Ցավոք, օրվա իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն։ Բացառությունը 1991-ին ընտրված Նախագահը և նրա մի քանի զինակիցներն էին։
Ինչո՞ւ։
Որովհետև գոնե վերջին 200 տարում հայ քաղաքական միտքը միֆերից և սեփական ցանկություններից ու մոլորություններից հրաժարվելու նշաններ ցույց չէր տվել։
1988-ի Շարժումը և անկախության առաջին շրջանը՝ 1991-1998-ը, առանձնանում են յուրօրինակ իրատեսությամբ և բանականության հաղթանակով։ Եվ այո՛, դրան մեծապես նպաստող գործոնը լիդերների անձնական հատկանիշներն էին։
Չլիներ ՀՀ առաջին իշխանության, հատկապես Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կշռադատված, գիտական վերաբերմունքը պետության համար կարևորագույն հարցերում, ո՛չ հաղթանակ կունենայինք, ո՛չ էլ անկախություն։
Չլիներ Նախագահի իրատեսությունը, չէր լինի Հայաստանի նկատմամբ արտաքին աշխարհի այն վստահությունը, որ թույլ տվեց մեզ հաղթահարել անհաղթահարելի թվացող խնդիրները․
1․ 1991-1994 թթ․ պատերազմը՝ ուղեկցող բոլոր երևույթներով՝ շրջափակում, էներգետիկ և տնտեսական ճգնաժամ․
2․ Միջազգային ասպարեզում բարդագույն խնդիրների լուծում․ օր․՝ Հայաստանը ագրեսորի կարգավիճակից և պատժամիջոցներից զերծ պահելը․
3․ Անկախ Հայաստանի պետականության կայացում պատերազմի պայմաններում։
Սա եղել է։
Ոմանք այս նվաճումները բացատրում են խորհրդային կրթություն ստացած մարդկանց ինտելեկտուալ բարձր կարողություններով։ Թույլ փաստարկ է, քանի որ այն ժամանակվա ընդդիմության և մտավորականության խոսույթը հիշելով՝ կարելի է պնդել, որ խորհրդային կրթության բովով անցած հայ քաղաքական միտքը ոչ մի կերպ չէր ուզում հրաժարվել հարյուրամյակների ավանդույթից։ Ապացո՞ւյց եք ուզում։ Ահա մեկը՝ ամենացայտունը․
պատերազմի տարիները մեր մտավորական քաղքենին հորջորջեց «ցրտի ու մթի» և արժեզրկեց հաղթանակը։ Սրանից ավել ի՞նչ եք ուզում։
Իսկ հետոն օրինաչափ էր։ Օրինաչափ էր ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան դաշինքը, որը, ազգայնական փետուրներով զարդարված, սկիզբ դրեց ջախջախիչ պարտությանը։
Կրկին և ցավով պետք է հիշեցնենք Վազգեն Սարգսյանի ասածը 1998թ․ Անվտանգության խորհրդի հայտնի նիստում, թե կզիջենք, երբ ստիպված կլինենք։ Անշուշտ, չէր սպասում, որ կստիպեն։ Ստիպեցին, որովհետև մեր քաղաքական միտքը հատկապես 1998-ից վերադարձավ սիրելի վիճակին՝ ոչնչով չհիմնավորված մե՜ծ նկրտումներին, ավելի ճիշտ՝ դրանց պրոպագանդային, որը երկրի ներսում հնարավորություն տվեց ամրապնդել իշխանությունը։ Իսկ իշխանությունը նրանց համար միայն ու միայն տնտեսական բարիքներին տիրանալու միջոց էր։
Այսինքն՝ հայ ավանդական քաղաքական միտքը ոչ մի կերպ չհաշտվեց պետության գաղափարի հետ։ Ոչ մի կերպ չհասկացավ, որ հանուն մեր փոքրիկ պետության հարատևության նախ և առաջ իշխանությունը պետք է գնա ինքնազոհաբերության։ Ինչպե՞ս։ Նախ և առաջ այն չպետք է վախենար «դավաճան» կոչվելուց։ Բայց ո՞ւմ ենք ասում։
Ուրեմն բնավ զարմանալի չէ 2020-ի աղետը, բնավ զարմանալի և պատահական չէ Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան տանդեմը։ Բնավ զարմանալի չէ հայ հասարակության 2021թ․ ընտրությունը։ Բնավ։ Որովհետև սա հայ քաղաքական մտքի հաղթանակն է՝ անգաղափար, անտրամաբանական և հակապետական։
Եվ իհարկե, գլուխգործոցը Նիկոլ Փաշինյանն է՝ որպես օրինաչափության հաստատում։ Մի՛ զարմացեք, հարգելի՛ մտավորականներ, քաղաքական զարմանազան գործիչներ և այլք, նա կերտվել է ձեր պատկերով և նմանությամբ՝ անգաղափար, անտրամաբանական և հակապետական։
Զարմանալին և բացառիկը 1988-1998 թվականներն էին, երբ Շարժման ղեկավարությունը, իսկ հետո արդեն պետության իշխանությունը գործում էր բանականության դաշտում։
Զարուհի Գաբրիելյան