենք տեսնում, որ մեկնաբանությունների մի հատ տարափ է սկսվել: Զգացվում է, որ մեկնաբանությունները՝ գրեթե բոլորը, ուղղորդված բնույթ են կրում, պոակական համուհոտ է գալիս դրանցից: Այդ մեկնաբանությունների հիմնական մտքերը հետևյալն են. դե, մեր լրատվամիջոցի հասցեին ինչ են գրում, էդ հեչ, դա մի կողմ ենք դնում:
Գրում են՝ բա, էս ի՞նչ եք ասում, Վանո Սիրադեղյանը փախած էր, չեք տեսե՞լ՝ ինչ ղալաթներում է մեղադրվում, սա է արել, նա է արել: Ո՞նց, բա չգիտե՞ք, բանդա էր կազմակերպել, բան:
Մի հատ եկեք տրամաբանությամբ շարժվենք. Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործերը թխվել են 1999-ին, հասկանալի է, Քոչարյանի ցուցումով, գործը սարքել է Աղվան Հովսեփյանը: Հիմա նիկոլականներն այդ մեղադրանքները տարածում են, թե տեսեք՝ ում են պաշտպանում: Այսինքն՝ նիկոլականները հալած յուղի տե՞ղ են ընդունում Վանո Սիրադեղյանի դեմ՝ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի կարած քրգործերն ու մեղադրանքները: Հաստա՞տ:
Բա էդ նույն Քոչարյանն ու Աղվան Հովսեփյանը նաև Նիկոլ Փաշինյանի դեմ են քրեական գործ հարուցել՝ մարտի 1-ի դեպքերի համար: Այդ մեղադրանքով նրան դատապարտել են 7 տարվա ազատազրկման:
Փաշինյանը մեղադրվել է ՀՀ Քրօրի 225 հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ զանգվածային անկարգություններ է հրահրել, որոնց արդյունքում 10 մարդ է զոհվել: Ու մինչև հիմա էլ Փաշինյանին շատերն են համարում մարտի 1-ի հիմնական կազմակերպիչ:
Օրինակ՝ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն անցած տարի հրապարակավ հայտարարեց, որ այո, Մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Բա հիմա այս մեղադրանքների հետ ի՞նչ անենք: Հալած յուղի տեղ ընդունե՞նք: Թող Նիկոլ Փաշինյանն ինքն ասի՝ ճի՞շտ են այս մեղադրանքները, հիմնավորվա՞ծ են, արդարացվա՞ծ են, ապացուցվա՞ծ են: Եթե նիկոլականները հիմնավորված են համարում Վանո Սիրադեղյանի դեմ մեղադրանքները, ապա Փաշինյանին վերագրվող մեղադրանքները մի հազար էդքան հիմնավորված են: Որովհետև Սիրադեղյանի ու Փաշինյանի դեմ գործեր սարքողները նույն մարդիկ են եղել: Բա ո՞նց ստացվեց, որ Սիրադեղյանի դեմ մեղադրանքներն ընդունում եք՝ որպես ավետարանոց ճշմարտություն, իսկ Փաշինյանի դեմ մեղադրանքները քաղաքական հետապնդում եք համարում:
Ընդ որում, մի բան էլ. երբ Փաշինյանը փախած էր, մեկ է, նրա համար այստեղ պայքարում էին, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվի, երբ այստեղ նստած էր, նրա համար էլի էին պայքարում, ակցիաներ էին անում, նրա լուսանկարներն ու պաստառները ձեռքներին շրջում էին քաղաքով, ու Փաշինյանի իրավունքների համար պայքարող մարդկանց թվում զգալի մաս էին կազմում Վանո Սիրադեղյանի համախոհները, կողմնակիցները, կուսակիցները, զինակիցները: Չեն ասել, դե, գիտեք, մարտի 1-ի կազմակերպման մեջ է մեղադրվում, ո՞նց պաշտպանենք, բա ժողովուրդն ի՞նչ կասի:
Բայց սա մի կողմ. թող պոակ-մոակները տան այդ հարցի պատասխանը. Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի կազմակերպիչ համարելը, դրա համար դատապարտելը ճի՞շտ են համարում: