Օրերս շատերն էին մեծ ոգևորությամբ տարածում Վրաստանի կառավարության որոշումը՝ փոխհատուցելու քաղաքացիների կոմունալ վճարները: Նրանց մեջ հատկապես շատ էին նրանք, ովքեր առնչություններ ունեն նախկին իշխանությունների հետ: Կային նաև այնպիսիները, որ համագործակցության հարուստ փորձ ունեն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Երկու օր առաջ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Վրաստանի կառավարությանն է հատկացնում 30 միլիոն դոլար: Վրաստանի կառավարության որոշման մասին գրառումներ անողներից և ոչ մեկը չի ցանկանում հայ հասարակության հետ կիսվել նաև Իվանաշվիլիի որոշման մասին:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Միգուցե մեր մեծահարուստներն էլ տեղեկանան Իվանաշվիլիի արարքի մասին, հուզվեն և մի փոքր ավելի լուրջ նպաստ բերեն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Իվանաշվիլիի ունեցվածքը Ֆորբսը գնահատում է շուրջ 6 միլիարդ դոլար, գրեթե նույնքան էլ գնահատում է Սամվել Կարապետյանի ունեցվածքը՝ 5 միլիարդից մի փոքր ավել:
Իսկ գիտե՞ք, թե որքան է Սամվել Կարապետյանը հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ 200 հազար դոլար: Այսինքն՝ նույնքան կարողություն ունի, որքան Իվանաշվիլին, բայց հատկացրել է 150 անգամ քիչ գումար:
Իմիջիայլոց, բարի մարդը, որին ամբողջ աշխարհում ընդունում, հարգում և համապատասխան մեծարում են և որի կարողությունը նույնպես առանձնապես չի զիջում Իվանաշվիլիի կարողությանը, ավելի քիչ գումար է հատկացրել, քան անգամ Սամվել Կարապետյանը: Այնպես որ, ԲՀԿ-ականները թող մի փոքր զուսպ տարածեն Վրաստանի կառավարության որոշումը: