«Բարգավաճ Հայաստանը» պահանջում է ռազմական դրության վերացում: Իրենց ասելով՝ խաղաղապահները եկել են, ռազմական գործողություններ չկան, ուստի օրենքի կիրառումն արդեն ավելորդ է:
Իրականում ռազմական դրության վերացումը «Բարգավաճին» և մյուս ուժերին անհրաժեշտ է մեկ բանի համար: Արդեն 7 օր է, ինչ այդ ուժը մնացած 16-ի հետ փորձում է փողոցային պայքար ձևավորել: Բայց ակնհայտ է, որ այն ոչ միայն թափ չի ստանում, այլև հակառակը՝ մարում է, քանի որ այդ ուժերը չեն կարողանում նոր զանգվածներ ընդգրկել իրենց պայքարի մեջ:
Ուստի պետք է սրել պայքարը, որպեսզի ակնհայտ չդառնա դրա ձախողումը: Իսկ պայքարի ռադիկալացման համար անհրաժեշտ է, որ ոչ ոք չխանգարի փողոցներ փակելը, վրաններ խփելը կամ պայքարի այլ ձևերը:
Անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգությունը պահանջում է, որ դեռ որոշ ժամանակ ռազմական դրության կարգավիճակը մնա:
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ ամբողջ պրոցեսը իրենց սրտով է և ցանկացած պահի կարող են վերսկսել ռազմական գործողությունները:
Ներքին կյանքի առումով. երկրում շրջանառվում է մեծ քանակությամբ ապօրինի զենք, և ռազմական դրությունը պարզապես այդ մարտահրավերին ավելի օպերատիվ հակազդելու գործիք է:
Ժամանակին «Բարգավաճ Հայաստանը» նաև պահանջում էր օր առաջ չեղարկել արտակարգ դրությունը, որը մտցվել էր Կովիդի համաճարակի պատճառով: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք: