«Այ, եղեռնը այ հենց սենց ա եղել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը երեկ՝ ջահերով երթի ժամանակ։ Գիտենք՝ շատերի գլխում է նույն միտքը պտտվում։
Ճի՞շտ է այս դատողությունը։ Մասամբ՝ այո՛։ Սակայն կա գոնե մեկ էական տարբերություն։ Եվ դա հայկական պետությունն է։ Այսինքն՝ 108 տարի առաջ թուրքերը ծրագրել և իրականացրել են ցեղասպանություն Օսմանյան կայսրության սահմաններում։ Մենք կարող ենք, իհարկե, բազմաթիվ փաստեր բերել հայկական վերնախավերի՝ քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների անհեռատեսության, անտարբերության և մորթապաշտության մասին։ Բայց հիմա դա չենք անի, քանի որ այդ վերնախավերը ապրում և գործում էին օտար պետության սահմաններում, օտար պետության օրենքներով։
Այսօր մենք դեռ պետություն ենք։
1991-ին, 1994-ին, 1998-ին կամ նույնիսկ 2018-ին ոչ մեկիս մտքով չէր անցնի այն, ինչ կատարվում է հիմա։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև նորաստեղծ մեր պետությունը դարձավ մեր պաշտպանը։ Հայաստանի և Արցախի հայերը հայկական պետականության վերականգնումից հետո հաղթահարեցին ցեղասպանվածի բարդույթը՝ իրենք իրենց և աշխարհին ապացուցելով, որ կարող են պետություն և հաղթանակ ունենալ։ Թե 1998-ից հետո ինչքան փնթի և անհեռատես եղանք, բազմիցս ենք քննարկել, ուստի այժմ դրա տեղը և ժամանակը չէ։ Որովհետև մեր կյանքը կտրուկ փոխվեց 2020-ի պատերազմից հետո։
Ուրեմն 2020-ի պատերազմից հետո գոնե պետք է պարզ դառնար, որ մեր պետության կառավարիչները բացարձակապես անպետք են իրենց ստանձնած դերի համար։ Պարզ, հստակ էր, որ այս մարդիկ վտանգի տակ են դրել ոչ միայն հայկական Արցախի գոյությունը, այլև հայոց պետությունը։ Եվ այստեղ կրկնենք՝ պետությունն է մեր պաշտպանը։ Հետևաբար երբ պետության ղեկավարը պնդում է, որ տապալել է անվտանգության ոլորտը, ի՞նչ պետք է անի։ Ճիշտ եք, պետք է հեռանա։
Եթե ասենք, որ պետության վերնախավերը սա չէին գիտակցում, կսխալվենք։ Սակայն մեր քաղաքական գործիչները, մտավորականները և գործարարներն իրենց պահեցին գրեթե այնպես, ինչպես դա անում էին Օսմանյան կայսրության հպատակները։
Նիկոլ Փաշինյանի աղետաբեր իշխանության հիմքում ոչ թե այն 680 000 հազար քաղաքացիներն են, որոնք, նախկինների վերադարձից վախեցած, նրան ձայն տվեցին 2021-ին, այլ քաղաքական գործիչները, մտավորականները և գործարարները, որոնց մի մասն առնվազն ընտրեց հարմարվելու ճանապարհը։ Ընդ որում, հարմարվողները կարող են ամենազգայացունց ճառերն ասել, հայհոյել, կծոտել և այլն, սակայն նրանց գործողությունների արդյունքը զրոյական է, որովհետև փողը, այսրոպեական բարեկեցությունը պետությունից ու հայրենիքից բարձր են գնահատում։
Իսկ ի՞նչ պետք է անեին նորմալ վերնախավերը։ Այո՛, պետք է լուծեին իշխանության խնդիրը, որովհետև անիշխանության պայմաններում մենք իսկապես դատապարտված ենք պետություն կորցնելուն, հետևաբար նաև ցեղասպանության։
Դրա համար անհրաժեշտ էր, որ ճղճղան, զգայացունց ճառերից, «անհասկացող» հասարակությանը մեղադրելուց առաջ, հենց իրենք հարմարվողականության և կեղծիքի դասական օրինակներ ցույց չտային։ Առիթներ շատ են եղել։ Դրանց մասին շատ ենք խոսել։
Հիմա փորձենք եզրակացնել։ Օրհասի պահին, այո՛, կարելի է մի կողմ դնել անէական տարաձայնությունները, կարելի է համահայկական զինադադար կնքել և լուծել իշխանություն, ուրեմն պետություն ունենալու խնդիրը։
Ամեն օր խոսելով, Նիկոլ Փաշինյանի հոգեվերլուծությունն ու խայտառակ սխալները ներկայացնելով՝ հարց չի լուծվում։ Ռեալ գործեր են պետք։ Ժամանակ չունենք։
Զարուհի Գաբրիելյան