...

Հայկ Հարությունյանի վերաբերյալ Քոչարյանը մեսիջ հղեց Սերժ Սարգսյանին

Հայկ Հարությունյանի վերաբերյալ Քոչարյանը մեսիջ հղեց Սերժ Սարգսյանին

Ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան փաստը հիշեցրեց  նախկին իշխանական  պրոպագանդայի ձեռագիրը, որը տարիներ շարունակ Մարտի 1-ի ողբերգությունը շահարկում էր իրեն ձեռնտու կոնտեքստում ու շրջանառում էր պոտենցիալ  «մեղավորների» եւ «անմեղների» անունները: Այսպես` Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո  իշխանական քարոզչամեքենան  շատ  պրոֆեսիոնալ կերպով  շրջանառության մեջ դրեց  մի առասպել, ըստ որի` այդ ողբերգական իրադարձությունը բնավ  ձեռնտու չէր Ս. Սարգսյանին, քանի որ նա չէր ցանկանում  նախագահացումը  արյամբ  ու ողբերգությամբ սկսել: (Ավելին, այդ ողջ ընթացքում փորձ էր արվում Սարգսյան-Քոչարյան «սիամական երկվորյակին» տարանջատել միմյանցից, այնպես, որ Սարգսյան ասելիս ոչ ոք չհիշի նաեւ Քոչարյանին): Այդ առասպելի ջատագովներն ամեն ինչ անում էին, որպեսզի Մարտի 1-ի սլաքներն ուղղեն երկու ուղղությամբ` նախկին նախագահ Ռ. Քոչարյան` «սցենարիստ-կազմակերպիչ»  եւ Լ. Տեր-Պետրոսյան` «հրահրիչ»: Սերժ Սարգսյանն այդ ողբերգության մեջ ներկայացվում էր որպես «տուժող», ավելին` նրա պատասխանատվության հարցը տեղի ունեցածում նույն այդ իշխանական պրոպագանդան փորձում էր ամեն կերպ չեզոքացնել ու զրոյացնել:  

Քանի որ այդ դեպքերին հաջորդեց նրա նախագահ աշխատելու շրջանը, իշխանական «փիառշիկներին» հաջողվեց վերոհիշյալ առասպելը արմատավորելու ուղղությամբ ձեռքից եկածն անել, պետական ապարատն էլ նույնն անում էր Մարտի 1-ի գործը  սառեցնելու և կոծկելու ուղղությամբ: Թեեւ, նկատենք, առերեւույթ ամեն ինչ արվում էր Եվրախորհրդին, որը, հիշեցնենք, Մարտի 1-ի դեպքերից հետո չորս բանաձեւ է ընդունել ՀՀ-ի վերաբերյալ,  ու հանրությանը ցույց տալու համար, որ իշխանությունը շահագրգռված է այդ ողբերգության բացահայտման հարցում: Այդ նպատակով էլ ստիպված  ստեղծվեցին Փաստաբանաք խումբը (ՓԽ) ու ԱԺ «Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը» եւ մեկ-երկու անգամ ԱԺ մակարդակով լսումներ թույլ տվեցին:  Նշենք,  որ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խումբը իր գոյության կարճ ընթացքում կարողացավ վեր հանել ողբերգական դեպքերի ընդհանուր պատկերը, սակայն, ինչպես միշտ, «ամենահետաքրքիր պահին», խումբը  անհեթեթ պատճառաբանությամբ լուծարվեց: Ակնհայտ էր, որ իշխանությունը փաստի առաջ է կանգնելու  Փաստահավաք խմբի հարցումներին պատասխանելիս,  ու որպեսզի չընկնի իր փորած փոսը` գերադասեց այդ մարմինը լուծարել: Ինչպես պարզվեց երեկ` ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից, այդ երկու մարմիններին Մարտի 1-ի վերաբերյալ փաստաթղթեր մատակարարելու համար  իշխանությունը գնացել է լայնածավալ կեղծիքի: Մասնավորապես` ոստիկանության համակարգը  Ս. Սարգսյանի երկու օգնականների` Գեւորգ Կոստանյանի եւ Գեւորգ Մհերյանի ցուցումով կեղծել է «Ազատության» հրապարակում «տեղազննության» իրականացմանն առնչվող  մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնց մենք դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ նկատենք, որ նախկին նախագահը մեկ անգամ է իր նախագահության շրջանում հրապարակավ անդրադարձել Մարտի 1-ի գործին` 2011թ. դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ: Չանդրադառնալ չէր կարող, քանի որ այդ բարեփոխումները առ ոչինչ կարելի էր համարել, եթե մի քանի տարվա վաղեմության` «թարմ հետքերով» լայնածավալ հանցագործության բացահայտումը մնում էր առկախված:  «Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ` իրավապահ մարմինները: Երեւի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներից: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար»,- մասնավորապես ասել էր նախկին նախագահը: Այժմ, երբ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, եւ ջրի երես դուրս եկավ նախագահականի ցուցումով կատարված կեղծիքների փաստը, արդեն իսկ պարզ է, այդ ինչ «օբյեկտիվ պրոբլեմների» մասին էր ակնարկում Սարգսյանը, որոնց մասին, բնականաբար, իրենից լավ որեւէ մեկը չգիտեր: Իսկ այն, որ  լիազոր մարմինները միայն իր հեռանալուց հետո ականջալուր եղան գործին նոր թափ հաղորդելուն` պարզ է բոլորին: 

Վարկածներ

Վերադառնանք, ինչպես ասում են, Մարտի 1-ի դառը իրականություն, մասնավորապես  քննենք այն վարկածները, թե ում էր «ձեռնտու» Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունեցած, սակայն այդ օրվա իրադարձությունների  առանցքային  դերակատարներից մեկի` Հ. Հարությունյանի մահը: Պատահակա՞ն է արդյոք, որ դեպքից շատ չանցած` շրջանառվեց Հարությունյանի  իբրեւ թե «վերջին հայտարարությունը», որի հիմնական ասելիքը սա էր` ինքը ուսադիրների պատիվը հարգող, գեներալ մարդ է, ինչպե՞ս կարող է սուտ ցուցմունքներ տալ անմեղ մարդկանց` Քոչարյանի  եւ Մարտի 1-ի զոհերից մեկի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ  Գեղամ Պետրոսյանի դեմ:  Հանրության որոշ շրջանակներ հակվեցին  ոստիկանապետի` սպանության վարկածի կողմը եւ որպես տեղի ունեցածի «շահառու» նշվեց Քոչարյանը.  շրջանառության մեջ դրվեց «բանտից  մարդ խփելու արվեստը» վարկածը: Նկատենք, սակայն, որ ինչ վարկած էլ քննարկենք` ինքնասպանությո՞ւն էր տեղի ունեցածը, թե՞ սպանություն, եզրահանգումը մեկն է` ոստիկանապետի մահը կրակոց էր քրեական գործի ուղղությամբ: 

Եթե ինքնասպանություն էր, ապա.. 

Փաստ է, որ «Մարտի 1»-ն  ունեցել է այսպես ասած  ծրագրելու` Քոչարյանի գլխավորությամբ փետրվարի 23-ի հավաքը, 0038  տխրահռչակ հրամանի արձակումը`  Քոչարյանի կողմից իջեցված ցուցումները կատարելու վերաբերյալ,  մարտի 1-ի առավոտյան գործողությունը, երեկոյան իրադարձությունները, եւ այս ամենի  «եզրափակիչ ակորդը»` արտակարգ դրության հայտարարումը:  Առավոտյան գործողության իրականացման պատասխանատվությունը, ինչպես գիտենք, դրված է եղել Հ. Հարությունյանի վրա: 

Եվ եթե չլիներ ցուցարարների բռնի տեղահանումը` «տեղազննություն»  միջոցառման անվան տակ, ապա գուցե կանխվեին  հետագա ողբերգական զարգացումները` մահվան դեպքերը:  

Այն, որ այդ տեղազննություն կոչվածը օրինական փաստաթղթավորում չի ունեցել (կեղծվել են նաեւ ցուցարարների մոտ զենքի առկայության մասին զեկուցագրերը, որոնք էլ պետք է տեղազննության հիմքը հանդիսանային) դա արվել է հետին թվով, փաստաթղթեր կեղծելով եւ այդ կեղծիքին ակամա մասնակից է եղել նաեւ Հ. Հարությունյանը` պարզվեց  ՀՔԾ հաղորդագրությունից: Ստացվում է, որ եթե Հարությունյանը դատարանում ցուցմունք տար, ապա ստիպված էր լինելու կրկնել ՀՔԾ-ի հաղորդագրության շարադրանքն ու ընդունել` կատարելով Քոչարյանի հրահանգը` սկզբում գործել է ապօրինի,  հետո մասնակցել է այդ աղաղակող ապօրինության  օրինականացմանը: Ոստիկանությունը, հիշեցնենք, կառավարությանն առընթեր կառույց էր, իսկ վարչապետը` Ս. Սարգսյանը,  մարտի 1-ի պլանավորման տխրահռչակ  շտաբի անդամներից էր: (Ստացվում է, որ դատարանում իր ցուցմունքը պնդելուց  Հարությունյանը պետք է տար առնվազն այս երկու անձանց անունները` որպես հրահանգիչներ): Չընդունել չենք կարող, որ ապօրինություն թույլ տալը, այն էլ այս ծավալի, որ 10 մարդու կյանք է արժեցել,  գեներալի պատվին անհարիր քայլ է: Եվ այն հետահայաց  վերլուծելը, դրա ողբերգական հետեւանքները գիտակցելը կարող էին մարդուն հոգեկան հավասարակշռությունից հանել ու դրդել ծայրահեղ քայլի` ինքնասպանության: Ըստ ՀՔԾ-ի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ ԶՈՒ զինծառայողներին  Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների եւ զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գ. Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել եւ վարույթն իրականացնող մարմնին ու Փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով` 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ եւ գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը»: Ստացվում է, որ այս կեղծ փաստաթղթով փորձ է արվել կոծկել ՊՆ ԶՈՒ հիշյալ ներկայացուցիչների ներքաշումը քաղաքական իրադարձություններում, որը եւս խոսում է Քոչարյանի մեղադրանքի`  սահմանադրական կարգի տապալման օգտին: Նշենք նաեւ, որ Մարտի 1-ի գործով ԱԺ հանձնաժողովի նիստում նախկին ոստիկանապետը պնդում էր, որ ոստիկանության գործողություններն այդ օրը իրավաչափ են եղել, ավելին` շոկային հայտարարություն էր արել դիպուկահարի մասնակցության մասին: Ըստ նրա` նպատակաուղղված կրակոցներ չեն եղել` բացառությամբ դիպուկահարի, «թեկուզ դրա իրավական հիմքերը կային»:  Նաեւ նշել էր, որ  եթե Ֆրանսիայի դեսպանատան մոտ տիրող իրավիճակը լիներ նաեւ Շահումյան հրապարակում, մեկ դիպուկահար էլ այնտեղ կդիրքավորեին:   

Եթե սպանություն էր, ապա...

Այս վարկածը քննարկելու դեպքում պետք է պատասխանենք հետեւյալ հարցին` ո՞ւմ էր  պետք նախկին ոստիկանապետի մահը. Քոչարյանի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ երրորդ այլ անձի: Ինքնասպանության վարկածի վերլուծությունը հուշում է, որ Հարությունյանը կարող էր «խանգարել» երկուսին էլ եւ ոստիկանապետին արանքից «հանելը» ձեռնտու կլիներ երկուսին էլ: Ուշագրավ է, որ սեպտեմբերի 17-ի նիստում, երբ դատավոր Դանիբեկյանը անփոփոխ թողեց Քոչարյանի կալանքը, վերջինս շանտաժի ոճով հայտարարեց, թե ինչ արել է, միայնակ չի արել ու տվեց 4 հոգու անուն, որոնց հետ ինքը շփվել  է Մարտի 1-ի գործով գործողությունների մասով` Տիգրան Թորոսյան, ում հետ քննարկել է արտակարգ դրության հրամանագիրը, Սերժ Սարգսյան, որի հետ որպես վարչապետ համաձայնեցրել է այդ հրամանագիրը,  Հայկ Հարությունյան, որը պետք է ղեկավարեր Մարտի 1-ի գործողությունը,  եւ Արմեն Գևորգյան, որին հանձնարարվել էր արտակարգ դրության հրամանագիրը կազմել: Գուցե Քոչարյանի այս մեսիջը ուղղված էր Սարգսյանին`քանի որ ազատության մեջ ես, քեզ մեղադրանք չի առաջադրվել եւ վկայի կարգավիճակ ունես, միջոցներ ձեռնարկիր: Ս.Սարգսյանը, նշենք, հասցրել է ամիսներ առաջ այս գործով ցուցմունքներ տալ:  

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», 2, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ