...

Ծառուկյանը չի վաստակել անգամ պոպուլիստ լինելու իրավունքը

Ծառուկյանը չի վաստակել անգամ պոպուլիստ լինելու իրավունքը

Մի քանի օր առաջ անդրադարձել էինք Գագիկ Ծառուկյանին և հիմնավորել, թե ինչ վտանգ է նա ներկայացնում քաղաքական դաշտի համար և ինչու պետք է այդ տեսակը ախտահանվի հասարակական-քաղաքական հարաբերություններից: Երեկ ԲՀԿ-ն և նրա առաջնորդը ևս մեկ փաստարկ բերեցին դրա օգտին:

Նրանք նետվեցին անզուսպ և չմտածված պոպուլիզմի գիրկը՝ չհասկանալով, որ իրենք իրավունք չունեն այդտեղ «լողալու»: Իրենց հակացուցված է այդ տեղանքում «լողալը»:  

Ներկայումս պոպուլիզմի հաղթարշավ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում: Կորոնավիրուսի տարածումը էլ ավելի մեծ հող նախապատրաստեց դրա համար: Մենք ականատեսն ենք լինելու դրա նորանոր դրսևորումների, նորանոր դերասանների պրեմիերաներով:

Երեկ Գագիկ Ծառուկյանը պահանջում էր, որ բանկերը անխտիր ներեն բոլոր վարկառուների պարտքերը, իսկ կոմունալները սառեցվեն բոլոր բաժանորդների համար: Իհարկե, այս պլատֆորմի դեպքում կարելի է քաղաքական դիվիդենտներ շահել, բայց ոչ Ծառուկյանի դեպքում:

Ծառուկյանը չի կարող էլեկտորալ բոնուս ստանալ. քանի որ իր հետ կապված հարցեր կառաջանան:

Օրինակ` ինչո՞ւ նոր սերնդի մտահոգ Ծառուկյանը չի վճարում իր աշխատակիցների աշխատավարձերը և նրանց ստիպում է գնալ առանց վարձատրվող արձակուրդի: Ինչո՞ւ է իջեցնում իր գազալցակայանների աշխատողների աշխատավարձերը: Ազգասեր և միշտ ժողովրդի կողքին գտնվող Ծառուկյանը ինչո՞ւ «Փարավոն» հյուրանոցը չի տրամադրում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված իր հայրենակիցներին. չէ՞ որ զբոսաշրջիկ չկա և հյուրանոցը դատարկ է: Ինչո՞ւ միշտ ժողովրդի կողքին գտնվող Ծառուկյանը շաբաթական գոնե մեկ անգամ անվճար չի լիցքավորում օրավարձով աշխատող տաքսիստների մեքենաները: Ինչո՞ւ իր պաշարներից գոնե մի քանի հազար լիտր սպիրտ չի հատկացնում բանակի կարիքների համար: Ինչո՞ւ չի հայտարարում, որ այս տարի մի 10 դրամով ավել կմթերի գյուղացիների խաղողը: Տեղին է նաև հիշեցնել Ծառուկյանի և ԲՀԿ-ի անցյալը: 2008 թվականի ճգնաժամի ժամանակ կառավարությունում էիք, կոալիցիա էիք, բա ո՞վ խանգարեց օգնել մարդկանց: Ինչո՞ւ չներեցիք մարդկանց վարկերը:

Քանի այս փոքր կիսաքայլերը չի արել, չի վաստակել պոպուլիզմով զբաղվելու բարոյական իրավունք:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ