Կրկին վերադառնանք ՀՀ Անվտանգության խորհրդի 1998թ․ հունվարյան նիստում արտահայտված «մտքին»։
«Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք», ասել էր Վազգեն Սարգսյանը։
Կրկին պարզաբանենք՝ ինչ էր սա նշանակում։
Իսկ սա նշանակում էր այն, ինչ տեսնում ենք՝ 2020- ի սեպտեմբերից սկսած։
«Արցախը Հայաստան է, և վերջ»,- ճչացող, «հող չտվող» Նիկոլ Փաշինյանը համարեց, որ եթե 2019- ին ստորագրի լավրովյան պլանը, իրեն դավաճան կանվանեն։
Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, որ սեփական ստորագրությունից վախենալու գինը Հայաստանն է։
Եթե 1997- 98 թ․թ․ փոխզիջումը կապահովեր արժանապատիվ խաղաղություն, Հայաստանի տնտեսական զարգացում, ռազմական ներուժի հզորացում և Արցախի հայկականության հարատևություն, ապա ստիպված զիջելու պատճառով այժմ իրական, շատ իրական վտանգի տակ է ոչ միայն մեր պետությունը, այլև հայության գոյությունը սեփական հայրենիքում։
Ինչո՞ւ ենք կրկին սա հիշեցնում։ Որովհետև մեր հանրության մի զգալի հատված դեռ չի հասկացել «չստորագրողի» միֆը։
Պարզաբանենք։ «Չստորագրողը», ավելի ճիշտ՝ «չտվողը» հող տվեց՝ հազարավոր տղաների զոհաբերելով, 2020- ի նոյեմբերի 9- ի գիշերն էլ, այնուամենայնիվ, ստորագրեց կապիտուլյացիայի փաստաթուղթ։
Սակայն այս խայտառակ ջախջախումից հետո էլ «չսոտագրողի» միֆը չմեռավ։ Այն դարձյալ մեզ մատուցվեց ս․թ․ սեպտեմբերի 13- ին։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ցերեկը դիտմամբ թե պատահմամբ խոսում էր փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, իսկ երեկոյան արդեն հերքում էր թե՛ փաստաթղթի գոյությունը, թե՛ ստորագրելու պատրաստակամությունը։ Սակայն էականը վարչապետի տվայտանքները չեն։ Էականը մեր հանրության մի մասի վերաբերմունքն է ստորագրություն կոչվածին։
Այդ օրը շատերն էին իսկապես ինքնաբուխ իջել ԱԺ դարպասների մոտ, որպեսզի թույլ չտան որևէ բան ստորագրել։
Հանգիստ կարող ենք պնդել, որ մի կերպ ազատվեցինք բռնի իշխանափոխությունից կամ քաղաքացիական բախումներից։
Նույն հասարակության մեծ մասը, սակայն, ներեց և այսօր էլ ներում է «հարկադրված լինելով», այսինքն՝ ծանրագույն զոհաբերություններով հայրենիք կորցնելը։ Ներում է մահաբեր ապաշնորհությունը, ներում է անբարոյականությունը։ Այո՛, բացարձակ անբարոյականություն էր և է երկիրը ջախջախման տանելուց հետո սեփական մեղքը չընդունելը և իշխանության մնալը։ Բացարձակ անբարոյականություն և դավաճանություն է սեփական անկարողությունը տեսնելուց հետո կառավարման ղեկը պինդ պահելը։
Մի խոսքով՝ հայ հանրության բազում հիվանդ միֆերից մեկը՝ առանց հարկադրանքի չտալու, չստորագրելու «հերոսությունը», ակնհայտ ապուշության համախտանիշ է։ Սա պետք է հասկանանք, քանի դեռ հայրենիք ունենք։
Զարուհի Գաբրիելյան