Ոգևորությունը կարճ տևեց
Սոցիալական ցանցերում օգտատերերը դեռ ակտիվորեն քննարկում են հնդկաձավարի փոխարինիչ գտնելու նախարարի հայտարարությունը:
Վերջին շրջանում ի թիվս այլ պարենային մթերքների բարձրացավ նաև հնդկաձավարի գինը՝ նախկին 250 դրամի փոխարեն այսօր արժե 750-800 դրամ: Հնդկաձավարի բարձր գնից դժգոհողներին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհուրդ տվեց փոխարինիչներ գտնել:
Մինչ քննարկվում է փոխարինիչների հարցը՝ «ՉԻ»-ն փորձեց պարզել, թե մեր երկրում ինչ ճակատագիր ունեցավ հնդկացորենի մշակությունը: Հիշեցնենք, որ Հայաստանում 2016 թվականից սկսել են հնդկացորեն մշակել:
Հայաստանի մի շարք համայնքներում գյուղացիները հնդկացորեն են աճեցնում, մեծ մասամբ՝ Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում։ Զուգահեռաբար հանրապետությունում կառուցվել է հնդկացորենի վերամշակման երկու գործարան, որոնք պետք է ծառայեն ստացված բերքի վերամշակմանն ու հնդկացորենի վերջնական արտադրությանը։ Գործարաններից մեկը Շիրակի մարզի Բավրա համայնքում է, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։
Ծովագյուղի հնդկացորենի վերամշակման գործարանում այս օրերին աշխատանքը եռում է՝ սերմի դասավորման աշխատանքն են կատարում: Այս պահին 10 տոննա հնդկացորենի սերմացու կա, որը կիլոգրամը 500 դրամով վաճառվում է: Մայիսից կսկսվի հնդկացորենի ցանքի սեզոնը:
Բայց դեռ գնորդներ չկան՝ «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը: Ասում է՝ պատրաստ են առանց գումար սերմացու տրամադրել, միայն թե գյուղացին հողն անմշակ չթողնի:
Գյուղապետի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով գյուղացիներից շատերը տանն են, դուրս ու ներս չեն անում: Երիտասարդները հող չեն մշակում, գյուղատնտեսությամբ տարիքով մեծերն են զբաղվում, որոնք էլ ռիսկային խմբում են և դաշտ դուրս չեն գալիս:
Տարիներ առաջ, երբ կարտոֆիլի գներն ընկան, Վարդենիսի տարածաշրջանի համայնքները սկսեցին մտածել ավելի արժեքավոր բույսեր մշակելու մասին: Առաջին անգամ Ծովագյուղում 100 հեկտար տարածության վրա հնդկացորեն ցանվեց: Նախորդ տարիներին ծավալը քչացրեցին, քանի որ էժան էր, դրսից էլ մեծ ծավալներով ներկրվում էր, տեղականի պահանջարկը չկար:
«Անցյալ տարի շատ քիչ ցանեցինք: Մեր ցանածը սերմացու ենք պահում: Երկրորդ տարին՝ 50 հեկտար ցանեցինք, դրանից հետո ավելի քիչ սկսեցինք մշակել»,- նշեց նա:
Այս տարի հնդկաձավարի գինը բարձր է: Ռուսաստանում բերքը պակաս է եղել, դրա համար էլ արժեքը բարձրացավ: Այս հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ այս տարի այստեղ որոշել են ցանքատարածություններն ավելացնել:
Ծախսատար է
Հնդկացորենի մշակությունը բավականին ծախսատար է՝ ասում է Ծովագյուղի «Արծափ-հնդկացորեն» կոոպերատիվի նախագահ, հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշես Խալաֆյանը:
«Հնդկաձավարի արտադրության համար մեկ կիլոգրամի վրա ծախսվում է 400 դրամ գումար: Այդ ծախսերի մեջ մտնում են պարարտանյութերի, տրակտորի աշխատանքի գումարները: Ինքնարժեքը 400 դրամ է կազմում, եթե 450-500 դրամով էլ մեկ կիլոգրամը վաճառվի, 10-15 տոկոս եկամուտ կստանա արտադրողը: Եթե մի խոպանչի գոնե 5-6 հա վարձակալությամբ կամ այլ ձևով հնդկացորեն աճեցնի, ինքը ինչքան որ խոպանում օգուտ է ստանում, էդքան կարող է տեղում՝ իր համայնքում ստանալ»,- նկատեց գործարանի տնօրենը:
Պատմում է, որ գործարանի աշխատանքը կանգնեց այն ժամանակ, երբ ներմուծված հնդաձավարի մեկ կիլոգրամի արժեքը 250 դրամ էր կազմում: Գյուղացիները հիասթափվեցին և էլ հնդացորեն չմշակեցին:
«Հիմա այս աժիոտաժի հետ կապված շատ են թանկացրել: Ես կողմնակից չեմ, որ գրեչկայի գինը 1000 դրամի հասնի: Լավ եք հասկանում, թե ինչ է նշանակում մեր տեղական բերքը, ինչ որակի է՝ շատ անուշ, լավ հնդկացորեն է: Իսկ ներկրվողը շատ կասկածելի է: Մենք առաջարկում էինք 400 դրամ, իսկ բերվածը՝ 500-600-ով էր իրացվում: Հիմա 200 տոննայի պատվեր ունենք, որ հնդկացորենը ձավար սարքենք, տանք ֆերմերներին»,- նշեց կոոպերատիվի նախագահը:
Կարող ենք ինքնաբավ դառնալ
Կորոնավիրուսի համավարակի պատճառով պարենի ապահովության հարց կա: Արտաշես Խալաֆյանի խոսքով՝ կարող ենք հնդկացորենի միջոցով էլ այդ հարցը լուծել: Ինքն այդ պլանները դեռ վաղուց է կազմել: Նրա հաշվարկով՝ Հայաստանը տարեկան 8000 տոննայի հնդակաձավարի պահանջ ունի: Իսկ պահանջարկից քանի տոննա կարո՞ղ են ապահովել:
«Եթե 1 հեկտարից միջին հաշվով ստանանք մեկ տոննա գրեչկա, ուրեմն, եթե 800 հեկտար մշակենք, հնդկաձավարի հարցով կլինենք ինքնաբավ: Դրան հասնելու համար մեծ փիլիսոփայություն և ջանքեր պետք չեն: Ազատ հողատարածություններ կան ինչքան ասես, սերմ էլ կա, միայն տրամադրվածություն է պահանջում, որ մշակեն: Մենք լրիվ ի վիճակի ենք 5-6 տարում դառնալ ինքնաբավ»,- ասաց գործարանի տնօրենը:
Հնդկացորենի մշակությամբ զբաղվող ֆերմերն ասում է՝ եթե հացի խնդրի առաջ կանգնենք, միայն հնդկաձավարով էլ կարող ենք կուշտ մնալ: Բացի այդ, այն բարձրարժեք մշակաբույս է: Հատիկն աչքի է ընկնում բարձր սննդարարությամբ և պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ:
«Հնդկաձավարի միջոցով Հայաստանում ոչ մի երեխա սոված չի քնի: Իր մայրիկը, եթե գրեչկայով շիլա էլ եփի, երեխան սոված չի քնի: Իմ նպատակն է, որ հնդաձավարի հարցով դառնանք ինքնաբավ: Մարդկանց ասում եմ՝ գնացեք անտոկոս վարկ վերցրեք և գրեչկա մշակեք: Գրեչկան կարող է լրիվ բավարարել պարենի պրոբլեմը»,- նշեց նա:
Ծովագյուղում նախատեսվում է ցանել մոտ 20-30 հեկտար հնդկացորեն, իսկ մարզում ընդհանուր հաշվարկով հնդկացորենի ցանքատարածությունները կհասնեն մոտ 50-70 հեկտարի: Բայց ուզում են ցանքատարածությունները 100 հեկտարի հասցնել:
Նախարարին էլ ֆերմերները հորդորում են մեկ ապրանքը մյուսով փոխարինելու խորհուրդ տալու փոխարեն ծրագրեր մշակել և իրենց աջակցել էժան պարարտանյութերով և դիզվառելիքով:
Մանյա Պողոսյան