Իսկական բաստիոնի են բախվել
Նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ցանկանում ենք ասել. «Չե՛նք գրելու»: Լռվել, մնացել ենք մի կետում ու ինչ-որ չի երևում, որ փոփոխությունների մեծ ցանկություն կա վերևներում:
Մարտի 1-ի գործով դատավարությունում Ռ. Քոչարյանի փաստաբանները հերթական միջնորդությունը ներկայացրին Աննա Դանիբեկյանին, ով, որքան հասկանում ենք, դարձել է Քոչարյանին պատասխանատվությունից ազատելու լուրջ բաստիոն: Այնքան լուրջ, որ Ռ. Քոչարյանի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ փաստաբանները պատրաստ էին լայնածավալ հարձակման անցնել դատավորի դեմ և անզգույշ քաշքշել: Այդ ապակե պատով ոչ թե մեղադրյալներին է պետք արգելափակել, այլ փաստաբաններին:
Իմիջիայլոց, վերջերս Երևանի կենտրոնում ամենավերջին մոդելի «Տոյոտա» ամենագնաց տեսանք, որի վարորդը խիստ նման էր Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանին: Մեքենան էլ Հայաստանում «Տոյոտայի» սրահից էր գնված: Եթե դա իսկապես Արամ Օրբելյանն էր, ապա հետաքրքիր եզրակացությունների տեղիք է տալիս, թե ինչպես են վճարվում Քոչարյանի փաստաբանները: Վերջնական կստուգենք այդ փաստը, հետո մեր խոսքը կասենք:
Ոստիկանապետի կամ ոստիկանության դեֆիցիտ
Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանը ոստիկանության ղեկավար չունի: Դա է պատճառը, թե Հայաստանն ընդհանրապես ոստիկանություն չունի, բայց վերջին շաբաթում ոստիկանության բացակայության լուրջ ախտանիշներ են հայտնվել:
Ամբողջ տասը օր է, ինչ հանրությունը հետևում է դրամապանակն ու բանկային քարտերը տաքսի մեքենայի մեջ թողած քաղաքացու պատմությանը: Նրա բանկային քարտերով այդ մեքենայի վարորդը հասցրել էր մի միլիոն դրամի վարկ ձևակերպել, ինչ-որ գործարքներ կատարել, քաղաքացին բողոքել է, դիմում է գրել, ոստիկանություն է հայտնել, ոչ մի բան չեն ձեռնարկել: Եվ միայն ֆեյսբուքյան ստատուսից հետո, որը գրավեց նաև լրատվամիջոցների ուշադրությունը, ոստիկանությունը մի փոքր իրար անցավ: Իսկ «հնարամիտ» վարորդը շարունակում է աջ ու ձախ գրավներ վերցնել, ու ընդհանրապես անհայտ է մնում:
Հաջորդ պատմությունը ներկայացրեց Կարո Եղիկյանը: ՀՀ ՃՈ-ի միջնորդությամբ ԴԱՀԿ-ն իր հաշվին կալանք է դրել: «Այն դեպքում, երբ ես ո՛չ մեքենա ունեմ, ո՛չ վարորդական իրավունք, ո՛չ իմ անունով գրանցված շարժական գույք կա, ո՛չ էլ մեքենա վարել գիտեմ: Ինձ թվում է «գործիս» մեջ նաև գրված է, որ ես եղել եմ ալկոհոլի ազդեցության տակ, անցել եմ կարմիր լույսի «տակով», ինչպես նաև կասկածվում եմ մշտապես նույն կարգավիճակով ղեկին նստելու համար: Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Կալանք-տուգանքի չափը գերազանցում է 150 հազար դրամը: Առաջարկում եմ նաև ավելացնել, որ մեքենան եղել է 3 անվադողով և մեկ անվահեծով, ինչպես նաև վրաերթի եմ ենթարկել փոքրիկ թզուկների մի մեծ խմբի»,- ահա այսպես հումորով է վերաբերվել լուրջ վիճակին Կարոն:
Դաժան կորուստ
Սրանով ոստիկանության ձախորդությունները չեն ավարտվում: Երեկ հայտնի դարձավ, որ դեռևս անհայտ հանգամանքներում, ողբերգական դեպքի թե գազի պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Իհարկե, բոլոր դեպքերում, ցավալի է մարդու մահը, թեկուզ՝ Աշոտ Կարապետյանի: Իսկ վերջինս քոչարյանական ժամանակաշրջանում հայտնի էր ընդդիմադիրների նկատմամբ իր դաժան վերաբերմունքով, ծեծի ու խոշտանգումների պատմություններով, սկսած Գրիշա Վիրաբյանից: Ժամանակին «ՉԻ»-ն նույնիսկ դաժան ոստիկանների վարկանիշ էր հրապարակել, որտեղ Աշոտ Կարապետյանը հայտնվել էր երրորդ տեղում՝ Նվեր Վարդանյանից ու Հովիկ Թամամյանից հետո:
Հետաքրքիր էր, որ համացանցում Աշոտ Կարապետյանի մահվան լուրին հետևած առաջին արձագանքներում այն հարցադրումն էր թևածում, թե արդյոք սա Մարտի 1-ի հետ կապ ունի՞: Այսպես ասենք. քոչարյանական ժամանակաշրջանի՝ ոստիկանության յուրաքանչյուր բարձրաստիճան կամ շարքային աշխատակից Մարտի 1-ի հետ ամեն դեպքում կապ ունի, քանի որ ողջ ոստիկանությունն այդ օրերին բերել էին Երևան՝ ընդդիմության հանրահավաքները ցրելու, ցուցարարներին բռնելու, ծեծելու և քաղմասեր լցնելու համար: Այնպես որ, Աշոտ Կարապետյանի մահը դժվար թե Մարտի 1-ի հետ կապ ունենա, ուղղակի անհնար է լռեցնել այդ օրվա հետ առնչվող բոլոր ոստիկաններին:
«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019