Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, որը վերջին ՏԻՄ ընտրություններում ներկայացնում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ֆեյսբուքում մի քիչ խառը գրառում է արել՝ խնդրելով չփնտրել քաղաքական ենթատեքստ։ Մեկ գրառման մեջ քաղաքապետը գովել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, կարևորել է բանակը, երկրի տնտեսության առաջընթացը՝ Քրիստոսի արձանով պայմանավորված, խաղատների վնասակար ազդեցությունը անչափահասների շրջանում և դրանց «քայքայիչ ազդեցությունը» ընտանիքների վրա։
Սևակ Միքայելյանի համոզմամբ՝ արձանի տեղադրումը «մեր հոգևոր վերածննդին սկիզբ դնելու առաքելություն կարելի է համարել»: Փաստորեն մեր հոգևոր վերածնունդը պետք է վստահել Ծառուկյանին։ Ճաշակի հարց է՝ իհարկե, բայց մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Ծառուկյանը նպաստելու ազգի հոգևոր վերածննդին։ Հետո քաղաքապետը ասում է, թե բանակը առաջնային է, բայց «Քրիստոսի արձանի տեղադրմամբ ողջ աշխարհից մեր երկիր հազարավոր զբոսաշրջիկների հոսք կլինի, հետևաբար` զարգացում կապրի զբոսաշրջության ոլորտը, և զբոսաշրջիկների ներդրած գումարը զգալիորեն կնպաստի տնտեսության աճին: Այս ամենը նպաստելու է նաև բանակաշինության և երկրի պաշտպանության գործին»: Բա, այ սա հեչ չէինք մտածել։ Պետք է արագացնել արձանի տեղադրումը, որ բանակի հարցերն էլ արագ կարողանանք լուծենք։ Հրազդանի քաղաքապետը նախաձեռնությունը քննադատողներին հիշեցրել է «օնլայն խաղատների (Աջարաբեթ, Վիվարո, Տոտո և նման այլ բուքմեյքերական խաղեր) և դրանց վրա վատնվող մեծ գումարների մասին»: «Ամեն քայլափոխին, այդ թվում՝ հանրապետության գլխավոր ճանապարհների կամուրջներին, հանդիպում ենք օնլայն խաղատների մասին գովազդների, և վստահ եմ՝ բոլորդ գիտեք, թե ինչ մեծ գումարներ են վատնվում դրանց վրա, և ինչպիսի բացասական ազդեցություն են թողնում հասարակության շրջանում: Ճիշտ է՝ վերոնշյալ բուքմեյքերական ընկերությունների կողմից փակցված գովազդներից գումարներ են մուտք լինում պետբյուջե, սակայն բուքմեյքերական ընկերություններն իրենց բացասական հետևանքներն են ունենում անչափահասների շրջանում և քայքայում են հազարավոր ընտանիքներ: Ողջունելով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը՝ հնարավորինս իմ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը: Հ.Գ. Խնդրում եմ՝ չփնտրել քաղաքական ենթատեքստ»,- եզրափակել է Սասուն Միքայելյանի որդին:
Հուսանք՝ երիտասարդը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խնդիրներ չի ունենա։ Ի՞նչ կապ ունի Ալեն Սիմոնյանը։ Դե եթե Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունն ու բուքմեյքերական գովազդները հնարավոր է իրար կապել, ապա նույն բուքմեյքերական ընկերությունները կարող ենք կապել Ալեն Սիմոնյանի հետ։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չի հերքել, այլև հաստատել է, որ բուքմեյքերական ընկերություններից երկուսի սեփականատերերն իր ընկերներն են։ Ավելին՝ «Վիվարո» ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանն էլ Ալեն Սիմոնյանի կուրորտի ընկերն է։ Եվ ոչ միայն։ Այնպես որ՝ քաղաքապետը կարող է սահմանափակվել Ծառուկյանի գովեստով և քաղաքական ենթատեքստեր փնտրելու առիթները չեզոքացնելով։
Գոհար Վեզիրյան