...

Ցուցարարներ, ոստիկանություն և Լիդիան, որտե՞ղ է կառավարությունը

Ցուցարարներ, ոստիկանություն և Լիդիան, որտե՞ղ է կառավարությունը

Երեկվանից Ամուլսարում կրկին լարված է: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, ոստիկանների և Լիդիանի պահնորդական ծառայության աշխատակիցների միջև:

Բայց կառավարությունը լուռ է, կարծես համազգային կարևորության այս խնդիրը պետք է լուծի ոստիկանությունը: Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենամեծ ջրբաժանն ունեցող հարցի վերաբերյալ երեկվանից հանդես եկած ամենաբարձրաստիճան պաշտոնյան Վայքի ոստիկանության պետն է:

Եվ սա հեղափոխության պարտության ամենամեծ ապացույցն է: Անգամ մի կողմ թողնենք իշխանությունների հավաստիացումները, թե սրանից հետո ամեն ինչ լինելու է թափանցիկ: Անգամ մի կողմ թողնենք, որ հայտնի փորձաքննությունից հետո խնդրահարույց հարցերի քանակն ավելացավ և ոչ թե պակասեց: Հեղափոխության միջոցով իշխանության եկած և այնուհետև 70 տոկոսից ավել լեգիտիմություն ստացած ուժը իրավունք չունի վախկոտություն դրսևորել և ձայն չհանել՝ կարծես սպասելով, թե կողմերից որը կհաղթի, որ հենց այդ կողմն էլ բռնի:

Եթե իշխանությունն է դաբրո տվել Լիդիանին՝ տեղափոխելու տնակները, ապա պետք է քաջություն դրսևորի և հայտարարի՝ որոշել ենք բացել հանքը, որովհետև այդպես է պահանջում Հայաստանի շահը, այդպիսին են մեր պատկերացումները Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ: Եթե Լիդիանը ինքնաիրավչություն է ցուցաբերել, պետք է հրապարակային դատապարտել նրա քայլերը և պատասխանատվության ենթարկել:
Հակառակ պարագայում կառավարության, որպես ինստիտուտի անհրաժեշտությունը դառնում է ավելորդ: Ամուլսարում երեկ ծավալված իրադարձությունները հատուկ են աֆրիկյան որևէ պետության իրողություններին, որտեղ ժողովուրդը միայնակ պայքարում է օտարերկրյա հանքահենների դեմ, քանի որ չունի պատասխանատու և իր ուժերին վստահ իշխանություն:

Ամեն ինչի վերաբերյալ եթեր մտնող, պատմող, վերլուծող և պարզաբանող վարչապետը և կառավարության անդամները իրավունք չունեն մի ամբողջ օր ձայն չհանել Ամուլսարի վերաբերյալ: Այդպիսի ձեռագիր ուներ նախկին վարչակարգը, որը, ինչպես հայտնի է, մերժվեց: Ժողովրդականություն չենթադրող որոշումը պաշտպանելը շատ ավելի հարգանքի է արժանի, քան հայտնի կենդանու դիրքը ընդունելը և ձևացնելը, թե խնդիրը մեզ չի վերաբերում՝ թող ոստիկանությունը, ցուցարարները և Լիդիանը կռվեն և որոշեն՝ ով է իրենցից ավելի ուժեղ: Եվ միայն դրանից հետո կառավարությունը կասի իր տղամարդու խոսքը:

Ինչ վերաբերում է Ամուլսարը հիմա բացելու ժամկետներին: Ամենևին պետք չէ ոգևորվել ցուցարարների կողմից մի քանի սադրիչների հեռացնելու փաստով: Ամուլսարը հիմա բացելու պես նվեր ռևանշիստներին ոչ մեկը չէր կարող անել: Բացառությունը Հայաստանի հեղափոխական իշխանությունն է: Նրանք իսկապես թագավորական նվեր են մատուցում հայտնի ուժերին, որի առջև խամրում է անգամ դատաիրավական համակարգը բարդակ վիճակում թողնելու իրողությունը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ