...

Վահե Հակոբյանի երազը

Վահե Հակոբյանի երազը

Քթի տակ երգելով, տնից իջնում է ավտոտնակ, որտեղ իրեն սպասում է ավտոմեխանիկը: «Para, Para, порадуемся, на своем веку...»... երգում է ինքը ու բարևում ավտոմեխանիկին: «Գիտե՞ք, այս քանի օրը գունավոր մետաղների բորսայում գներն իջնում են»,- ասում է ինքը:

«Կբարձրացնենք»,- պատասխանում է մեխանիկը:

«Եվ ընտրությունների արդյունքներից վատ հոտ եմ առնում»:

«Կհոտոտենք»:

«Եվ Քոչարյանին տեսնելիս սիրտս նվաղում է»:

«Կշոշափենք»:

«Եվ...»: «Գարաժի դուռը բաց»,- չի դիմանում մեխանիկը:

Ինքը ավտոտնակի կոդը հավաքում է, հետո պառոլն է գրում, հետո դեմքի իդենտիֆիկացիայով դուռը բացում է ու տեղում սառած մնում. ուղղաթիռը չկա:

Սփրթնած, վռազ զանգում է Քոչարյանին. «Շեֆ, ուղղաթիռս թռցրել են»: 

«Բա ես ի՞նչ ասեմ,- պատասխանում է Քոչարյանը,- առավոտը վեր կացա, տեսնեմ «Արդշինբանկի» 100 տոկոս բաժնետերը Գռզոն ա դարձել: Ուզեցի մեքենա կանչեմ, էն էլ «Տոյոտայում» խուզարկություններ են գնում, ավտո չունեմ»:

«Բա հիմա ի՞նչ ենք անելու»,- վհատված հարցնում է ինքը:

«Կարա՞ս, էն ինչ են ասում, Գուգլ-տաքսի կանչես»:

«Երևի նկատի ունես Yandex-տաքսի՞»:

«Հա էլի, դա»:

«Իմաստ չունի, շեֆ ջան, ո՞նց պիտի վճարեմ, մոտս մանր փող չկա»:

«Դե ուրեմն, 911 կանչի»:

Ինքը զանգում է 911 և կես րոպե հետո տան մոտ հայտնվում են պարեկային ծառայության երկու մեքենա. մեկի վրա գրված է «PATRON – 911», որտեղից դուրս են գալիս հեղափոխության պարեկային պահապանները, իսկ մյուսի վրա գրված է. «TATRON – 9+1+1+», որտեղից դուրս է գալիս ՊՊԾ հրամանատար Արգիշտի Քյարամյանը:

«Ի՞նչ խնդիր ունեք»,- հարցնում է Քյարամյանը:

«Իմ «Bentley» մակնիշի ուղղաթիռն են գողացել»,- պատասխանում է ինքը:

«Եթե ձերն է, ապա ներկայացրեք դրա ծագման հիմքերը»:

«Դե,- կարկամում է ինքը,- էդ, երբ... էն որ... ժամանակին... ես... մի խոսքով... գիտե՞ք, որ պղինձ էի հավաքում, հանձնում... կարճ ասած, տատս է Քուվեյթից ուղարկել, նվիրել է»:

Քյարամյանը փայտիկով հարվածում է իր ուսին և քմծիծաղ տալիս. «Թքիր փայտիկին: Եկեք իմ հետևից»:

Ինքը սարսափած զանգում է Արամ Վարդևանյանին. «Արամ ջան, հասի, ինձ տանում են»:

«Դիմացի, Վահե, 17 հոգի նույն բանի համար զանգել են: Պրծնեմ, գամ, շատ չէ, չորս օրից»:

Ինքը հուսահատությունից գոռում է, բայց հեղափոխության պարեկները ձեռքերից բռնած, փողոցն են անցկացնում ու բաց թողնում: Ինքը ուզում է հեռանալ, բայց քանի որ ետ է վարժվել քայլելուց, տեղում թրմփալով փռվում է ասֆալտին»:

Արթնանում է՝ ըստ օդում կախված լուրերի: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ