Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր: Օրակարգը հագեցած է լինելու: Բազմաթիվ միջոցառումներով բնակչությանը կիրազեկեն Հայաստանում բնապահպանական խնդիրների, հանքարդյուանբերության բացասական հետևանքների մասին: Խնդիրների մասին հասարակությանը կիրազեկեն տարբեր ֆորմատներով՝ ֆլեշ մոբերով, սիմվոլիկ ակցիաներով: Ամուլսարի պաշտպանությանը կմիանան նաև ավտոերթով, հեծանիվներով և մոտոցիկլներով: Կլինի նաև «Ամուլսարի պաշտպանությունը՝ ամեն տնից» ակցիային: #SaveAmulsar գրություններով դրոշներ և պաստառներ կկախվեն ամեն տան պատուհաններից:
Տարաբնույթ միջոցներով բարձրաձայնվելու են նաև Կլիմայական ճգնաժամի, բնապահպանական աղետների մասին, բայց կենտրոնում լինելու է Ամուլսարն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Հենց այդ օրը Ջերմուկի բնակիչները և բնապահպանները նշանակել են երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։
«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության» անդամ Աննա Շահնազարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պահանջելու են դադարեցնել Ամուլսարի հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքեր կան: Բնապահպան- ակտիվիստը կրկին պնդեց, որ հանքի ծրագիրն անօրինական է և աղետաբեր է:
«Եթե «Էլարդի» հիմնական եզրակացությունն այն է, որ «Լիդիանը» թերագնահատել է բացասական ազդեցությունը, ապա դրա տողակատում երևում է, որ բացասական ազդեցությունն ահռելի է: Նույն «Էլարդի» ցեկույցի մեջ դրանք մանր տառերով գրված են: Ընդհանուր եզրակացությունը շատ ավելի մեղմ է, քան ինչ- որ գրել են զեկույցի էջում: Այսքանից հետո կառավարության ուսերին է ամբողջ պատասխանատվությունն՝ իր արած սուտ տեղեկությունների տարածման համար»,- շեշտեց նա:
Բնապահպանը սուտ է որակում կառավարության այն հիմնավորումը, թե Ամուլսարը փակելու հարցում իրավական հիմքեր չկան: Նա մեկ այլ հայտարարությունն էլ է մանիպուլյացիոն համարում:
«Սուտ է նաև այն, որ ասում են, թե հանքը պետք է շահագործվի, որովհետև ազգային անվտանգության և պատերազմի խնդիր ունենք: Անառարկելի փաստ է, որ հանքը լուրջ բնապահպանական խնդիրների է բերելու: Ես որպես քաղաքացի իմ կյանքի, գոյատևման, իրավունքի հարցն եմ լուծում և այդ հարցը ոչ բռնի եղանակով եմ լուծում՝ Սահմանադրությամբ ինձ տրված բոլոր լիազորություններով: Ես եմ որոշում, թե կառավարությունն ինչ պետք է անի: Եթե կառավարությունն ուրիշ բան է անում, դա իր պատասխանատվությունն է»,- նշեց Աննա Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Ամուլսարի հարցն այսօր Ջերմուկի տարածքից դուրս է եկել: Անկախ վարչապետի Ամուլսարը ապաշրջափակելու կոչի՝ բնապահպանը պնդում է, որ պայքարելու են մինչև վերջ:
Հավելենք, որ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է Մաշտոցի պուրակից, ժամը 13։00-ին: Արդեն 18։30-ին Երևանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը կմիանան Օպերայի մոտ, որտեղից կսկսվի երթը։
Հանքարդյունաբերության դեմ բողոքի գործողություններ կլինեն նաև հանրապետության ազդակիր համայնքներում: Ալավերդիում, Կապանում և այլ վայրերում, որոնք հանքարդյունաբերության հետևանքներն իրենց մաշկի վրա զգում են, բողոքի նոտա կհղեն: