ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ 1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարող Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»:
«ՉԻ». Էն որ իշխանությունները պատրաստվում են ռազմական դրության մասին նոր օրենք ընդունել, որով սահմանափակվելու է լրատվամիջոցների գործունեությունը, մեկ էլ եթերով մենակ ռազմահայրենասիրական բաներ-մաներ պետք է լինեն, թղթի վրա է մնալու: Անիմաստ օրենք է:
Հենա, Էդմոն Մարուքյանը պարբերաբար, ինչպես և վայել է դեսպանին, անընդհատ լուրեր է հաղորդում: Շատ օպերատիվ, թվերով, վիճակագրությամբ: Մենք կարող ենք էլ չաշխատել: Մեր տեղն ինքն ամեն ինչ անում է: Երևի դա է դեսպանի գործը:
Մենակ մի քիչ ռազմահայրենասիրականի պահով հարցեր կան: Օրինակ՝ իր այս ստատուսը, չգիտենք, ինչքանով է համապատասխանում ռազմահայրենասիրականի չափանիշներին: Կոնկրետ մեզ մոտ մի տեսակ ռազմահայրենասիրական ոգին այս գրառումից ինչ-որ չի ծփում: Լավ կլինի, դեսպանը մի հատ մեր ժամանակներին համահունչ գրառումներ անի, լավ նորություններ հաղորդի, հաղթողական, ոգևորիչ:
Վերջը, օրենքը շուտով սկսելու է գործել, պետք է պատրաստ լինել: