Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով գործընթացը ձգձգելու փորձերի մեջ մեղադրանքները, հիշեցրեց, որ մարտի 1-ի գործով դատավարությունն ընթանում է 2019-ի մայիսից. «Գործը բացառիկ է. նիստի 3 ամիս չի անցկացվել «գործը Դավիթ Գրիգորյանից խլելու» օպերացիայի պատճառով: Ապա 3 ամիս բացակայեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Հարցեր կարելի է ուղղել ԲԴԽ-ին և դատարանի ղեկավարին: Դատարանի որոշումը հստակ ցույց է տալիս՝ ինչու»:
«ՉԻ». Եկեք պարզ թվաբանություն անենք: Մարտի 1-ի գործով դատավարությունն ընթանում է 2019-ի մայիսից: Այսինքն՝ 12 ամիս: Ընդունենք, որ դրանցից 3 ամիսը գնացել է Աննա Դանիբեկյանի բացակայության վրա (թեպետ այդ բացակայության մի մեծ մասը կապված էր կորոնավիրուսի պանդեմիայի և դրա հետ կապված սահմանափակումների հետ, բայց համարենք, որ դատավորն է բացակայել):
3 ամիսն էլ՝ «գործը Դավիթ Գրիգորյանից խլելու» օպերացիայի պատճառով է անցել: Թեպետ այդ խնդիրն առաջացել է հենց փաստաբանական խմբի և դատավորի միջև նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, բայց, դա էլ ընդունեցինք:
Տակը ի՞նչ մնաց. 6 ամիս: Բա այդ 6 ամիսներն ո՞ւր կորան: Ասել է, թող դա էլ ասի: Պիտի ասեր, որ մնացած ժամանակահատվածում Քոչարյանի փաստաբանները աստված գիտի, թե քանի միջնորդություն են ներկայացրել: Միջնորդություններ, որոնց միակ իմաստը միջնորդություն անելն էր ու ժամանակ ձգձգելը: Միայն երկու դատական նիստ ծախսվել է Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունների վրա: Այսինքն, փաստաբաններն ամեն ինչ անում են, որ դատավարությունը չսկսվի, հազար ձևի հնարքներ են գործում, հետո մեղքը գցում ուրիշների վրա:
Չնայած, լավ են անում. ինչքան դատավարությունը ձգձգվի, այնքան շատ փող կաշխատեն: Փաստաբանները ժամով են վճարվում: