...

Իշխանությունը կորցնում է միակ իրական դաշնակցին և դառնում խոցելի

Իշխանությունը կորցնում է միակ իրական դաշնակցին և դառնում խոցելի

Հայկական ժողովրդավարությունը դիլեմայի առջև է՝ վստահե՞լ Ամուլսարի ճակատագիրն անգրագետ Պողոսին, թե՞ ոչ: Հիշեցնենք՝ «անգրագետ Պողոսը» հավաքական կերպար է, որը ցանկանում է մասնակցել Ամուլսարի խնդրի քննարկմանը և նրա վերաբերյալ որոշումներ ընդունելուն, բայց չի հասկանում ցիանիդից, դրենաժից ու արբիտրաժից: «Անգրագետ Պողոսի» հիմնադիր հայրն է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Բայց շատ արագ «Իմ Քայլը» խմբակցության մի քանի տասնյակ պատգամավորներ հայտ ներկայացրեցին դառնալու «անգրագետ Պողոսի» համահիմնադիր հայրեր, երբ պաշտպանեցին Թունյանի գնահատականները և մոտեցումները: Կառավարության կողմից ևս որևէ կշտամբանքի խոսք չհնչեց Թունյանի հասցեին: Այսպիսով կարելի է փաստել՝ «անգրագետ Պողոսի» վերաբերյալ Թունյանի գնահատականները իշխող ուժը նույնպես ամբողջովին կիսում է: 

Փորձելով դուրս գալ Ամուլսարում հարցի պատճառով ստեղծված փակուղուց՝ կառավարությունը հայտնվել է էլ ավելի վտանգավոր հանգրվանում: Այն է՝ քաղաքական մեկուսացման մեջ: Գնահատականը չափազանցված չէ, քանի որ գործող իշխանությունը ինքն էր մեկ ու կես տարի իրեն անվանում «ժողովրդի իշխանություն»: «Ժողովրդի իշխանությունն» էր, որ հրապարակում ընտրում էր վարչապետ, իսկ կես տարի հետո արձակում խորհրդարանը: Նույն ժողովրդի իշխանության անունից էր, որ փակվում էին դատարանների մուտքերը: Բայց չէ՞ որ «անգրագետ Պողոսը» չէր ուսումնասիրել Հին Հունաստանի պատմությունը և տեղյակ չէր Ագորայից: Հաստատապես տեղյակ չէր հռոմեական և անգլոսաքսոնական իրավունքից: 

Անցումային արդարադատության ու վեթինգի մասով պարզապես արժի լռել: Գործող իշխանությունն ամեն անգամ հայտարարում է, որ չի վայելում արտաքին ուժերից որևէ մեկի աջակցությունը, որևէ մեկի պրոյեկտը չէ: Իշխանությունը չի վայելում օլիգարխիայի աջակցությունը: Իշխանությունը, չնայած առատորեն շնորհված նոր գեներալական ուսադիրներին, չի վայելում բանակի վերնախավի աջակցությունը: Քանի որ բարձր սպայական անձնակազմի եկամուտները առաջվանը չեն: Իշխանությունը չի վայելում դատական իշխանության աջակցությունը: Իշխանությունը չի վայելում քրեական աշխարհի լիդերների աջակցությունը: Իշխանությունը չի վայելում քաղաքական ուժերի աջակցությունը, քանի որ մեծ մասամբ հաճախորդների վերածված քաղաքական ուժերն անվճար չեն աջակցում: Մեդիայի մասով պատկերն է՛լ ավելի տխուր է: Եվ գործող իշխանության միակ դաշնակիցը ժողովուրդն էր, որ հիմա «Իմ Քայլի» պատգամավորի թեթև ձեռքով կոչվում է «անգրագետ Պողոս»:  

Զրկվելով «անգրագետ Պողոսի» աջակցությունից՝ իշխանությունը զրկվում է իր միակ և բնական դաշնակցից: «Անգրագետ Պողոսը» մինչև հիմա համոզված էր, որ իշխանության որոշումների ընդունման ակունքներում ինքն է, սակայն այժմ նրան հեռացնում են «պաշտոնից» կոմպետենտ չլինելու պատճառաբանությամբ: Աշխատանքից ազատելու պատճառաբանությունների մեջ սա առավել վիրավորական ձևակերպումն է: Մինչ այժմ վերոհիշյալ ռիսկերը (աջակցությունների բացակայությունները) կառավարելի էին, քանի որ կար «անգրագետ Պողոսների» անվերապահ աջակցությունը: Բայց այժմ դրանք կարող են դառնալ խիստ ռիսկային՝ հաշվի առնելով «անգրագետ Պողոսների» առնվազն մի մասի ապատիան և մյուս կողմից հեղաշրջումներ անելու նախկին ռեժիմի կուտակած հարուստ փորձը:

Արիս Վաղարշակյան
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ