...

Խմբակցությունը լքողները մեկ առաքելություն ունեն

Խմբակցությունը լքողները մեկ առաքելություն ունեն

Հայաստանում հրաժարականների շքերթ է: Հրաժարականներ են տալիս նախարարներ, փոխնախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Բայց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա առանցքային նշանակություն է ունենալու պատգամավորների կեցվածքը, ճամբարափոխությունը կամ նման այլ վարքագիծը:

Այն, որ Փաշինյանը շատ խարխուլ թիմ էր հավաքել, պարզ էր անգամ մինչև պարտությունը: Շատերն էին նշում, որ խմբակցությունից մի քանի տասնյակը շատ արագ լքելու են իշխող թիմը առաջին իսկ վտանգի կամ ավելի ճիշտ Փաշինյանի դիրքերի թուլացման դեպքում:

Բայց անգամ սա արդեն էական չէ: Էական է, թե ինչպես են իրենց պահելու թիմը լքածները: Այո, հնարավոր է, որ իքս պատգամավորը այլևս չի ցանկանում մաս կազմել պատերազմը տանուլ տված թիմին՝ անկախ նրանից, դա տեղի է ունեցել դավաճանության, թե ռազմավարական սխալների պատճառով:

Այս պահին կարող է անգամ ընդունելի լինել պատգամավորի հայտարարությունը առ այն, որ ինքը լքում է խմբակցությունը, բայց չի հանձնում մանդատը: Լուրջ վերապահումներ կարող են լինել այս մասով, բայց պատերազմն էլ լուրջ սրբագրումներ է մտցրել հանրային ընկալումների մեջ:

Այս առումով չափազանց կարևոր է, թե ինչպես են խմբակցությունը լքող պատգամավորները բացատրում իրենց քայլի դրդապատճառները: Օրինակ՝ լքում եմ խմբակցությունը, բայց չեմ հանձնում մանդատը, որպեսզի զբաղվեմ այս կամ այն սոցիալական խմբի խնդիրներով, այնքան էլ արժանահավատ չեն հնչում: Իսկ ավելի ճշգրիտ՝ բացարձակ արժանահավատ չեն:

Իշխող խմբակցությունը լքողները պետք է մի գործառույթ հանձն առնեն: Այն է՝ աջակցեն իշխանությանը կամ ընդդիմությանը անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագիրը իրականացնելու մեջ: Մնացած բոլոր ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում: Միայն նոր ընտրված, ժողովրդի քվեն ստացած իշխանությունն է ընդունակ դիմագրավելու Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին:

Իսկ տարատեսակ կառույցների ստեղծմանը աջակցելը, նրանց ստեղծման օգտին քվեարկելը նշանակում է մի բան՝ աջակցել հեղաշրջման կազմակերպմանը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ