(ֆուտուրիստական)
Եկեք պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե ուսապարկերի ռեժիմը հրաշքով կամ կեղծիքներով վերարտադրվի: Ընդ որում, պատկերացնելիս հենվենք նրանց եռամյա «գործունեության» արդյունքների վրա, ռեալ արդյունքների՝ չիրականացված խոստումներ, պատերազմ և պարտություն, Հայաստանի և Արցախի հայության անվտանգության քայքայված համակարգ:
1. Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանի իշխանությունը, փորձելու է վերաբաշխել սեփականությունը, որովհետև պարտք է իր ցուցակում ընդգրկված խոշոր կամ կիսախոշոր գործարարներին: Այսինքն՝ երկրում հրահրելու է տնտեսական պատերազմ, որն էլ քաղաքացիական բախումների գլխավոր առիթն է եղել միշտ:
2. Ն. Փաշինյանը փորձելու է «սեփականաշնորհել» դատական համակարգը: Այսինքն՝ օգտագործելով նախկինների բոբոն՝ «հին» դատավորներին փոխարինելու է «նորերով»: Իրականում հնի ու նորի տարբերությունը միայն հետևյալն է. «նորերը» հավատարմության երդում են տալու իրեն և ծառայելու են իրեն՝ որպես հաշվեհարդարի բութ գործիք: Նպատակը անձնիշխանության լիակատար հաղթանակն է և 1-ին կետի շահառուների իղձերի իրականացումը:
3. Երկրի անվտանգությունն ապահովել չեն կարողանալու, որովհետև դրա համար ո՛չ խելք ունեն, ո՛չ փող, ո՛չ դաշնակիցներ:
Դեսուդեն են ընկնելու, միջազգային հարթակներում դաշնակիցներ են որոնելու՝ խորացնելով Հայաստանի մեկուսացումը, ավելի ու ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին:
4. Հայաստանը վատագույն դեպքում վերածվելու է Սիրիայի, լավագույն դեպքում՝ Ռուսաստանի ծայրագավառի: Ն. Փաշինյանն ի զորու չէ նորմալ, հավասարակշռված քաղաքականություն վարելու, ինչն ապացուցել է պատերազմից առաջ և հետո, և հատկապես՝ պատերազմի ժամանակ: Նա ուղղակի չի հասկանում, թե իրեն ինչ են ասում միջազգային գործընկերները, նա չի լսում մասնագետներին:
Պարզաբանենք նրանց համար, ովքեր չեն ըմբռնում, որ երկիրը վերացական գաղափար չէ, երկիրը մենք ենք՝ շարքային քաղաքացիներս: Վտանգի պահին մենք անգամ բունկերներ չունենք թաքնվելու համար, ռազմի դաշտում մեր որդիներն են զոհվում, իսկ կառավարության անդամներն ու օլիգարխները ունեն կառավարական կամ սեփական ինքնաթիռներ և ամեն րոպե կարող են լքել կործանվող հայրենիքը:
Այդպես արդեն եղել է նախորդ դարի 20-ականներին: Այն ժամանակվա իշխանության բազմաթիվ անդամներ լքել են հայրենիքը, իսկ բոլշևիկյան տեռորի պտուղները քաղել են «շարքային» քաղաքացիները: Բայց հիմա նույնիսկ բոլշևիկները չկան...
Ամփոփենք՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասը չպետք է վերարտադրվի: Լրջացե՛ք. հայրենիքը վերացական գաղափար չէ. Հայաստանը մենք ենք և մեր զավակները:
Գրիգոր Խաչիկյան