Խառը ժամանակներ են՝ ով չի ալարում, ինչ-որ մեկի հրաժարականն է պահանջում: Ընդհանրապես հիմա կարելի ասել՝ եթե գոնե մեկի հրաժարականը չես պահանջում, ուրեմն հայ չես:
Ծառուկյանը (համենայնդեպս մինչև վերջերս) պահանջում է ամբողջ կառավարության հրաժարականը, Վանեցյանն իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, Վրաստանից վտարված Չախալյանը, «Լուսավոր Հայաստանը» և դաշնակները ԿԳՍՄ նախարարի հրաժարականն են պահանջում, Միքայել Մինասյանի ադեպտները՝ Արսեն Թորոսյանի, ազգի գենոֆոնդով մտահոգվածները՝ Զարեհ Սինանյանի, բնապահպանները և կրկին Մինասյանի ադեպտները՝ Հայկ Մարությանի, և այդպես շարունակ:
Խնդիրը հրաժարականներ պահանջելու մեջ չէ, ի վերջո դրանց ցանկում կան նաև հիմնավոր պահանջներ: Խնդիրը իշխանության և մասնավորապես խորհրդարանական մեծամասնության ինֆանտիլ արձագանքի մեջ է:
Հայաստանի պատմության ամենամեծ իշխանական խմբակցությունը մատը մատին չի խփում պաշտպանելու իր կառավարության առանձին անդամներին:
Այս առումով նրանք պետք է լուրջ դասընթացներ անցնեն հանրապետականների մոտ: Ամբողջ կառավարությունը վերից վար կոռումպացված էր և ձախողել էր ամեն հնարավորը, բայց Աշոտյանը, Շարմազանովը, Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը և անգամ Շմայսը այնպես էին թիկունք կանգնում իրենց թիմակիցներին, որ կարող էր միայն նախանձ առաջացնել:
Գործող կառավարությունը չունի նախորդի հանցավոր հետագիծը, նախարարները Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան և Հովիկ Աբրահամյան չեն, սակայն պատգամավորները, որոնք իրենց պետք է պահեն թիմակցի պես, չեն ցանկանում իրենց անցավ գլուխը դնել գլխացավանքի տակ և հակադարձել կառավարության հասցեին հնչող քննադատություններին կամ նրա գործունեությանը առնչվող մանիպուլյացիաներին: Սոցիալական ցանցերում, որտեղ ձևավորվում է հասարակական կարծիքը, նրանց ներկայությունը մոտ է զրոյին: Մեկ-մեկ իրենց ծանր տեղը թեթևացնում են և լուսանկար են հրապարակում կամ էլ կիսվում են, որ zoom կոնֆերանսի միջոցով մասնակցել են այս կամ այն միջազգային հավաքին:
Բացառություն են Հովիկ Աղազարյանը և Սոֆյա Հովսեփյանը, որոնք թերևս ճիշտ կանեին հետևեին մնացածին և ձայն չհանեին, քանի որ թիմին ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ:
Համախոհների թիմ ստեղծելը քաղաքական առաջնորդի առաջնահերթություններից է: Քաղաքական պայքարի փորձից զուրկ մարդկանց այս քանակով հավաքելը հենց այսպիսի տխուր պատկերի պետք է հանգեցներ:
Արիս Վաղարշակյան