...

Ցորեն քիչ են ցանել, բերքատվությունն էլ բարձր չէ

Ցորեն քիչ են ցանել, բերքատվությունն էլ բարձր չէ

Պետությունը կսուբսիդավորի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում կոմբայնի վրա վերջին աշխատանքներն են կատարում՝ տեխնիկան գործի են դնում: Մեքենան արդեն պատրաստ է արտ մտնելու. մոտ 10 օրից ցորենը կհնձեն:

Ցորենի բերքն այս տարի վատը չէ: Թեև մարզի մի քանի համայնքում այս տարի կարկուտ եկավ, բայց հացահատիկի ցանքատարածություններին զգալի վնաս չի հասցվել: Եթե առաջիկայում էլ բնությունն անակնկալ չմատուցի, կհասցնեն բերքը դաշտից տուն բերել:

«Հեկտարից միջինը 45 ցենտներ ցորեն կլինի: Դա նորմալ՝ միջին բերք է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Բայց այս տարի հողերի միայն մի մասում են ցորեն ցանել: Բերրի հողեր ունեն, որոնք անմշակ են մնացել ցորենի սերմացու չլինելու պատճառով:

Աշնանն արդեն ցորեն շատ կցանեն՝ շնորհիվ ցորենի արտադրության պետական նոր ծրագրի:

Հաստատվել է աշնանացան ցորենի արտադրությունը խթանող պետական աջակցության պիլոտային ծրագիրը:
Նախատեսվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող աշնանացան ցորենի էլիտա 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

Սուբսիդավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։

1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Իսկ սա կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով:

Ըստ վիճակագրության՝ տարեկան 250 000 տոննայից ավել ցորեն ենք ներմուծում: Բացը կարող ենք լրացնել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության այս պիլոտային ծրագրի միջոցով: Պետությունը 1-2 տարի կօգնի ֆերմերին՝ ցորենի էլիտար սերմացու գնելու հարցում:

Հացահատիկի ցանքատարածությունները կավելանան

Արծրունի Իգիթյանի խոսքով՝ ծրագիրը սպասված է: Վերջին տարիներին անընդհատ նման ծրագիր են առաջարկել պետությանը, այսօր արդեն կարծես սայլը տեղից շարժվում է:

Հիշեցնում է՝ մի քանի տարի առաջ նման ծրագիր կար, կարողանում էին լավ ցորեն ստանալ:
Շիրակը հանրապետության համար հացահատիկ ապահովող հիմնական մարզն է:

Ֆերմերներն ու մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ ամենաքիչը 1000 հեկտարով ցորենի ցանքատարածությունները կավելանան:

Այս տարի, սակայն, նախորդի համեմատ ավելի քիչ են հացահատիկ մշակել: Պատճառը սերմի բացակայությունն է եղել:

«Ծրագրի մասին, որ ժողովուրդը լսեց, արդեն հողում ցանքի նախնական աշխատանքները կատարում են: Հենց հիմա վարի աշխատանքներ են իրականացնում: Ծրագրից օգտվելու համար շատերն են դիմել: Մոտավորապես կարելի է կանխատեսել, որ նախորդ տարվա համեմատ 200 000 հեկտարի չափ ցանք կունենանք: Հացահատիկի ցանքը մոտ 20 000 հեկտարին կմոտենա: Մեր ամենալավ ցուցանիշը եղել է մոտ 24 000 հա»,- իր կանխատեսումները ներկայացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Այս տարի Շիրակում ցորենի ցանքատարածությունները 18 000 հեկտար են կազմել, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է: Բերքատվության ցուցանիշն էլ բարձր չէ:

Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով՝ միջին բերք են ստացել: Ջրովի հողատարածքից մեկ հեկտարից շուրջ 30 ցենտներ ցորեն կհավաքեն, իսկ անջրդի արտերից՝ 20 ցենտներ:

«Գարնանը սերմացուի պակաս կար: Կառավարությունը սերմացուի տրամադրման ծրագիրը կասեցրել էր: Հիմա նոր ծրագիր են առաջարկում: Ցորենի էլիտար տեսակի սերմացուի մեկ կիլոգրամի արժեքը 200-220 դրամ է, բայց 70 դրամը պետությունը կսուբսիդավորի, մոտ 150 դրամն էլ շահառուն կտա: Առաջին վերարտադրության ցորենի մեկ կիլոգրամի գինը կլինի 150-160 դրամ: Սերմը կարող են ներկրել Ռուսսատանի Դաշնությունից, Ուկրաինայից»,- նշեց նա:

Մովսես Մանուկյանը շտապեց տեղեկացնել, որ կարտոֆիլի բերքատվության աննախադեպ ցուցանիշ կլինի: Եթե եղանակն այս մի քանի ամիսն էլ հողագործի օգտին եղավ, արտակարգ կարտոֆիլ կլինի:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ