...

Բանի և անբանի տեղ մի դրեք

Բանի և անբանի տեղ մի դրեք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորներին հորդորել է. «Չարժի չափից շատ ուշադրության արժանացնել ընդդիմադիրներին»:

«ՉԻ». Հետաքրքիրն այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ընդդիմության հանրահավաքում ելույթ էր ունեցել ու ասել. «Երկրի վարչապետը ստախոս է. նրանք խաբեցին բոլորին, այդ թվում և ինձ»:

Ու մի տեսակ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տալիս բանի տեղ չդնել նրանց, ում խաբել են: Որովհետև այդ ընդդիմության շարքերում հո մենակ մեզ ու ձեզ հայտնի ուժերը չե՞ն... այնտեղ շատ էին նաև նրանք, ովքեր իսկապես հավատացել են հեղափոխությանը, այդ հեղափոխությունն իրականացրած ուժին, համալրել են նրանց շարքերը, համագործակցել նրանց հետ, միասին աշխատել, բայց հիասթափվել են՝ լրիվ օբյեկտիվ պատճառներով:

Հիմա ընդդիմությանը բանի տեղ չդնել, այդ ընդդիմության շարքերում հայտնված երբեմնի գործընկերներին բանի տեղ չդնել, հետո մեկ այլ ընդդիմադիր շարժման բանի տեղ չդնել, այնուհետև բանի տեղ չդնել երկրի առջև ծառացած մարտահրավերները, որովհետև հեչ չի երևում, թե իշխանություններն ի՞նչ են անում մեր գլխին կուտակված վտանգները չեզոքացնելու համար:

Հիշում եք, չէ՞, շուտով երեք ամիս կլինի, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունենք. հիմա որ Ալեն Սիմոնյանին դրա մասին հարցնեք, երևի կասի՝ չարժի չափից շատ ուշադրության արժանացնել այդ պաշտոնը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1697 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ