...

Ազատավանի ողբերգությունը և Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Ազատավանի ողբերգությունը և Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Մի քանի օր առաջ 15 հայ տղաներ, հայ զինվորներ ողջակիզվեցին։ Ողբերգության բուն պատճառը պետք է պարզի քննությունը։ Սակայն տարբեր վարկածներ են շրջանառվում։ 

Մեր ուշադրությունը գրավեց բազմաթիվ կարծիքներից մեկը։ ՖԲ օգտատերը պնդում է, որ 2021-ին այս դեպքի վայրից 5 կմ վերև նույն բանն է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի։ Սակայն «Երեք օր հետո այդ հատվածում թուրքերը հարձակվեցին, ու 5 կիլոմետր եկան առաջ ու հասան այնտեղ, որտեղ հիմա նստած են ու այսօրվա պաժառի տնակից 3 կիլոմետր են հեռու հիմա թուրքերը․․․»։ 

Թե՛ գրառման հեղինակը, թե՛ բազմաթիվ քաղաքացիներ, ռազմական փորձագետներ պնդում են, որ կորպուսի հրամկազմի փոփոխությունը ոչ մի լավ բան չի խոստանում։ Մարդիկ պնդում են, թե պաշտոնանկ արված հրամանատարները «նախանցյալ ու անցյալ տարվա հարձակումների ժամանակ կռվել են մինիմալ կորուստներով», կարողացել են հետ մղել ադրբեջանական վերջին հարձակումը՝ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով։

Փաստե՞ր են․ գուցե, սակայն այս իշխանության օրոք ճշմարտություն պարզելու փորձ անելն անիմաստ է։ Այնուամենայնիվ ակնհայտ է մի կարևոր բան․ հետևողականորեն վարկաբեկվում է բանակը։ Ինչ-որ պահի թվում էր, թե Նիկոլ Փաշինյանն ու թիմը սա անում են սեփական մեղքը կոծկելու համար։ Բայց հունվարի 19-ի ողբերգությունից անմիջապես հետո՝ հունվարի 21-ին երկրի վարչապետը պարեկային ծառայության ստորաբաժանումների շռնդալից մեկնարկ էր կազմակերպել։ Այս փաստը, կարծում ենք, կասկած չի հարուցում։ Քննարկման ենթակա չէ նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը պարեկներին մեծագույն ուշադրության է արժանացնում այն ժամանակահատվածում, երբ ցանկացած նորմալ ղեկավար նախ և առաջ պետք է զբաղվեր բանակի խնդիրներով։ Նշենք՝ թվում էր, թե սա անում է սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն բանակի և պարեկային ծառայության հակադրությունը ստիպում է, որ հիշենք Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ․,դեկտեմբերի 2-3)։ 

Մի՛ զարմացեք։ Դա մեր ազգային խայտառակություններից մեկն է, որի վավերացումից և իրագործումից մազապուրծ եղանք Դրոյի և Քաջազնունու շնորհիվ։ 

Սեղմ ներկայացնեմ Թուրքիայի հետ ստորագրված փաստաթղթի էությունը․

1․ Հայաստանը զրկվում էր ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր (հոդված 4)։

2․ 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ պայմանագրի կետերի կատարման տեսչություն և հետաքննություն կատարել։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։

3․ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Այսինքն՝ Թուրքիան անընդհատ պատրվակներ կունենար այդտեղից երբեք դուրս չգալու համար։

Պարզաբանենք։ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը քայլ առ քայլ իրագործում են այն, ինչից մի կերպ ազատվեցինք նախորդ դարի 20-ականներին՝ նախ և առաջ հարվածելով բանակին։ Պարեկներ պահել մեզ առայժմ թույլ կտան, նրանք ԱԹՍ-ներով կամ ՀՕՊ համակարգերով զինված չեն․․․

Նշենք, որ այն ժամանակ բոլշևիկյան Ռուսաստանը հետ էր գրավում կայսրությունից անջատված տարածքները։ Այսօրվա Ռուսաստանի ճակատագիրը և մտադրությունները ոչ մի հույս չեն ներշնչում։ Եվ եթե թուրքերը հետևողականորեն իրականացնում են իրենց ծրագրերը, մենք 2020-ի պատերազմից հետո չենք կարողանում ուշքի գալ և լուծել գլխավոր խնդիրը։ Մեզ նորմալ իշխանություն է պետք։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ