...

Չորս ճակատ ունենք

Չորս ճակատ ունենք

Այսօր Երևանի փողոցներում որ մարդկանց հարցնես, մեծ մասը դժգոհություն կհայտնի վարչապետից: Շատերը կասեն, որ զզվում են Նիկոլից, կլինեն այնպիսիները, որ հուսահատ կասեն՝ էս ի՞նչ բերեց մեր գլխին Նիկոլը:

Բայց էդ նույն մարդկանց մեծ մասը, որ ընդդիմության քայլերին ու հայտարարություններին է հետևում, իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքը ստիպված մի քիչ սրբագրում է: 

Որովհետև ով, օրինակ, երեկ դիտել է Գեղամ Մանուկյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, պիտի ասի՝ այս մարդիկ հայրենիքի փրկությունի՞ց են խոսում: Սրա՞նք են իշխանության այլընտրանքը: Պետրոս Ղազարյանի բազմաթիվ հարցերին մի հատ ռացիոնալ, մի հատիկ տրամաբանված պատասխան չեղավ: Ինչ հարցրեց Պետրոսը, հիմնական պատասխանը հետևյալն էր՝ իշխանությունները վատն են: 

Հասկացանք՝ վատն են, բայց հարց են տալիս՝ դուք ինչո՞վ եք լավը: Որո՞նք են ձեր լուծումները, առաջարկները: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում արցախյան հակամարտության կարգավորումը, ի՞նչ եք անելու: Ոչ մի պատասխան չեղավ: 

Մեծ հաշվով, ի՞նչ պատասխանեն: Պատասխանելու բան ունենային, 20 տարի իշխանություն են եղել, այդ հարցերի պատասխանները տված կլինեին: Արցախյան հակամարտության կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների և այլն... բան չունեն ասելու: Նիկոլը վատն է. սա է բոլոր հարցերի պատասխանը: 

Պետրոսը հարցնում է՝ բա որ հայրենիքը վտանգի տակ է, ինչի՞ մի կես տարի պաուզա տվեցիք, հանրահավաքները բողոքի ակցիաները դադարեցրիք, Գեղամ Մանուկյանն ասում է՝ ո՞նց թե դադարեցրինք, բա, օրինակ, Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ ադրբեջանցի պատվիրակների հետ կապված բողոքի ակցիա արեցինք: Բա խենթանոց չի՞:

Բա չգժվե՞ս, որ ունես այսպիսի իշխանություն, ու այսպիսի իշխանությունն էլ ունի այսպիսի ընդդիմություն: 

Շատերի սիրտն է ցավում ուկրաինացիների համար, որոնք տառապում են պատերազմի բովում, բազմաթիվ զոհեր, փախստականներ: Իսկապես, մեծ դժբախտություն է այս ազգին բաժին հասել:

Բայց ուկրաինացիների թիկունքում գոնե Արևմուտք կա, որը աջակցում, քաջալերում է նրանց. քաղաքականապես, ֆինանսապես, տնտեսապես... Լոնդոնի պատկերասրահը նույնիսկ Դեգայի նկարն է վերանվանում. «Ռուս պարուհիները» դարձրել է «Ուկրաինացի պարուհիները»: 

Մեկի սիրտն էլ մեզ համար ցավեր. մեր վիճակն էլ եսիմ ինչ չի. էս մի կողքը Ադրբեջանն է, մյուս կողքը՝ Թուրքիան, շուրջբոլորս էլ իշխանությունն ու ընդդիմությունն է: Չորս կողմից շրջապատված ենք: Վահան Հովհաննիսյանի ասած՝ հիմա 4 ճակատ ունենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ