...

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ներկա իրավիճակը:

- Գիտե՞ք, իշխանությունների պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում` շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ 

- Այսինքն, իշխանություննե՞րն են մեղավոր կորոնավիրուսի տարածման համար:

- Հա, բա ի՞նչ: Աշխատել չգիտեն: Թող օրինակ վերցնեին մեզ հոգեհարազատ երկրներից՝ Մոզամբիկից, Զիմբաբվեից, Բուրունդիից և Հյուսիսային Կորեայից: Այնտեղ վիրուս չկա: Բոլորն առողջ են ու երջանիկ: Ես ժամանակին հենց նրանց օրինակով երկիր սարքեցի, ու հիշում եք, թե ես ու մեր տնեցիք ինչքան առողջ էինք ու երջանիկ:

- Բայց ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ճգնաժամը հաղթահարելու համար:

- Մինչ իշխանությունները զբաղված են գրեթե շուրջօրյա անիմաստ աշխատանքով, մեր վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներ ու հարյուրավոր ֆեյքեր, մեր բազմաթիվ չգնահատված հանճարների ու բարեկամների մի հսկայական բանակ պատրաստ է պատերազմի երկրորդ ճակատ բացել կորոնավիրուսի դեմ։ 

- Այսինքն, ի՞նչ եք անելու:

- Բուժման ալբանական մեթոդը կկիրառենք: Այսինքն՝ այնպիսի ատելություն ու թշնամանք կսերմանենք վարակի հանդեպ, որ վարակը ինքն իրեն կվերանա: Երբ ես 1988 թվականին Թատերական հրապարակում ղեկավարում էի համաժողովրդական շարժումը...

- Լավ, լավ, ձեր ինքնակենսագրության մասին՝ ավելի ուշ, կոնկրետացրեք այն գործողությունները, որոնք դուրս կհանեն Հայաստանը ճգնաժամից:

- Ասեմ, ասեմ. 

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով մեր կողմնակիցներին պարտավորեցնել չենթարկվել Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին և ընդհանրապես չկատարել նրանց հանձնարարականները։

2. Ուժեղացնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները, նրանցից հենց հիմա հաշիվ պահանջել: Հիմա՛, հիմա՛:

3. Թեժացնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, մեկ ա, թող Սերժիկը տակից դուրս գա: 

4. Առանձին ուզում եմ դիմել Հանրապետության Առաջին նախագահին. պրն նախագահ, ձեր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցին կարգադրեք անմիջապես դադարեցնել օլիգարխների, մարտի 1-ի կազմակերպիչների ու հանցագործների դեմ ծավալած կատաղի պայքարը:

- Վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Վերջում ասեմ, որ էս նեղ մաջալին իշխանություններին խանգարող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող ցանկացած քայլ վտանգում է նրանց ապահովությունը: Սա բացառիկ բարենպաստ իրավիճակ է մեր համար, մենք պահը չպետք է բաց թողնենք և բոլոր հնարավորություններով օգտվենք առիթից: Կոչ եմ անում մեր ֆեյքերին, բլոգերներին, մեր բազմահազարանոց լրատվամիջոցներին տեմպը չթուլացնել: Մոտենում է հատուցման ժամը: Նկատի ունեմ կողմնակիցներիս վճարելու վախտը: Հի-հի:

- Շնորհակալություն հարցազրույցի համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ