...

Ծանոթացե´ք. Հիպենգիոֆոբիակրատիա

Ծանոթացե´ք. Հիպենգիոֆոբիակրատիա

Վախից դեպի հիմարություն

«Վախի պատճառով մարդու ոչ մի հատկանիշ այդքան չի ավելանում, որքան հիմարությունը», Սերգեյ Վիտե:

Այս շաբաթը հերթական անգամ ցույց տվեց, թե վախն ինչպես կարող է իշխանությունների քայլերի, հայտարարությունների շարժառիթ հանդիսանալ: Ճիշտ բան է ասել ցարական Ռուսաստանի ամենահզոր ու խարիզմատիկ դեմքերից մեկը: 

Ու հարցը մենակ այն չէ, բանը հասցրեցին Վերին Լարսի փակմանը ու հիմա խրոխտ ձայնով կոչ են անում տեղական ապրանքներ գնել: Ուրիշները պահն օգտագործում են, որ պատժամիջոցների տակ կքված Ռուսաստանից մաքսիմալ օգուտներ քաղեն, սրանք հակառակն են անում: 

Ուղղակի այս շաբաթ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն արդեն վաղուց է համալրել ուրացողների շարքերը, կանգնեց ու լրագրողների երեսին նայելով՝ հայտարարեց, թե Ղարաբաղը 1991-ին ենք տվել: Նկատի ունի Ալմա-Աթայի հռչակագիրը: 

Սա վախից են անում: Պատմության առջև պատասխանատվությունից խուսափելու վախից: Հիմա մենք ոչ թե քաղաքական գնահատական կամ որակում ենք տալիս, այլ ներկայացնում ենք հոգեբանական այն հիվանդության ախտանիշները, որոնք առկա են սրանց մոտ: Պատասխանատվության առջև վախը կոչվում է հիպենգիոֆոբիա: Մարդ կա՝ վախենում է փակ տարածքում մնալ, դա կոչվում է կլաուստրոֆոբիա, մյուսը տրիպանոֆոբիայով է տառապում, երբ վախենում է ասեղներից ու սրսկումներից: 

Սրանք էլ տառապում են իրենց արածների համար պատասխան տալու վախից՝ հիպենգիոֆոբիայով: Վախն այնքան է ազդել հոգեբանության վրա, որ ի վիճակի չեն գոնե էս կռուտիտները համակարգեն, պայմանավորվեն, իրենց բերած աղետների համար մեկ, ընդհանուր համաձայնեցված պատճառ բերեն: 

Ասում են՝ էս ի՞նչ փորձանք բերեցիք Հայաստանի վրա, էս ի՞նչ արեցիք Ղարաբաղի հարցը, պատասխանում են մտքին եկած առաջին բանը: Կարևորը, որ ասեն. մենք մեղավոր չենք, իսկ թե ով է մեղավոր, դրանից դենն ուղեղները չի աշխատում:

Ինչքան ստում են, այնքան վախի դոզան ավելանում է, ինչքան վախի դոզան ավելանում է, այնքան ավելի շատ են ստում: Ու սա շարունակական բնույթ է կրում: 

Հպարտ և տառապող

Մի հատ նայեք, թե նույն հարցին ոնց են պատասխանել:

Վահագն Խաչատուրյան. «Ղարաբաղը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դեռևս 1991 թվականին»:

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, և այդ համաձայնագիրը վավերացվել է դեռևս 1992 թվականին:

Նիկոլ Փաշինյան. «Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել»:

Նիկոլ Փաշինյան. «1999 թվականին Հայաստանի Հանրապետությունն արդեն կողմ է քվեարկել»:

Նիկոլ Փաշինյան. «2007 թվի Մադրիդյան սկզբունքների արձանագրումը... Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»: 

Ալեն Սիմոնյան. «Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին»:

Նիկոլ Փաշինյան. «Պատասխանատու ասում եմ. 2018-ից ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու... չուներ որևէ, նույնիսկ տեսական հնարավորություն»:

Այ, էս է: Հիմա այս փչոց-խճճոց հակասությունները դեմները դնես, մեկ է, չի ազդելու, մի բան կասեն, յանի, բան էլ չկա, հա ի՞նչ, բազմակարծություն է: 

Հետաքրքիր է, որ դեռևս չկա պետություն կորցնելու վախի սինդրոմ: Մինչդեռ արժե, այդ սինդրոմով այսօր Հայաստանում տառապում է հանրության գիտակից զանգվածը:

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2858 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ