...

Բանդիտն ու վհուկը տարբեր բաներ են

Բանդիտն ու վհուկը տարբեր բաներ են

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է՝ որպեսզի պրոֆեսիոնալները համաձայնեն աշխատել այս կառավարության հետ, Նիկոլ Փաշինյանն իրեն պետք է ամբողջությամբ փոխի և հայտարարի, որ մի կողմ է դնում այն, ինչ այս երկու տարվա մեջ եղել է, չի՛ ստացվել վհուկների որսը, չի՛ ստացվել սև ու սպիտակը, դա սխալ ճանապարհ է եղել, և մենք գնում ենք համախմբման ու համերաշխության ճանապարհով, միայն այդ պարագայում կարող ուժերը կցանկանան աշխատել նրա կառավարությունում:

«Այսօր որևէ լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իրեն չեն լսելու, և մի ինչ որ պահից ինքը դառնալու է քավության նոխազ»:

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալ մասնագետների պակասի մասին տեսակետներում կարելի է համաձայնել Մարուքյանի հետ: Կառավարության անդամների մի մասը ակնհայտորեն տապալել են իրենց առջև դրված խնդիրները: Շատ պրոֆեսիոնալներ էլ համակարգից հեռանում են՝ համաձայն չլինելով տարվող քաղաքականության հետ: Այստեղ խնդիրներ իսկապես կան:

Բայց ինչ վերաբերում է վհուկների որսին, սև ու սպիտակին, համերաշխությանը, ապա այստեղ ԼՀԿ-ի ղեկավարը էլի ջրեր պղտորելու վարքագիծ է դրսևորում:

Մի քիչ՝ միգուցե տգեղ, բայց շիտակ հարց տանք Մարուքյանին: Եթե իրեն հարազատ մի մարդու՝ ընկեր, ազգական, կապ չունի, բռնեին, սրճարանում մի բարևի համար սպանեին, եթե տարիներ շարունակ նվաստացնեին, բիզնեսը ձեռքից խլեին, եթե ընտրական իրավունքի համար պայքարելու պատճառով քաղաքի կենտրոնում գնդակահարեին, ի՞նչ էր անելու: Ասելո՞ւ էր՝ դե լավ, ոչինչ, եղել, եղել է, սաղ մոռանանք, թազա էջից սկսենք, բարիշենք, համերաշխ ապրենք: Չէ, երևի կպայքարեր, դատի կտար, կպահանջեր, որ իր հարազատ մարդու ճակատագիրը խեղած պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն: Այն, ինչ որ անում են քոչարյանա-սերժական ժամանակաշրջանում տուժածներն ու նրանց հարազատները: 

Սա ի՞նչ ասելու բան է: Ուրեմն, մարտի 1-ի զոհերի հարազատները վհուկների ո՞րս են պահանջում: Թե՞ արդարադատություն: Եթե մարդասպանները ազատ շրջում են փողոցներում, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը: Չգիտի՞ Մարուքյանը, թե ինչեր են արել Քոչարյանը, Սերժը, հազար ներողություն՝ Միշիկը: 

Եթե չգիտի, թող մեզ դատի տալու փոխարեն բացի Քոչարյանի օրոք լույս տեսած «Չորրորդ իշխանություն» թերթի արխիվը: Հրատարակված ամեն համար հաղորդում էր հանցագործության մասին: Չէինք էլ հասցնում այդ բանդիտիզմի ժամանակաշրջանի բոլոր դեպքերը լուսաբանել: Սեփական երկրի ու ժողովրդի դեմ տարիներ շարունակ տեռոր իրականացրած հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելը երբանի՞ց է վհուկների որս համարվում: 

Ուրիշ բան, որ քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացն այս իշխանությունը գլխառադ արեց, ուղղակի հերն անիծեց: Այստեղ Մարուքյանը կարող է ասել, որ քաղաքական կամք չկար, լավ կադրերը պակասում էին: Այնպես որ, հիմա չենք ուզում Մարուքյանին որակումներ տալ, բայց պետք չի էլի, սևը սպիտակի հետ խառնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1096 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ