...

«Այսօր ես չեմ իշխում ժամանակի վրա»

«Այսօր ես չեմ իշխում ժամանակի վրա»

Հարցազրույց Հրանտ Մաթևոսյանի հետ

- Հրանտ Իգնատովիչ, մենք հանդիպել ենք ուղիղ երեք տարի առաջ։ Ի՞նչ է փոխվել այդ ժամանակից՝ երկրի, հայ գրականության և անձամբ Ձեզ համար։

- Ոչինչ չի փոխվել։ Ինչպես գոմեշը ճահճում՝ ավելի խոր ենք խրվում։ Էթիկայի տեսակետից ճիշտ է, որ այդ իրականությունը չենք խոստովանում, քանզի ասված ու չասված խոսքը տարբեր արձագանքներ է ունենում։ Այնպես որ, լավ է, որ մեզ չենք համարում ճահճում խեղդվող գոմեշներ։

- Մեր ժողովուրդն այսօր ապրում է «Ով կարող է, թող գլուխը փրկի» սկզբունքով։ Ի՞նչը կկանգնեցնի արտագաղթի չնվազող հոսքը։

- Եթե համադրենք 20-ական ու 90-ական թվականները, առաջին դեպքում ամբողջ հայ ժողովուրդը, քիչ բացառություններով, ձգտում էր դեպի Սովետական Հայաստան։ Բայց ավարտվեց այդ դարաշրջանը, և սկսվեց հակադարձ ձգտման շրջանը՝ դեպի երկրից դուրս, և ոչ բռնապետությունը, ոչ երկաթե վարագույրը չէին կարող մարդկանց զսպել... Մենք նոր ժամանակներ մտանք՝ պարտություն կրելով։ Բանվորը տանուլ տվեց բանվորին, ինժեները՝ ինժեներին, գրողը՝ գրողին։ Մենք պետք է դիմանանք մրցակցության փորձությանը, մեզ թափ տանք ու միանանք աշխարհի մյուս ժողովուրդների երթին։ Չի կարող պատահել, որ ժողովուրդը, պետությունը գոյություն ունենան ու հանկարծ ընդմիշտ անհետանան։ Մենք կորցրել ու կորցնում ենք աշխարհի հզորների՝ ֆրանսիացիների թե գերմանացիների շարքում լինելու հավակնությունները, բայց, անկասկած, կգտնենք մեր տեղը ժողովուրդների ընդհանուր շքերթում։

- Բայրոնը ժողովրդավարությունը համարում էր մարդասպանների արիստոկրատիա, իսկ Ստենդալը՝ կառավարման ստորին ձև։ Արդյոք իզուր չհրաժարվեցի՞նք մեզ համար այդքան սովորական դարձած տոտալիտարիզմից, երբ մեր փոխարեն մտածում ու որոշում էին, իսկ մեզ մնում էր միայն աշխատելը։

- Ոչ մի դեպքում։ Այսօր էլ աչքիս առաջ է երեկվա ծույլ, անկամ հասարակությունը, երբ մեզնից մեր հնարավորությունների նվազագույնն էր պահանջվում։ Ես կարծում եմ, որ ամեն մարդու մեջ արիստոկրատը նստած է, և ես երբեք ինձ թույլ չէի տա այդքան կտրուկ արտահայտվել մարդկանց ու հասարակության մասին, թեպետ տեսնում եմ, թե այսօր ինչ է անում ամբոխը։ Տոտալիտարիզմն արտահայտվեց մեր երկրում իր բոլոր ձևերով ու զոհվեց՝ սպառելով իրեն, ավարտվեց՝ պարտություն կրելով։ Թեպետ և ձևավորվեց մարդկանց գեղեցիկ, քրիստոնեական հանրություն՝ ի տարբերություն ներկա ջունգլիների։ Ահա վերջերս մեզնից հեռացած նկարիչ Հենրիկ Սիրավյանն այդ հանրությունից էր։

- Ի՞նչ վկայեց Հայաստանի ԳՄ 13-րդ համագումարը։ Ինչի՞ց էին այդքան զայրացած ու բորբոքված Ձեր գրչակից ընկերները։

- Հարցը տարողունակ է ու ընդգրկուն։ Դեռ երեկ գրողները կաստա էին, որ իրենց հանապազօրյա հացը գրչով էին վաստակում, իսկ այսօր ոչ գիրքը, ոչ խոսքը հաց չեն տալիս, միևնույն ժամանակ գրականության մրցունակությունը պահանջում է, որ պրոֆեսիոնալները զբաղվեն միայն իրենց գործով, իսկ գրքերը հասարակության մեջ տարածվեն, բայց այսօր ոչ հացը կա, ոչ գրական ստեղծագործության տարածումը։ Տրտունջներ կային, որ կարելի էր ավելի լավ կազմակերպել հանրապետության գրական կյանքը։ Դե ինչ, դրանք լավ հավակնություններ են, թող փորձեն։

- Մեզ երկար մխիթարում էին դրական հերոսի կերպարով՝ կյանքում ու գրականության մեջ։ Բայց, գուցե, ճիշտ է ժամանակակից ֆրանսիացի գրող Ալեն Ռոբ-Գրիյեն, որ պնդում է, թե՝ «Կենդանի հերոսը կարող է միայն բացասական լինել։ Իր ամբողջ կենսական էներգիայով, իր ամբողջ կենսագրությամբ ու բարեմասնություններով՝ ինտելեկտուալ, էրոտիկ, մկանային (Օ, Սիզիփոս)՝ նա հակադրվում է դրական հերոսին»։ Ի՞նչ է Ձեզ համար նշանակում «դրական հերոս» հասկացությունը։

- Իսկ կյանքում Քրիստոսը դրակա՞ն հերոս էր։ Չգիտեմ ինչու է այդպես ասել ֆրանսիացի գրողը, բայց կարծում եմ, որ Աստված ապրում է մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Եվ բացառապես մեր մտքի ծուլության պատճառով ենք մարդուն մահից հետո դրական, իսկ կյանքում բացասական ու չար գնահատում։ Այսօր պետք է Գարեգին Նժդեհ տեսնել Վազգեն Սարգսյանի մեջ, այսօրվա սպարապետի մեջ տեսնել Վարդան Մամիկոնյանին։ Ես վստահ եմ, որ իմ երեխաները իմ պապերից գեղեցիկ են ու նրանց երեխաները ինձնից գեղեցիկ են լինելու։

- Վերջերս ռուս մի մարդ հեռուստացույցով հաստատում էր, որ արվեստի ապագան դիլետանտ-վայրենիներն են։ Ժամանակակից երիտասարդությանը տեսնելով՝ սկսում ես դրան հավատալ։ Գուցե իրոք ինտելեկտի ու էրուդիցիայի ծանրությունը ներքև է քաշում։

- Դա տասնհինգամյա վաղեմության հարց է, երբ հորձանք տվեց մասսայական կուլտուրան ու մեզ թվում էր, որ կարելի է կասեցնել այդ շարժումը։ Այդպես էին մտածում նույնիսկ Եվրոպայում և, մտահոգվելով մշակութային հորիզոնների մասին, պայքարում էին այդ արշավանքի դեմ։ Բայց դա պարտության դատապարտված պայքար է, մասսայական կուլտուրան գրավելու է ամբողջ աշխարհը, և այդ մակարդակի վրա ծնվելու են նոր ինտելեկտուալներ, նոր անհատականություններ։ Կոստան Զարյանն ասում էր, որ երեկվա մշակույթը հովիվների մշակույթն է, այսօրվանը՝ քաղաքակրթության մասն է։ Այսօր այլ ճանապարհներով է ձեռք բերվում մշակույթի վերջնանպատակը՝ մարդկությանը հուզական ու ինտելեկտուալ հզորություն ներշնչել։ Քրիստոնեությունը ոչնչացրեց դասական մշակույթը, խտացրեց տարածությունը, թվում էր, որ դա Արիստոտելների վախճանն է, բայց այդ հարթ ջրային տարածքում նոր անուններ առաջ եկան։ Անկասկած է, որ ժամանակները և ազգերը (լեզուները) միշտ պատվախնդրորեն ձգտել են համր ու չարտահայտված չմնալ։ Համաշխարհային քարտեզն անապատ չէ, և անհատականությունները շատ են։ Ազգը չպիտի լռի՝ Շեքսպիրը չի ստիպել լռել ռուսներին, ծնվեց Պուշկինը, Հայաստանում՝ Թումանյանը...

Զրույցը վարեց ԶՈՒԼՖԱ ՕՀԱՆՅԱՆԸ, «Ուրարտու» (“Урарту”),  21, 2001 թ.

Շարունակելի

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ