...

Պատասխանենք համապատասխանաբար

Պատասխանենք համապատասխանաբար

Երկու օր առաջ անդրադարձել էինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն մտքին, որ իրենք իրենց ղեկավարի ներկայությամբ այդքան ազատ չէին պահի: Պետրոսյանը նկատի էր ունեցել ԱԺ-ում տեղի   ունեցած ծեծկռտուքը և այն հանգամանքը, որ նիստին ներկա էր Նիկոլ Փաշինյանը: Մենք էլ հիշել էինք ԲՀԿ-ի հետագիծը և նշել, որ այդ կուսակցությունում ոչ ոք ազատություն չունի, և շարժվում են միայն Ծառուկյանի հրահանգներով: Նաև նշել էինք, որ վատ չէր լինի, որ որևէ բարգավաճական գոնե կեսբերան ընդվզեր, երբ հանրապետականները «բամփում էին» կուսակցության առաջնորդին:

Ի պատասխան հրապարակման՝ Գևորգ Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթին նվիրված գրառում է արել: Ներկայացնենք հատվածներ նրա մտքի գոհարներից: 

«ՀԱԿ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի կնոջը՝ Շողեր Մաթևոսյանին պատկանող լրատվական կայքը տևական ժամանակ է, ինչ զբաղված է իր լրահոսը մեր խմբակցության տարբեր ներկայացուցիչներին ձոնելով: Հասկանալի է, կարդացող չունի և լսարան հավաքելու միակ հույսը մնացել է հանրային վստահության բարձր մակարդակ ունեցող անձանց անդրադառնալը։

Ի պատասխան իմ այն պնդմանը, որ մենք մեր ղեկավարի ներկայությամբ ինչպես միշտ, այնպես էլ նմանատիպ իրավիճակում մեզ զուսպ կպահեինք, վերջիններս մի աբսուրդային զրպարտություն են տարածել:

Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ իրենց հիշողությունն օգտագործում են հովհարային ռեժիմով՝ ընտրովի, սակայն դրանից իրականությունը չի փոխվում:

Ստիպված եմ սույն անձանց հիշեցնել, թե ինչպիսի կոշտ և իրավիճակին արժանի պատասխան է հնչեցրել ինքն անձամբ՝ Գագիկ Ծառուկյանը, որից հետո, թույլ տվեք ասել, որ ցանկացած այլաբովանդակ պատասխան այլևս անիմաստ էր ու անհարկի»:

Անգամ իմաստ չունի Գևորգ Պետրոսյանին բացատրել և առավել ևս համոզել, որ Լևոն Զուրաբյանը կապ չունի   «Չորրորդ իշխանության» խմբագրական քաղաքականության հետ: Իմացողները վաղուց գիտեն, իսկ Գևորգ Պետրոսյանի չտեղեկացված լինելու հետ մի կերպ կհարմարվենք: Այդ անձնավորությունը այնքան բան թերի գիտի, որ թող այս մեկն էլ այդպես մնա: Նրա «ստեղծագործ» հոգին հանկարծ թող չալեկոծվի, որ կան նաև անկախ մարդիկ, որոնք գրելուց և տեսակետ հայտնելուց առաջ ամեն ինչ չեն համաձայնեցնում շեֆերի հետ:

Մենք հասկանում և անգամ ձեր դրության մեջ ենք մտնում: Այնքան եք խաբել Ծառուկյանին, թե նրա միլիոնները, որ ուղղորդվում են մեդիա դաշտ, որևէ արդյունք ունեն, որ դուք էլ եք սկսել հավատալ այդ ստերին: Այնքան եք A4 ֆորմատի թղթի վրա կեղծ գրառումներ և դիտումների մտացածին թվեր տպագրել ու հրամցրել Ծառուկյանին, որ   դուք էլ եք հավատացել հանրային վստահության բարձր մակարդակին:

Խեղճ Ծառուկյանը չունի հանրային վստահության բարձր մակարդակ նաև Գևորգ Պետրոսյանի պատճառով: Վերջինս օրական այնպիսի քանակության անհեթեթ մտքեր է տիրաժավորում, որ ակամայից տուժում է նաև Ծառուկյանի վարկանիշը: Մարդիկ հարց են տալիս՝ ինչու է այդ հիանալի ու ուրախ անձնավորությունն իր կողքին պահում Պետրոսյանի նման մուննաթին:

Ծառուկյանի վարկանիշը նաև տուժում է, երբ Գևորգ Պետրոսյանը իբր փորձում է պաշտպանել նրա պատիվը և   որպես ապացույց դնում է 2015 թվականի փետրվարի 13-ի Ծառուկյանի ելույթի հղումը, որտեղ մասնավորապես կան այսպիսի տողեր.

«Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ»:

Այս տողերի մեջբերումը ոչ այլ ինչ, քան Ծառուկյանին ձեռք առնելու միտում, դժվար է գնահատել: Բոլորը գիտեն, թե այդ տողերը կարդալուց հետո Ծառուկյանն ուր գնաց: Միգուցե հաղթանակ ասելով՝ նկատի ունեն Հաղթանակ   զբոսայգու հարևանությամբ գտնվող Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որտեղ նրան հանրամատչելի  բացատրեցին, որ նա միայն մի տեղ կարող է գնալ՝ իր տուն:

Ինչ վերաբերում է գրառման երկրորդ հատվածում արված պնդմանը, թե 2015 թվականի ցույցերից հետո Լևոն Զուրաբյանը «անհետացավ», ապա Գևորգ Պետրոսյանին իր կարճ քաղաքական կենսագրության ընթացքում այնքան են այստեղից այնտեղ տարել ու բերել, այնքան են մի տեղ մտցրել, հետո հանել, որ կարող էր և չնկատել՝ Լևոն Զուրաբյանը միշտ էլ նույն տեղում է եղել, սկզբում պետականաշինության դժվար ճակատում, իսկ այնուհետև Գևորգ Պետրոսյանի իրական տերերի՝ Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմների դեմ պայքարի առաջին գծերում:

Իրականում այդ դեպքերից հետո անհետացավ ԲՀԿ-ն և ըստ երևույթին այնքան էր զբաղված «բամփվելուց» հետո իր վերքերի բուժմամբ, որ 2015 թվականի փետրվարի 25-ին անգամ չաջակցեց ՀԱԿ-ի հետ միասին նախաձեռնած, Լևոն Զուրաբյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծին՝ բացակայելով ԱԺ նիստից (ահա այդ խայտառակ քվեարկության արդյունքները)։ Եվ եթե ԲՀԿ-ականները մոռացել են, հիշեցնենք նաև, որ հենց Զուրաբյանն էր նախագծի զեկուցողը, որը պահանջեց իր ելույթում իշխանությունների հրաժարականը և հայտարարեց, որ ՀԱԿ-ը միայնակ էլ կշարունակի պայքարը Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ և մարտի 1-ին այնուամենայնիվ, թեկուզ միայնակ կանցկացնի հանրահավաք։ Այդ հանրահավաքում հենց Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը կպայքարի Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման սահմանադրական փոփոխությունների դեմ, իսկ այնուհետև դարձավ սահմանադրական հանրաքվեի «ՈՉ»-ի քարոզարշավի շտաբի պետը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն մինչև «բամփվելը» «ՈՉ»-ի ճամբարում էր, իսկ «բամփվելուց» հետո խոնարհաբար գնաց Սերժ Սարգսյանի հետ «ֆոտոսեսիայի» և սկսեց նույնքան եռանդուն կերպով պաշտպանել Սերժի «Այո»-ն։

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ