...

«Այսօր ես չեմ իշխում ժամանակի վրա»

«Այսօր ես չեմ իշխում ժամանակի վրա»

Հարցազրույց Հրանտ Մաթևոսյանի հետ

Սկիզբը

- Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությանը։ Ինձ, խոստովանեմ, բնազդաբար տագնապ է պատճառում տոնախմբությունների բարձրագոչությունը, քանի որ մարդու ներաշխարհին, հոգուն պետք է հանդարտ, խնամքով ու աննկատ հպվել։

- Քրիստոնեությունը և եկեղեցին մեր կյանքում այնքան տեղ պետք է զբաղեցնեն, որքանին արժանացել են։ Այդ պատճառով պետք չէ ոչ չափազանց ոգևորվել առաջիկա տոնակատարություններով, ոչ դատապարտել, քանզի մեր ազգը և պետությունը այդ առիթով համախմբվում են, գրավում են համաշխարհային հանրության ուշադրությունը, դուրս են գալիս միջազգային ասպարեզ։

- Ո՞րն է ապրած կյանքից արված գլխավոր եզրակացությունը։ Ի՞նչ արդյունքներ կան։

- Ես ամփոփել չեմ կարողանում։ Պետության ու կառավարության արածներից ու չարածներից միայն կարող եմ ասել՝ կանեի, թե չէի անի այս ու այն։ Ես ինձ համարում էի ազգի ինտելեկտուալներից մեկը, բայց այն, ինչ մտածում էի ազգի ու պետության մասին, արվեց - Ադրբեջանում թե Չեչնիայում կամ Թուրքմենիայում ու պարտվեց, և հազիվ թե կարելի է լավ իրականություն համարել այն, ինչ մենք չենք արել ազգային առումով։ Եվ այնքան սխալներ եղան... Ինչո՞ւ հապաղեցինք ու չմտանք Նախիջևան։ Ուշ հասկացանք, որ մեր հարցերը ինքներս պիտի լուծենք։ Բայց մեզնից շատերը դա մինչև հիմա չեն գիտակցել և մնացել են երեկվա օրվա մեջ...

- Կարո՞ղ է գոյություն ունենալ ճշմարտությունը, բարին մեզնից դուրս, իսկ իրական կյանքը՝ միայն մեր հոգում։

- Օբյեկտիվ աշխարհը մեր սուբյեկտիվ ընկալումն է։ Ինչպիսին մենք ենք, այնպիսին էլ աշխարհն է։ Ոչ վաղ անցյալում ես դուրս էի գալիս պատշգամբ ու նայում էի երկու թափառական շնաձագերի վազվզոցին մեր բակում։ Նրանցից մեկը անհետացավ, կարծում էինք՝ խփել են։ Եվ ահա՝ երկրորդ շնիկի համար ոչինչ էական չփոխվեց, նա շարունակում էր երևակայական ընկերոջ հետ խաղերը, նույն խաղացկուն պարերն էր պարում, քանզի կենդանի շնիկը ընդամենը նրա երևակայությունն էր։ Այնպես որ, իրական աշխարհը մեր ընկալումների պատկերն է։

- Այսօր արդեն մարդն ու ամբողջ աշխարհը խաղում են «Լինել, թե չլինել», ընտրելով «սեփական արշավանքն ընդմիշտ կամ վերջնական անհետացման» միջև։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք. Ձեզ իբրև գրողի, ի՞նչ է հուշում ստեղծագործական բնազդը։

- Ես կարծում եմ, որ Ձեր հարցն ավելի շուտ նեղված երկրի բնակչի հարց է։ Բայց մարդը, նույնիսկ իմ թշնամին, այն հիմարն ու խելահեղը չէ, որ անդունդի եզրից չհեռանա։ Թեպետ շատ օրինակներ հաստատում են՝ ինչպես են ջինը շշից դուրս թողնում, բայց ավելի շատ օրինակներ կան՝ ինչպես են նրան փակի տակ պահում, և դա սիրո, համբերության, խելամտության դրսևորում է։ Պատրանքը մարդկային գոյության անհրաժեշտ բաղադրիչ է։ Առանց պատրանքի սև մահ էր լինելու, պատրանքը դառնում է կյանքի ձև, և այդ դեպքում իմ ստեղծագործական բնազդը տրվելու է պատրանքին, ու կեցցե այդ խաբեությունը, որ իրականություն է դառնում, որի շնորհիվ շարունակվում է կյանքը և պետք է «լինել»՝ շնորհիվ խաբեության, այլ բան ես չեմ ընդունում։ Ի՞նչ օգուտ կործանումի, հավերժական կյանքի ժխտման ընդունումից։ Իսկ այդ խաբեության օգուտը վիթխարի է՝ հանգիստ, խաղաղ ժողովուրդ, որ վստահ է ապագա բարեկեցությանը։ Մարդկությունը պիտի ուժ ունենա խաբեության շնորհիվ շրջանցել կործանումը՝ ապոկալիպսիսը։

- Մարշակը գրում է. «Թող կզաքիսի մորթով չգայթակղվի արքայի դերը խաղացող դերասանը»։ Բայց չէ որ անշահախնդրությունը վերաճում է կամ հիմարության, կամ վախկոտության։ Եվ կենդանի մարդը չի կարող չգայթակղվել գեղեցիկով, փառքով, հարստությամբ, պատվով։ Ի՞նչը կարող է մարդուն ետ պահել այդ ամենից։

- Ոչ այդքան ընդգրկուն, բայց դա ես այսպես եմ կարծում՝ մարդկությունը ղեկավարվում է կերպարներով, և այսօր մենք, հայ ժողովուրդը, տանում ենք ոչ մեր կերպարը, այլ հարստության ու գեղեցկության կերպարը, աշխարհի պատկերը, որ մեզ մոտ եկել է Հոլիվուդից ու ստիպել է իրեն ընդունել։ Սոցիալիզմը մեր մեջ թույլ էր արտահայտված, բայց թույլ չէր տալիս մարդուն դուրս շպրտել, մենք մեր դրոշը պիտի հյուսեինք սոցիալիզմի, քրիստոնեության, արդարության գաղափարներից։ Եթե ի սկզբանե եղել է խոսքը, ինչո՞ւ կործանվեց համակարգը։ Որովհետև դա կիսատ, անազատ խոսք էր։ Մշակութային պայքարում մենք պարտվեցինք, որովհետև գրողները, նկարիչները, դերասանները դարձան համակարգի գաղափարախոսներ, բավարարվելով ձևավորողների դերով։ Այդ պատճառով էլ մենք չունեինք մեր կերպարը, և մեզ տվեցին պատրաստի կերպար, որ բացարձակացվել էր եսից, գեղեցկությունից ու հարստությունից։ Պետք էր Քրիստոսի վճռականությունը, որպեսզի մարդուն ետ պահեր կրքերից ու գայթակղություններից։ «Մենք»-ի ոգով դաստիարակված մարդու մոտ օվկիանոսի այն կողմից, Եվրոպայից եկավ «ես»-ը, և՛ տոտալիտար քրիստոնեությունը, և՛ տոտալիտար կոմունիզմը ենթարկվում են «ես»-ի հասարակության իշխանությանը։

- Այսօր այնպիսի հասկացություններ, ինչպես ազատությունը, անկախությունը, ազգային գաղափարախոսությունը ընկալվում են իբրև առասպելական, ընդ որում՝ պսակազերծված։ Ի՞նչ նոր առասպելներ կարող է մեզ առաջարկել վաղվա օրը։

- Սփյուռքի իմ գործընկերներն ավելի լավ կպատասխանեն այդ հարցին, ես միշտ մնացել եմ նրանց թիկունքում։ Թվում է՝ ամեն ինչ իմաստավորված է մտքով, բայց իրականությունը մեզնից դուրս է մնում, մենք չենք կարող ներքին ու արտաքին քաղաքականությունը վերլուծել ու դարձնել մեր գործողությունների հիմք։ Ազգը մտքի թուլություն ցուցադրեց ազգային գաղափարում։ Եվ եթե սկզբում ես ընկալման թարմության շնորհիվ կարող էի բանաձևումներ տալ, այսօր թարմությունն անցել է, ու ես լողում եմ հոսանքով, բայց չեմ իշխում ժամանակի վրա։ Պատմության համայնապատկերը մեզ սովորեցնում է. պանսլավոնականությունը կործանվեց, պանիսլամականությունը՝ նույնպես, պանթուրքականությունը ևս կործանվելու է։ Հաղթում է մարդու գաղափարը, և չկա ավելի բարձր գաղափար։ Այդ պատճառով պետք է ակնածանք ունենալ յուրաքանչյուր մարդ-միավորի նկատմամբ, անհրաժեշտ է պահպանել նորահայտ Քրիստոս, Նապոլեոն, Մարքս լինելու հավակնությունները։ Այսօրվա աշխարհը պետք է դառնա մարդու պատկերը, որ ազատագրվել է ազգային, սոցիալական, կրոնական շղթաներից։ Չէ որ երգում է, խաղում է, ստեղծում է միայն մարդը...

Զրույցը վարեց ԶՈՒԼՖԱ ՕՀԱՆՅԱՆԸ «Ուրարտու» (“Урарту”), 21, 2001 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ