...

Ծաղիկները թափում են. ահազանգ

Ծաղիկները թափում են. ահազանգ

Միլիոնների վնասներ են կրել

Ծաղկի մշակությամբ զբաղվողները դժվարին վիճակում են հայտնվել: Կորոնավիրուսը նրանց բիզնես գործերն է խառնել իրար: Արտակարգ դրությամբ պայմանավորված` ծաղկի շուկան, ինչպես նաև փոքր ու միջին առևտրի կետերի աշխատանքը դադարեցվել է:

Իրացում չլինելու պատճառով շատերն արդեն միլիոնների վնասներ են կրել:

«ՉԻ»-ի խմբագրություն ահազանգած ծաղկավաճառները դժգոհում են, որ իրենք զրկվում են ապրուստի միջոցից: Լրատվամիջոցից էլ ակնկալում են, որ իրենց ծանր վիճակի մասին բարձրաձայնի:

Արարատի մարզի Մխչյան համայնքի բնակիչ Վաղարշակ Սահակյանն արդեն աճեցրած մեխակների 2 խմբաքանակը թափել է: Նա 3000 մետր ջերմոցում մեխակ է մշակում: Ծաղիկը հիմա քաղելու է, բայց ռիսկ չի անում ջերմատուն մտնել: Սպառում չկա, իսկ անուշաբույր ծաղիկը երկար սպասել չի սիրում:

«Շիվարած վիճակում կանգնել եմ: Ծաղիկն էլ բացված կանգնած է, իրացում չկա «աբսալյուտնի»: Մոտ 30 000 քոլը բացված է»,- ներկայացրեց ֆերմերը:

Երկու անգամ մեխակը հավաքել է և աղբավայր տարել: 3000 հատ մեխակ մի քանի օր առաջ է դեն նետել, իսկ շուրջ 2500 հատն էլ` 2 օր առաջ: Հիմա էլ 5000 մեխակ կա հավաքելու: Ասում է՝ դա էլ աղբ կդառնա: 10 օրվա մեջ մոտ 1 միլիոն դրամի վնաս է կրել:

«Մեխակն օրումեջ քաղվում է: Եթե մինչև արտակարգ դրությունը մեծածախ գնով մեխակի մեկ հատը տվել եմ 100-120 դրամով, դե տեսեք՝ ինչքան գումար է կազմում: Շուտով էլ Զատիկ է և Մեռելոց, ծաղկի գներն այդ օրերին ավելի են բարձրանում: Բայց չենք կարող գումար աշխատել: Թափած 10 000 հատ ծաղիկը, որ 100 դրամով էլ հաշվենք, տեսեք ինչ գին է կազմում»,- սրտնեղեց Մխչյանի բնակիչը:

Ջերմոցի գազն անջատել են

Հիմա Վաղարշակ Սահակյանը մտածում է, թե ինչպես է վարկի տոկոսները մարելու: 60 միլիոն դրամի վարկ ունի, որից 15 միլիոնը սուբսիդավորված է: Այս տարի էլ նորից վարկ է վերցրել և ծաղկի ջերմոցն ավելացրել՝ հույս ունենալով, որ եկամուտ շատ կստանա, բայց համաճարակը ամեն ինչ խառնեց: Իսկ պարտքերը գնալով ավելանում են: Պարտք է արել և գազի գումարը վճարել: 

Նույն վիճակում է նաև Դարակերտ համայնքի ֆերմեր Հովհաննես Հունանյանը: Գերբերա տեսակի ծաղիկն է քաղել և թափել:

«Արտահանում չկա: Շուկա էլ գոյություն չունի: Ծանր վիճակում ենք: Սնանկացման շեմին ենք»,- նկատեց նա:

Ջերմոցների մի մասն էլ առանց գազ են մնացել: Առևտուր չլինելու պատճառով չեն կարողացել նախորդ ամսվա սպառած գազի գումարը վճարել, իսկ այս օրերին գազի տեսուչները եկել են և անջատել:

Ընդառաջում են պահանջում

Ծաղկի մշակությամբ զբաղվող Գարիկ Ղազարյանն էլ ջերմատան աշխատողներին է տուն ուղարկել: Վաճառք չկա, գումար էլ հետը, աշխատողներին պահել չի կարող: 2000 մետր ջերմոցում վարդ է աճեցնում: 10 օրից ավել է՝ գումար չի աշխատել, բայց շարունակում է ծախս անել:

«Գազ ենք վառում, թունաքիմիկատ ենք առնում, որ ջերմոցում օգտագործենք: Վարդը շատ ծախս է պահանջում, դա լրիվ անում ենք: Ինչ անենք, հուսով ենք, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի և գոնե հացի գումար կկարողանանք աշխատել»,- ասաց նա:

Ծաղկի մշակությամբ զբաղվող ֆերմերները կառավարությունից օժանդակությունն են ակնկալում: Պահանջում են, որ պետությունն ընդառաջի և օգտագործած գազի գումարների վճարումը գոնե մեկ ամսով հետաձգի, այլապես ասում են, որ գյուղատնտեսության այս ճյուղը կվերանա:

Մանյա Պողոսյան

Հ. Գ. Ի դեպ, պարետի նոր որոշմամբ թույլատրվել է ծաղիկների, բույսերի առևտուրը մասնագիտացված խանութներում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   8242 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ