...

Ծանր է տարել

Ծանր է տարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Աաբահին և Քուվեյթի Պետության Նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով ընդունեցինք Քուվեյթի Պետության էմիր Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան լուրը։ Շեյխ Նաուաֆն իր հմուտ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ներդրում է ունեցել Քուվեյթի զարգացման և զորացման գործում:

Այս ծանր պահին վշտակցելով և սատարելով Ձեզ՝ խնդրում եմ հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին»։

Քուվեյթի Պետության Նախարարների խորհրդի նախագահին ուղղված հեռագրում ասված է.

«Ցավով և տխրությամբ տեղեկացանք Ձեր հոր՝ Քուվեյթի Պետության էմիր Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան մասին։ Մեծ է նրա ժառանգությունն ինչպես Քուվեյթի շարունակական առաջընթացի ապահովման, այնպես էլ Քուվեյթի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Վշտակցելով Ձեզ այս ծանր օրերին՝ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից մեր ցավակցությունները փոխանցել Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին»։

«ՉԻ». Ցավակցական այս տեքստերից այնպիսի տպավորություն է, որ հայ ժողովրդի հալալ հորեղբայրն է մահացել: Ու սրանք դեռ հրապարակված ցավակցություններն են, Քուվեյթում մի քսան հատ էմիր կա, կարող է՝ նրանց էլ է ցավակցել, Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անցած կյանքն ու արած գործերը շարադրել: 

Դեռ լավ է, որ Փաշինյանը Հայաստանում եռօրյա սուգ չի հայտարարել: Դեմներս Նոր տարին է, երևի դա է պատճառը եղել: Գիտեք՝ այս իշխանությունների օրոք տոները կտրում են ցանկացած ողբերգություն:

Մենք չէինք էլ անդրադառնա այս բոցաշունչ ցավակցություններին, պարզապես հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարը միանգամից երկու ցավակցական հեռագիր է ուղարկել յոթ սարերի ետևում գտնվող Քուվեյթ, բայց Հայաստանի պետականության հիմնադիրներից մեկի՝ Բաբկեն Արարքցյանի մահվան առթիվ ձայն չի հանել: Դե, էմիրը մնում է էմիր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   637 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ