...

Ծիրանն ու կարտոֆիլը տուժել են

Ծիրանն ու կարտոֆիլը տուժել են

Ցրտահարություն է եղել

Այս գիշեր Արմավիրի մարզում ցրտահարություն է գրանցվել: Վնասվել են ծիրանի այգիները:

Ըստ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության՝ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, իսկ հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ լիներ։

Մարզի որոշ հատվածներում ծիրանենին արդեն պտղակալել է: Այգետերերը «ՉԻ»-ին տեղեկացրեցին, որ ծառերը վնասվել են: Թե ցրտահարության պատճառով քանի տոկոս ծիրանի բերքի կորուստ կլինի, դեռ պարզ չէ: Վնասի չափը կերևա մի քանի օրից:

Այս գիշեր բացասական ջերմաստիճան է գրանցվել Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում: Ամբողջ գիշեր երասխահունցիները չեն քնել: Այգիներում են եղել և փորձել են սպասվող բերքը փրկել ցրտից: Ծիրանը ցրտից պաշտպանելու համար ծխահարել են այգիները: Ցուրտը կարողացել են մի փոքր մեղմել, բայց բաց դաշտի ցանքը հնարավոր չի եղել ոչ մի կերպ պաշտպանել:

Այստեղ ցրտահարությունից տուժել են բանջարաբոստանային մշակաբույսերը: Վաղահաս կարտոֆիլն է վնասվել:

«Բացօթյա կարտոֆիլին ցուրտը խփել է: 8-10 հեկտար վնասվել է: Մոտ 5 հեկտար ցելոֆոնի տակ է եղել ցանած, դրան բան չի եղել: Կարտոֆիլը, սակայն, շուտ վերականգնվող բույս է, միայն պետք է պարարտանյութ տաս: Դա էլ կրկնակի ծախսի հետ է կապված»,- մանրամասնեց համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը:

Ծխահարության ավանդական մեթոդից բացի, գյուղացիները ծառերը ցրտահարությունից պաշտպանելու համար նաև առատ ոռոգում են: Այգեգործները դժգոհում են, որ ոռոգում անելու համար ջուր չեն ունեցել:

Երասխահունում միայն նրանք են այգիները ցրտից պաշտպանելու համար ոռոգել, ովքեր հողամասում սեփական պոմպեր են ունեցել տեղադրված: Ոռոգման ջուրը դեռ չեն տվել: Այս պահին ջրանցքների մաքրման աշխատանքներն են կատարվում, այգիներին ջուր կտան ապրիլի 15-ին:

Արմեն Ավետիսյանի մոտավոր հաշվարկով՝ ցրտահարության պատճառով այս տարի իրենց համայնքի բերքը 10-15 տոկոսով պակաս կլինի:

Լրացուցիչ ծախսի տակ են ընկել

Հովտամեջում դեռ պարզ չէ, թե քանի տոկոսով է ծիրանը վնասվել: Ասում են, որ առանց այն էլ տևական անձրևների պատճառով բերքատվության ցուցանիշը նվազել է:

Գյուղում զարգացած է հողագործությունը: Հողերի մեծ մասը ջերմոցներն են զբաղեցնում:

Հովտամեջցիների խոսքով՝ ցրտի պատճառով լրացուցիչ ծախսի տակ են ընկել: Բույսերը ցրտից պաշտպանելու համար ստիպված երկու օր է՝ գիշեր ու ցերեկ ջերմոցը ջեռուցում են:

Բայց միայն գազ չեն օգտագործել: Ջերմոցում բույսերի մոտ նաև մոմեր են վառել: Տնտեսական խանութների մի մասը փակ է եղել, հողագործները մի կերպ են մոմեր գտել և այն էլ՝ բարձր գներով:

«Ելակի ջերմոցում մոմ են դրել: Մոմ կա 30 դրամով են առել, 50 դրամով, մոմ էլ կա 70-80 դրամ են տվել: Դե պատկերացրեք, թե մի ջերմոցում ինչքան մոմ պետք կգա: Ցելոֆոն էլ են առել, որ կարկասների ծածկը մի 2 շերտով ավելացնեն: Ամեն մեկը մի 20000-25000 դրամի փող էլ էդտեղ են ընկել»,- ներկայացրեց Հովտամեջի բնակիչ Արմեն Սարգսյանը:

Վնասը ճշտում են

Բաղրամյան ու Ջանֆիդա գյուղերում բոլորը դեռ դաշտերում ու այգիներում են, սպասում են՝ արևը լավ տաքացնի, որ տեսնեն՝ ցուրտն ինչքանով է վնաս hասցրել խաղողի, դեղձի, սալորի բերքին:

Իսկ Արգինա համայնքում արդեն երկրորդ գիշերն է ցրտահարություն լինում: Այստեղ 270 հեկտար ծիրանի այգի կա:

Այս գիշեր հողի մակերևույթին -5 աստիճան է ցուրտ եղել, նախորդ գիշեր՝ -6:  

«Շատ վատ ժամանակ ցուրտը եղավ: Հիմա ստույգ չեմ կարող ասել, բայց նախնական հաշվարկով, մոտ 60-70 տոկոսով վնասվել է ծիրանը»,- նշեց համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը:

Արգինայում գյուղացիները ցրտահարության համար ապահովագրություն չեն կատարել: Միայն կարկուտ ռիսկի համար են ապահովագրական պայմանագրեր կնքել:

Գիշերն Արմավիրի մարզում օդում միջինացված տվյալներով գրանցվել է -1- -1,5 աստիճան ցուրտ, իսկ հողի մակերևույթին՝ -2- -3 աստիճան: Մարզի առանձին համայքներում, սակայն ավելի ցածր ջերմաստիճան է եղել:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի խոսքով՝ այս պահի դրությամբ վնասվել են կարտոֆիլի ցանքատարածությունները և ծիրանենիները:

«Ծառերի մի մասը ծաղկած են, մյուսների պտուղներն արդեն կան: Ցուրտը վնասներ հասցրել է, բերքատվության ցուցանիշի նվազում կունենանք: Տվյալները դեռ ճշտվում են և հաշվարկվում»,- հայտնեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Մի քանի օրից արդեն Արմավիրում պարզ կլինի ցրտահարության հասցրած վնասների չափը:

Իսկ Արարատի մարզից լուրերն առայժմ հուսադրող են:

Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ ցրտահարության վերաբերյալ ահազանգ չունեն:

Ցածր՝ -1 աստիճան ցուրտ է գրանցվել միայն Ուրցաձոր համայնքում: Վնասներ, սակայն, գյուղատնտեսությանը չի հասցրել:

Այս գիշեր գրանցված ցրտից գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել՝ կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս գիշեր գյուղատնտեսները դեռ պետք է զգույշ լինեն՝ ցրտահարության վտանգը պահպանվում է:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2155 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ