...

Բաստիոնը կառուցեց, հիմա էլ քանդում է

Բաստիոնը կառուցեց, հիմա էլ քանդում է

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, որոնք կառնչվեն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման հարցերին․ այս մասին տեղեկացրել է «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ գործող օրենքով համացանցի մասին խոսք չկա։ Ըստ աղբյուրի՝ ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պահպանվելու է «պետական կառավարման համակարգի և ՏԻՄ-երի, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, նաև առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովումը»։ Նախագիծը հանրային քննարկման կդրվի մինչև 2023 թ․ հունվարի 6-ը:

Նոր պատերազմի վտանգն ամեն օր ավելի առարկայական է դառնում, և գուցե այդ պատճառով  իշխանությունը որոշել է արագացված տեմպերով այս անգամ սահմանափակել ինտերնետ տիրույթը և դա անել օրենքով։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ բավականին ուշագրավ է «առանձին կազմակերպություններ» արտահայտությունը։ Լսումների փուլում պետք է պարզել, օրինակ, կարո՞ղ է վարչապետին սպասարկող ՊՈԱԿ-ը կամ նրա ընտանիքին ուղղակի-անուղղակի սպասարկող լրատվամիջոցները դասակարգվել որպես առանձին կազմակերպություններ, ըստ այդմ՝ ստանձնել ռազմական դրության ընթացքում ինֆորմացիոն սպասարկման առաքելությունը։ Կամ՝ կարո՞ղ են առանձին նիկոլապաշտներ արագորեն միավորվել, իքս ՀԿ գրանցել, դառնալ առանձին կազմակերպություն և սոցցանցերում կրկնել «Հաղթում ենք» օպերացիան։ Եթե կարող են, ուրեմն՝ շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին։ Նա իսկապես թռիչքաձև քայլերով մոտենում է ժողովրդավարական բաստիոնի հիմքերին։ Դրանք քանդելու նպատակով, իհարկե։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ