...

Չզիջելու գինը զիջումների անկասելի ընթացքն է

Չզիջելու գինը զիջումների անկասելի ընթացքն է

Հայցում ենք ձեր ներողամտությունը, որովհետև մի պահ դարձյալ տեղափոխվելու ենք 1998 թվականի հունվար: Այո՛, չեք սխալվել. դարձյալ մի երկու մեջբերում ենք կարդալու ՀՀ ԱԽ հունվարյան հայտնի նիստից, որ վճռորոշ դեր կատարեց մեր պետության հետագա ընթացքի համար: Քանի որ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հաճախ են անդրադարձել և դեռ անդրադառնալու են, տեսնենք, թե ինչ է ասել Վազգեն Սարգսյանը՝ անշուշտ, արտահայտելով եռյակի ընդհանուր կարծիքը.

1. «Սփյուռք -Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400-500 միլիոն դոլարի օգնություն» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).

2. «Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել։ Մեզ կօգնեն Ռուսաստանը և Իրանը։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից» (Վ. Սարգսյան).

3. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան):

Առաջին և երկրորդ պնդումների պատասխաններին չենք անդրադառնա, քանի որ Հայաստանի 23-ամյա կյանքին քիչ թե շատ տեղյակ մարդը կարող է ինքնուրույն գնահատական տալ: Սակայն հարկ ենք համարում ձեզ ներկայացնել 3-րդ պնդման պատասխանը, որ տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը նույն նիստի ժամանակ.

«Ամենաապշեցուցիչը, սակայն, այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»։ 

23 տարում պարզվեց, որ մեր անցյալի փորձը քիչ էր, և պետք է գար 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ կապիտուլյացիան: Բայց թվում է, դա էլ է քիչ, որովհետև շարունակում ենք մնալ պատրանքների աշխարհում և զիջել:

Սակայն մինչ այդ ունեցել ենք 23-ամյա զիջումների անկասելի ընթացք: Ինչպե՞ս: Ահա այսպես: Հայաստանն ի վիճակի չէր միայնակ լուծելու անվտանգության խնդիրը. սա շատ լավ հասկանում էին թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը: Եվ միակ երկիրը, որ կարող էր մեզ զենք մատակարարել, միակ երկիրը, որի հետ մենք ունենք պայմանագիր՝ փոխադարձ օգնության մասին, Ռուսաստանն է: Ուրեմն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քայլ առ քայլ, բայց անվարան այդ երկրին էին զիջում մեր ինքնիշխանությունը՝ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, հանուն իրենց իշխանության պահպանման: Ինքնամոռաց այս «նվիրվածությունը», նրանց կարծիքով, պետք է դաշնակցին ստիպեր մշտապես պաշտպանել մեր երկրի շահերը, եթե նույնիսկ դրանք հակադրվում էին իր սեփական նպատակներին: Բայց ահա սառնասիրտ ռուսները չգնահատեցին մեր սիրատոչոր զեղումները: Նրանք հանգիստ զենք էին վաճառում Ադրբեջանին, չէին խզում իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ արցախյան խնդրում մշտապես ընդգծում էին, որ հայերը պետք է վերադարձնեն գրավյալ տարածքները: Ի դեպ, սա ոչ միայն Ռուսաստանի դիքորոշումն էր, այլև Արևմուտքի: 

Երկրի ներսում, սակայն, Ռ. Քոոչարյանն ու Ս. Սարգսյանը հանդես էին գալիս հաղթողական ելույթներով, նրանց իշխանության տարիների քարոզչության հիմնական մոտիվը ոչմիթիզականությունն էր: Բա էլ ինչպե՞ս ապացուցեին, որ հերոս են: Արդարության առջև չմեղանչելու համար նշենք, որ դրսում՝ բանակցությունների սեղանի մոտ, դեմ չեն եղել զիջումների, քանի որ չէին կարող այլ բան անել: Եվ հիմա զավեշտական, միաժամանակ նաև ողբերգական է այն, որ երկուսն էլ ձգտում են սահմանազատվել ոչմիթիզականությունից:

Ինքնիշխանության աստիճանական կորուստը պետք է բերեր մի տխուր հանգրվանի, երբ արդեն ստիպված էին լինելու ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Հայաստանի տնտեսական և քաղաքական դիրքերի անխուսափելի թուլացումը թուլացնում էր նաև հենց իրենց իշխանությունը: Երբեմնի դաշնակիցն առանձնապես չէր վստահում Սերժ Սարգսյանին, իսկ Արևմուտքն աջակցում էր 2018-ի իշխանափոխությանը: Ապացույցը տալիս է հենց Սերժ Սարգսյանը՝ խոստովանելով, որ պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ շատ ավելի հզոր ուժերի:

Իսկ 2018-ի մայիսից երկրի ղեկը ստանձնած պատուհասը ավարտին հասցրեց այն խայտառակ գործընթացը, որ սկսվել էր 1998-ից: Այո՛, զիջեցինք, երբ մեզ ստիպեցին: Չափազանց թանկ գին ենք վճարում ագահության, անհեռատեսության և բացառիկ անգրագիտության պատճառով: Զիջումները շարունակվում են:

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ