...

Ծանոթ ձեռագիրը՝ Հայկ Հարությունյանի մահվան գործում

Ծանոթ ձեռագիրը՝ Հայկ Հարությունյանի մահվան գործում

Այսօր առավոտյան Բջնիում գտնվող սեփական առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքով: Նախնական վարկածով, նա ինքնասպան է եղել: 

Դեպքից անմիջապես հետո լրատվամիջոցներից մեկը՝ իր հավաստի աղբյուրներին հղում անելով, գրել է, թե մահից առաջ Հայկ Հարությունյանը ասել է. «Ես գեներալ մարդ  եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում: Ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն»:

Սկսենք այնտեղից, որ այդ լրատվամիջոցը պատկանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: Ու անմիջապես տեղեկությունը տարածել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներից մեկին պատկանող լրատվամիջոցը: Իսկ հետո արդեն՝ մնացած քոչարյանական լրատվամիջոցները:

Ինչո՞ւ ենք այս ամենը այսպես մանրամասն ընդգծում, թե դեպքը ով, ինչպես է տարածել: Ուրեմն, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո, կարելի է ասել՝ ժամեր անց, «Իրավունք» շաբաթաթերթը գրեց, թե սա Վանո Սիրադեղյանի ձեռքի գործն է, հետագա օրերին անընդհատ գրում էր, թե ինչպես է Վանո Սիրադեղյանը կազմակերպել հոկտեմբերի 27-ը, ոնց է արել, ինչ է արել:

Բայց երբ 27-ի գործով նախաքննություն սկսվեց, պարզվեց, որ ոճրագործության կազմակերպման որոշակի փուլին առնչվում է... նույն այդ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Բաբուխանյանը: Այո, այո, այն Բաբուխանյանը, որը հետագայում Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ սպասարկողներից մեկը դարձավ, հետո՝ Սերժ Սարգսյանի հավատարիմն էր՝ ՀՀԿ ցուցակով երկու անգամ դառնալով ԱԺ պատգամավոր: 
2000 թվականի մարտին, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխվեց, Քոչարյանը կարողացավ պահպանել  աթոռը, 27-ի գործով նախաքննության ընթացքում կալանավորված բոլոր անձինք՝ բացի Նաիրի Հունանյանի խմբից, ազատ արձակվեցին, Հայկ Բաբուխանյանը այդպես պլստաց: Ուղղակի հիշեք, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված առաջին վարկածը՝ անունով, ազգանունով, տվել է հենց այդ գործին առնչվող անձը:

Բացարձակապես նույն ձեռագիրն է Հայկ Հարությունյանի դեպքում: Դեռ դեպքը նոր է եղել, իսկ քոչարյանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկին պատկանող լրատվամիջոցը, արդեն կազմ ու պատրաստ տեքստ ունեն, թե ինչ է ասել Հայկ Հարությունյանը, ում է ասել, ոնց է ասել, նույնիսկ ձայնի ինտոնացիաներն են նկարագրում: Ենթադրաբար, Հայկ Հարությունյանը իր մտերմուհու հետ առանձնատանն է եղել, հետո որոշել է մի հատ էքսկլյուզիվ հարցազրույց տալ քոչարյանական լրատվամիջոցներին,  անպայման շեշտել, որ Ռ. Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ չունի, իրեն ստիպում են Քոչարյանի դեմ ցուցմունք տալ, ու քանի որ ինքը սպայի պատիվ ունի, վերջ, ինքնասպան է լինում: Թե ինքնասպանության պահը այդ լրատվամիջոցները ինչպես չեն նկարահանել, հանելուկ է: 

Սա կոչվում է նախահարձակ լինել: Ու այս ձեռագիրը արդեն 25 տարի աշխատում է: Կարելի է հիշել ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին պետ Մարիուս Յուզբաշյանի դեպքը: Վերջինս 1993 թվականի գարնանը ծավալուն հարցազրույց էր տվել հայկական լրատվամիջոցներից մեկին, որտեղ մի փոքր վարագույրները բացել էր, թե ինչպես է Դաշնակցությունը համագործակցել ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի հետ, ինչպես են ԿԳԲ-ին սպասարկել, և դաշնակներից շատերը ԿԳԲ-ի գործակալ են եղել: 

Նույն տարվա հուլիսին Մ. Յուզբաշյանը սպանվեց: Հայաստանում ԿԳԲ-ի բոլոր արխիվները օպերատիվ կերպով հասցրել էին Մոսկվա տեղափոխել, ու այդպես էլ չիմացանք, թե ովքեր են ԿԳԲ-ի գործակալները: Փոխարենը սպանությունից անմիջապես հետո դաշնակցական և աժմ-ական լրատվամիջոցները գրեցին, որ Մ. Յուզբաշյանի սպանությունը ձեռնտու էր Լևոն Տեր-Պետրոսյաննին ու ՀՀՇ-ին, քանի որ նրանք ՊԱԿ-ի գործակալներ էին, Մ. Յուզբաշյանը դա ապացուցող փաստաթղթեր ուներ, դրա համար էլ սպանեցին: Մինչև հիմա դա ասում են. դաշնակները, քոչարյանական փողերով սնվող ֆեյքերն ու լրատվամիջոցները:

Այժմ էլ կարող են այս նույն ուժերը հոկտեմբերի 27-ի ոճով շրջանառության մեջ դնել այն վարկածը, որ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը ձեռնտու էր, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ինչո՞ւ. որովհետև Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործով առանցքային վկա էր, չէր ուզում Քոչարյանի դեմ ցուցմունք տար, կամ գալու էր դատարան, հօդս էր ցնդեցնելու մարտի 1-ի ոճրագործությանը Քոչարյանի առնչության վարկածը, դրա համար էլ խեղճ մարդուն հասցրին ինքնասպանության: 

Հ.Գ. Հոդվածը արդեն պետք է հրապարակվեր, մեկ էլ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը մեկնաբանություն տվեց Հայկ Հարությունյանի դեպքի վերաբերյալ «Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։ Մեկնաբանություններն ավելորդ են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8024 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ