Հատուկենտներին չենք հաշվում։ Նրանց ձայնը մնալու է անարձագանք։ Բուհական հանրույթ ունենք, չէ՞։ Ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ և ոչ այնքան։ Ո՞ւր են, ինչո՞ւ են լռում։ Գուցե ցնդաբանությունն այնքան անտանելի է, որ պատասխա՞ն չեն գտնում։ Ո՛չ։ Ուղղակի սովոր են գլուխը կախ «գործ անելուն», այսինքն՝ իրենց տեղն արևի տակ ապահովելուն։
Եվ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր բուհականների չի հուզում, որ վաղը իրենց կարող են քշել Աշտարակ, իսկ մյուս օրն ասել՝ մեզ հայկական բուհեր պետք չեն, վատն են, մենք Երևանում այլ հաստատություններ ունենք՝ ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, էլ չգիտեմինչական։
Մտածե՞լ եք՝ ինչու է մեր «փառապանծ» կառավարությունը պատերազմ հայտարարել հենց հայկական պետական բուհերին։ Մտածե՞լ եք, որ բացի Երևանի կենտրոնում գտնվող շենքերը ծախելուց՝ կոռուպցիոն այլ ռիսկ կա․ ապահովել օտար բուհերի մատչելիությունը, բարձրացնել նրա՛նց վարկանիշը։ Մտածե՞լ եք, որ մայրաքաղաքը հայկական բուհերից «ազատագրելու» ցնդաբանության հետևում լուրջ լոբբիստական ուժեր կան։
Լավ, ձեր տունն են քանդում։ Էսպես լուռումունջ տրվում եք․ ո՞ւմ, հանուն ինչի՞։ Ու հետո ձեզ մտավորական եք հորջորջելու։
Թեպետ ի՞նչ կարելի է պահանջել այն հանրույթից, որ ժամանակին լուռումունջ դիմացավ մարտի մեկին, որ ներեց Հայաստանի գլխին պատերազմի աղետ բերած իշխանությանը։ Մեկ-երկու բուհերի գիտխորհուրդների որոշումներն առանձնապես եղանակ չեն ստեղծում։ Խոսքը բուհական լայն հանրույթի մասին է։
Լռությունը մի բան է ապացուցում։ Ստանում ենք այն, ինչին արժանի ենք։
Զարուհի Գաբրիելյան