...

Քաղաքական դաշտը նույնպես պետք է ախտահանվի

Քաղաքական դաշտը նույնպես պետք է ախտահանվի

Չգիտենք կորոնավիրուսից հետո կյանք կա, թե ոչ (խուճապ չենք տարածում, հաշվի ենք առնում վարչապետի նկատառումը), բայց եթե կա, ապա հետկորոնավիրուսային Հայաստանում առաջնահերթ պետք է լուծել քաղաքական վիրուսների խնդիրը: Պետք է լուծել, որովհետև ճգնաժամային իրավիճակներում նրանք դառնում են ավելի ագրեսիվ, քան սովորաբար և պակաս սպառնալիք չեն հասարակության համար:

Որքան էլ երեկվանից ծառուկյանական պատգամավորները և ռևանշի ուժերի շահերի սպասարկողները փորձում են «դզել-փչել» Ծառուկյանի պոռթկումները, միևնույն է՝ հասարակությունը տեսավ, թե ինչ արժեքների կրող է բարերարի և բարի մարդու համբավ ունեցող Ծառուկյանը: Հատկապես կարևոր է, որ Ծառուկյանի պատկերացումները հասարակական և տնտեսական կյանքի վերաբերյալ հնչեցին ոչ թե սովորական ժամանակ, այլ խիստ օրհասական պահի, երբ քաղաքական գործիչներից պահանջվում են համախմբմանը միտված և իրար օգնելու լրիվ այլ բովանդակության խոսքեր ու կոչեր: 

Շատերը փորձում են Ծառուկյանի մոտեցումները դիտարկել զուտ բիզնես հարթության մեջ: Միգուցե նրա տեսակետները լինեին քննարկման արժանի, եթե չլիներ օրհասական վիճակ, իսկ Ծառուկյանը չլիներ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար: Նման հռետորաբանություն իրեն կարող է թույլ տալ կոնկրետ շահեր սպասարկող տնտեսական վերլուծաբանը կամ մի քանի խանութ ունեցող գործարարը: Մինչդեռ դա բացարձակ հարիր չէ քաղաքական ուժի ղեկավարին: Հարիր չէ նաև Հայաստանի մեծահարուստներից մեկին, հատկապես եթե հաշվի առնենք, որ բոլորը գիտեն, թե նա ինչպես է հարստացել: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ ժամանակ առաջ նրա ընտանիքի անդամներից մեկը խոստովանեց, թե ինչու պետք է վճարենք հարկերը:

Այո, այսօր Ծառուկյանը դասական իմաստով օլիգարխ չէ, քանի որ չունի ուղիղ ազդեցություն գործադիր իշխանության որոշումների վրա: Բայց դրանից չի պակասում այն վտանգը, որ նա ներկայացնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական և սոցիալական կյանքերի համար: Նրա պատկերացումները և մոտեցումները որևէ լավ բան չեն խոստանում այդ դաշտերի առողջացման համար:

Կորոնավիրուսի հաղթահարումից հետո, իշխանությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի նաև քաղաքական դաշտը ախտահանելու ուղղությամբ: Սեփական շահից անդին չտեսնողները, որոնք նաև զբաղվում են քաղաքական գործունեությամբ, պետք է հեռացվեն քաղաքականությունից: Այդ վիրուսով վարակվածները պետք է անցնեն երկարատև ռեաբիլիտացիոն կուրս:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ